ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-Ն ԷՐ ՊԱՐՏԱԴՐԵ՞Լ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼ

Հասարակության լայն շերտերի կողմից ընդգծված բացասական ընկալում ունեցող Սուրեն Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանն, ըստ էության, հրապարակավ հայտարարեց, որ թքած ունի հասարակական կարծիքի վրա եւ որեւէ մեկի քննադատությունն իր համար գրոշի արժեք չունի: Իսկ ինչու հենց երեկ: Չէ՞ որ ոչ իշխանական եռյակը մարզային իր առաջին հանդիպումն էր անցկացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա՝ Կարո Գուլոյանի կողմից կառավարվող Աբովյան քաղաքում: Թերեւս պատահական չէր, որ ՀՀ կառավարությանն այդ որոշումն ընդունելու պարտադրանքով Ս. Սարգսյանը եռյակին խոսելու բուռն թեմա տվեց, որպեսզի հասկանա՝ որքանո՞վ են նրանք պատրաստ քննադատելու ՀՀ վարչապետին: Այդ քայլով Սերժ Սարգսյանն, ըստ էության, «ոչնչացրեց» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով եռյակի լոկոմոտիվ ԲՀԿ-ի սիրելին է համարվում:

 

 

 

Արդեն երկու օր է, ինչ հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկում են ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած Սերժ Սարգսյանի խոսքերը եւ պետք է խոստովանել, որ այս անգամ քննադատելու տեղ Ս. Սարգսյանը քիչ ուներ: Բայց, այնուամենայնիվ, քանի դեռ կողմերը հանդես չեն եկել պարզաբանմամբ, մեկ հարց մնում է անպատասխան. ինչո՞ւ Ս. Սարգսյանը 5 տարի անց որոշեց խոսել հայ-թուրքական արձանագրություններում առկա նախապայմանների մասին, ինչը հերքվում է այսքան ժամանակ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամները Ս. Սարգսյանին հասկացրել են, որ եթե ցանկանում է լարված իրավիճակներում ՀՅԴ-ի աջակցությունը ստանալ, ապա պետք է հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչի հայկական կողմի ստորագրությունը (որպեսզի Սփյուռքն էլի չբարկանա ՀՅԴ-ի վրա): Չի բացառվում, որ նաեւ այդ պատճառով Սերժ Սարգսյանն առայժմ խոսքերով «գրողի ծոցն» ուղարկեց դրանք: Այս լուրերը երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հրաժարվեց մեկնաբանել:

 

 

 

Ճակատագրական դժբախտությունները չեն շրջանցում գործող իշխանություններին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության նոր՝ Վաղարշյան փողոցի վրա գտնվող շենքի նկուղը երեկ ջուր էր լցվել: Այս իրավիճակը հետաքրքիր էր այնքանով, որ նախկինում ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործունեություն ծավալող ՀՔԾ-ն վաղուց իր վարույթում գտնվող եւ գտնված գործերի հատորները տարել եւ խնամքով դասավորել էր նոր մասնաշենքի նկուղում: Վնասե՞լ է արդյոք նկուղում լցված ջուրը, օրինակ, Մարտի 1-ի արյունահեղության առիթով հարուցված քրեական գործի բազմաթիվ հատորները: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՔԾ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը պատասխանեց, թե կենցաղային խնդիր է եղել ընդամենը, ոչինչ պետք չէ փնտրել:

 

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է հոկտեմբերի 5-ին համաժողով անել կամ մեծ մամլո ասուլիս հրավիրել՝ ներկայացնելու իրենց կողմից ստեղծված հրամանատարների դաշինքի ծրագրերն ու անելիքների հաջորդականությունը: Իսկ ո՞րն է ազատամարտիկների այս միության նպատակը: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունը մտադիր է մի մեծ դաշինք ձեւավորել, որպեսզի հոկտեմբերի 10-ին մեծ շուքով միանան Ազատության հարապարակում կայանալիք ոչ իշխանական եռյակի կազմակերպած համապետական հանրահավաքին: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման նպատակ չկա. «Եթե կողքից ինչ-որ բաներ են ասում, դա դեռ չի նշանակում, որ այդպիսի նպատակ ունենք: Բայց չեմ կարող ասել, որ չի կարող այդպիսի բան լինել: Չգիտեմ, իրավիճակը ցույց կտա: Այս պահի դրությամբ նման որոշում չենք կայացրել»:

