Գյումրեցիները դադարեցրին պայքարը. սպասում են ԱԺ-ի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՝ երեկվանից Գյումրիի վաճառականները ցույց էին անում՝ բողոքելով «Շրջանառության մասին» նոր օրենքի դեմ: Բողոքի ակցիան նոր թափ ստացավ այսօր առավոտյան, որի ընթացքում գյումրեցիները պահանջեցին Շիրակի մարզի պատգամավորներին ներկայանալ իրենց, այլապես պահանջում են նրանց բոլորի՝ իրենց լեզվով ասած՝ Սուքոյի, Բուռնաշի, Հովոյի, Արմոյի հրաժարականները:

Երեկ մեզ հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ այսօր փակելու էին հանրապետական նշանակություն ունեցող մայրուղին՝ Երևանյան խճուղին, սակայն առավոտյան մտափոխվել են, կրկին փակել էին Շահումյան փողոցն իր ողջ երկայնքով:
Նշենք, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ցուցարարների կողքին էին ՀԱԿ-ի եւ Ժառանգության ներկայացուցիչները:

Ցուցարարներին թե՛ երեկ, թե՛ այսօր կառավարությունից ոչ ոք չներկայացավ, միայն ժամը 12-ի սահմաններում ներկայացավ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ սփոփիչ լուրով փորձեց հանգստացնել առևտրականներին:

Պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում որոշվել է խորհրդակցություն հրավիրել ԱԺ-ում եւ առաջարկել քննարկել իրենց կողմից առաջարկած Շրջանառության մասին նոր օրենքի փոփոխությունը: Պատգամավորը նաև շեշտեց՝ մերժվելու դեպքում իրենք կհրավիրեն հերթական արտահերթ նիստը:

Մարտուն Գրիգորյանին այդքանով կարծես հաջողվեց մեղմել ցուցարարների վրդովմունքը, եւ արդեն ժամը 14-ի դրությամբ վաճառականները ցրվեցին՝ սպասելով ԱԺ-ի նոր որոշմանը:

Արևիկ Հակոբյան




Լրահոս