ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԵՍԱՆԵՐԻ ԵՐԿԻՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ, ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ԱԺ երեք ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջին մարզային հանդիպումը բնակիչների հետ: Հատկանշական էր, որ առաջին հանդիպումը կայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «տարածք»-ում, որի քաղաքապետն էլ նրա փեսան է: Աբովյան քաղաքի հրապարակում ծածանվում էր ՀՀ եռագույնը, ԲՀԿ դրոշը, իսկ մարդիկ էլ հրապարակ էին եկել հանրահավաքի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ: Ի սկզբանե նշենք, որ եռյակի առաջնորդները չկային:

Հայրենասիրական երգերի հնչյունների ներքո «եռյակի» անդամները ողջունում էին թե՛ միմյանց, թե՛ իրենց դիմավորելու շտապող Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: ԲՀԿ առաջնորդի փեսան հանրահավաքի ամենաակտիվ մասնակիցներից մեկն էր: Նա աջ ու ձախ հրահանգներ էր տալիս իր մարդկանց, բղավում էր աշխատակիցների վրա ու այդկերպ փորձում կարգ ու կանոն սահմանել միջոցառման ողջ ընթացքում: Ակցիայի բազմամարդ լինելը նրա սրտով էր. աշխատանքը ջուրը չէր գնացել, սակայն հանրահավաքի դրոշների քանակը՝ ոչ այնքան: Ժամանակ առ ժամանակ նա իր կողքը կանգնած անձանց հետ զրուցելիս կրկնում էր. «Բայց ոնց որ դրոշները քիչ են»: Ժամանակի ընթացքում Գուլոյանի անհանգստությունն անցավ, եւ Գ. Ծառուկյանի փեսան սկսեց խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց՝ հայտարարելով, որ այսօր այդ օրը չէ: Պարզվեց, որ քաղաքապետը ԲՀԿ-ի նման իրեն «այլընտրանք» է համարում. նա թերեւս մոռացել էր, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանին Աբովյանում աղ ու հացով էր դիմավորում՝ այդ ժամանակ էլ պատճառաբանելով, թե պետական պաշտոնյա է (միչդեռ նա ընդամենը համայնքային ծառայող է):
Հանրահավաքին ներկաներից շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչու են եկել. «Չգիտեմ՝ ինչու են կանչել», «Կանչել են, եկել ենք», «ժամը 15:30-ից կանչել են, մինչեւ հիմա չկան». ահա այսպես արձագանքեցին հանրահավաքի մի քանի մասնակիցներ, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու են հանրահավաքի եկել, կոնկրետ որն է իրենց դժգոհության առիթը: Այլ հարցերի շատերը հրաժարվում էին պատասխանել՝ առավելեւս տեսախցիկի առջեւ՝ պատճառաբանելով, թե իրենց կպատժեն: Ակցիայի մասնակիցների հետ զրույցից պարզ դարձավ, որ գրեթե բոլոր ներկաները հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են, եւ եթե իրենց կուսակցությունը չկազմակերպեր հանրահավաքը, իրենք չէին մասնակցի: Բնականաբար, Կարո Գուլոյանն ամեն կերպ հերքում էր, թե մարդկանց ստիպել է գալ հանրահավաքին: «Ես մենակ հրահանգել եմ, չեմ ստիպել»,- ասաց քաղաքապետ Գուլոյանը՝ հավանաբար չգիտակցելով, որ հրահանգելը եւս պարտադիր կատարման ենթակա գործընթաց է ենթադրում:
Նկատենք, որ եռյակի անդամ կուսակցություններից որեւէ մեկի նախագահը ներկա չէր հանրահավաքին. ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը, ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիմնականում ԱԺ պատգամավորներն էին ելույթներ ունենում, որտեղ առանձնապես նոր ասելիք այդպես էլ չհնչեց. իշխանության դեմ ելույթներն ու երեք ուժերի համագործակցությունը կարեւորող խոսքերն էին անպակաս: Հիշեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, իշխանության մյուս անօրինականությունները, իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առավել անսպասելի հայտարարություն արեց: Նա նշեց, որ իր հպարտությունն է ժողովրդի այն մասը, որն ասում է. «Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, բոլորինն էլ… էս երկրի տերը ես եմ»:
Մյուս ուժերն ավելի համեստ գտնվեցին, բայց բաց չթողեցին ընդդիմությանը գովելու ու իշխանություններին «քլնգելու» առիթը՝ չափի մեջ: Ինչպես եւ սպասելի էր, ի տարբերություն «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի իրենց գործընկերների, ԲՀԿ պատգամավորներն այդպես էլ ոչ մի խոսք չասացին իշխանափոխության մասին: Հիշեցին ամեն ինչ. սահմանադրական բարեփոխումներ, արտագաղթ, աղքատության թվի աճ, Զիմբաբվեի ծիրանի մասնագետներին, բայց ոչ Սերժ Սարգսյանի հեռացումը։
Բացի «եռյակ»-ի հայտնի անդամներ Նաիրա Զոհրաբյանից, Վարդան Օսկանյանից, Տիգրան Ուրիխանյանից, Ռուբեն Հակոբյանից, Արմեն Մարտիրոսյանից, Լեւոն Զուրաբյանից եւ Արամ Մանուկյանից, հանրահավաքին ներկա էին նաեւ այդ կուսակցությունների այլ ներկայացուցիչներ: Մասնավորապես, ԲՀԿ-ից ներկա էին նաեւ խմբակցության պատգամավորներ Դավիթ Քոչարյանն ու Աբրահամ Մանուկյանը: Վերջինս, ի դեպ, նախօրեին հայտարարել էր, թե չի մասնակցելու մարզային այցելություններին, սակայն երեկ վստահեցրեց, որ անպայման մասնակցելու է բոլոր հանրահավաքներին:
Վերջում նշենք, որ չնայած ԲՀԿ-ին հաջողվեց մարդաշատ հանրահավաք ու «ջերմ» ընդունելություն ապահովել, սակայն ակցիայի մասնակիցներն այնքան էլ ոգեւորված չէին տեղի ունեցած միջոցառմամբ եւ առանձնապես հույս չէին կապում նաեւ այդ ուժերի հետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ՀԱՄԱՐ
Հայաստան գոմեշի միս ներկրող «Արմեն-Համիկ եղբայրներ» Հ/Ձ ՍՊ ընկերությունը հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Արմեն-Համիկ եղբայրներ» Հ/Ձ ՍՊ ընկերության անունով հայտարարագրվել է գոմեշի միս, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ծագման երկիրը Հնդկաստանի փոխարեն լրացվել է Բրազիլիա: Սխալը թույլ է տվել ընկերության մաքսային մասնագետ Վանիկ Ավագյանը, որն էլ ավելի ուշ Ֆինանսների նախարարության կողմից տուգանվել է 50.000 դրամ:
Ի դեպ, նշենք, որ հայկական բանակում հայտնաբերված գոմեշի մսի հայտնի քրեական գործով 4 տարի պայմանական ազատազրկման դատապարտված կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը քավոր-սանիկական կապեր ունի «Արմեն-Համիկ եղբայրներ» Հ/Ձ ՍՊ ընկերության սեփականատերերի հետ, ովքեր նույնպես գոմեշի միս են մատակարարում: Չի բացառվում, որ հենց այս ընկերությունից էլ Օհանջանյանը գնած լիներ տավարի մսի փոխարեն զինծառայողներին մատուցված գոմեշի մսի մի մասը:

 

 

ՓՈՒՉ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Դեռեւս օգոստոսի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ-ի ու Արցախի մի շարք պաշտոնյաներ, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ: Տեղեկացրել էինք նաեւ, որ գնված տները գրավադրված են բանկում: Ու թեեւ շենքի շինարարությունն իրականացրած ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն ամեն անգամ տուժածներին վստահեցնում է, որ հարցը շուտով լուծում կստանա, սակայն տարիներ շարունակ մարդկանց սեփականության վկայականները չի տալիս:
Հ. Ամիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկ ամիս առաջ վստահեցրել էր, թե հարցը 15 օրվա ընթացքում լուծվելու է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Ամիրխանյանից պարզել, արդյոք արդեն ամեն ինչ կարգավորված է: «Մոտակա օրերը բոլոր հարցերը կկարգավորվի ու մենք բնակիչների հետ որեւէ խնդիր չենք ունենա»,-դարձյալ խոստացավ շինարար Ամիրխանյանը, ում խոսքերին արդեն շատ սեփականատերեր չեն էլ հավատում:
Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ու մի շարք այլ պաշտոնյաներ, պատգամավորներ տուժողների ցանկում են:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Այցի առաջին օրը նախատեսվում է նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, իսկ երկրորդ օրը Թ. Բախը եւ Պ. Հիկեն, ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի հետ մասնակցելու են հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՂՔԱՏԻԿ ԲՅՈՒՋԵՈՎ
ՀՀ կառավարությունը երեկ հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն՝ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ:

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեկ կեսօրին ՀԱԿ գրասենյակի տարածքից քաղաքացիական հագուստով մարդիկ բերման են ենթարկել ՀԱԿ անդամ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանին: Վերջինս NEWS.am-ին փոխանցել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն, ի պատասխան իր` ներկայանալու կամ ծանուցագիր ցույց տալու պահանջին, իրեն բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս կապակցությամբ քննչական կոմիտեից պարզաբանել են, որ սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի մոտ տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ հայհոյելու, երթեւեկությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով:

 

ՄԵԿՆԵՑ ՄՈՍԿՎԱ
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը երեկ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 63-րդ նիստի աշխատանքներին: Նախատեսված է քննարկել ԱՊՀ երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց, այդ թվում` միջուկային եւ ճառագայթային անվտանգության հայեցակարգի, բանկային կարգավորման եւ հսկողության ոլորտում կարգավորիչ ռեժիմների եւ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքի շուրջ:

 

ՏՐԱՄԱԴՐԵՑԻՆ
Կառավարության երեկվա նիստում որոշվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում սեպտեմբերի սկզբին տեղացած խոշոր կարկուտից տուժած տները վերանորոգելու համար տրամադրել 62 մլն 624 հազար դրամ: Նախագիծը ներկայացրած քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի խոսքով` Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկումների արդյունքում հաշվարկվել է, որ անհրաժեշտ կլինի 60 մլն դրամ:

 

ԼՃԱՑԱԾ ՎԻՃԱԿ
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Ռուսաստանում լճացումը երկար ժամանակ կշարունակվի: Սակայն երկրին հաջողվել է խուսափել անկումից:
ՀԲ-ն 2014թ. ռուսական տնտեսական աճի կանխատեսումները 1,1%-ից նվազեցրել է մինչեւ 0.5%, ինչպես նաեւ հաջորդ երկու տարիների համար կանխատեսել է լճացման շարունակություն: (2015թ.՝ 0,3%, 2016թ.՝ 0.4%):

 

 




Լրահոս