 

 

ՄԱԽԱԹԸ` ՊԱՐԿՈՒՄ

ՀՀ արտգործնախարարությունը տեւական ժամանակ փակ ձեւաչափով ընթացող բանակցությունների արդյունքում կազմված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը հանրայնացնելու ավելի լավ ձեւ չի գտել, քան այն «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրելը, ընդ որում` ռուսերենով:
Սա առավել քան տարակուսելի է, քանզի ստացվում է, որ այս կարեւորագույն պայմանագրին ծանոթանալու համար լրատվամիջոցները եւ ՀՀ քաղաքացիները պետք է այցելեն ոչ թե ՀՀ ԱԳՆ կայքէջ, այլեւ վստահեն մի հասարակական կազմակերպության մատուցած տեղեկատվությանը: Կասկածի տակ չդնելով այդ կամ, առհասարակ, որեւէ Հ/Կ-ի գործունեության ազնվությունը (իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ հետեւողականությունը` պայմանագրի հրապարակման ուղղությամբ, հատուկ ողջունելով) նկատենք, որ ԱԳՆ-ի նման գործելաոճը պարզապես անթույլատրելի է պետական, ինստիտուցիոնալ տեսանկյունից:
Ինչեւէ. հարկադրված լինելով հիմք ընդունել նշված ձեւաչափով եւ ոչ հայերենով ներկայացված պայմանագիրը, վերջնականորեն համոզվեցինք, որ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի համար սահմանված արտոնությունները, մեղմ ասած, սպասվածից քիչ են, եթե չասենք` իսպառ բացակայում են: Հենց նույն ավտոմեքենաների ներկրման` այնքան չարչրկված հարցի հետ կապված, պայմանագրի հրապարակված նախագծում ամրագրված է ոչ թե Սերժ Սարգսյանի ասած` հինգ կամ տասը տարին, այլեւ նվազագույն` երեք տարվա շեմը:
Թեեւ` երեկ հրապարակված պայմանագրի նախագծի վերաբերյալ ավելի հիմնավոր կարծիք հայտնելու համար հարկ է այն ուսումնասիրել մանրամասն եւ մասնագիտորեն: Սակայն ողջ խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանի հանրությունն ու քաղաքական դաշտը` այդ թվում եւ` իշխանական, զրկված են եղել նման հնարավորությունից, եւ պայմանագրի` նախանշված ստորագրումից ընդամենը մի քանի օր առաջ արվելիք վերլուծություններն ու եզրակացությունները ճաշից հետո մանանեխի նման կլինեն:
Եվ հենց այս իմաստով ՀՀ ԱԳՆ-ն եւ բոլոր այն գերատեսչությունները, որոնք ներգրավված էին այս պայմանագրի մշակման գործում, իրենց առաքելությունը փայլուն կատարեցին: Այլ բան է, որ անգամ ոչ իշխանական քաղաքական ուժերն այդ գործում նրանց խանգարելու որեւէ փորձ չարեցին, եւ այդ պարտականությունը հերթական անգամ մնաց լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների վրա, որոնցից «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, ի վերջո, հաջողեց` դատական ատյաններին դիմելու գնով:
Իսկ լրատվամիջոցներն իրենց ամենօրյա աշխատանքի գերարագ ռիթմում ստիպված են հանդուրժել ԱԳՆ չինովնիկների խայտառակ գործելաոճը, երբ անգամ ամենահրատապ եւ կարեւորագույն հարցերի դեպքում նրանք հնչեցնում են գրավոր դիմելու պահանջ` ասելիքի բացակայությունը առժամանակ քողարկելու ապարդյուն մղումով:




Լրահոս