ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ՉՏԱ՞

Ամբաստանյալի աթոռին հայտնված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, ըստ էության, որոշել են պատժել ոչ միայն յուրացումների, այլեւ՝ հանկարծ չփորձի անցանկալի անուններ տալ:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17-ը կեղծ դիմումներ պատրաստելով՝ կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել էր ընդհանուր՝ 260 մլն 956 հազար ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել էր պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 մլն դրամ գումարը: Այս արարքի համար Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ խոշոր չափերի յուրացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի խարդախություն, եւ 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիքի հատկանիշներով:
Շուրջ 1, 5 տարի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործը նոր ընթացք է ստանում: Երեկ դատարանը Խաչիկյանին եւ այս գործով անցնող ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին եւ Սամվել Էլբակյանին նոր, առավել խիստ մեղադրանք առաջադրեց: Նրանց առաջադրված 3 հոդվածներով մեղադրանքներին գումարվեց 4-րդը՝ ՀՀ ՔՕ 38-րդ հոդվածը, որը վերաբերում է պաշտոնական կեղծիք կազմակերպելուն: Այսինքն՝ նրանք իրականացրել էին պաշտոնական կեղծիք, հիմա մեղադրող կողմը համոզված է, որ նաեւ կազմակերպել են: Սրա հետեւանքով 7 մլն դրամով ավելացվել է նաեւ յուրացված գումարի ընդհանուր չափը:
Բայց սա դեռ վերջը չէ: Երեկ դատարանում «Ամերիա» բանկի ներկայացուցիչը ներկայացրեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի դիմում-բողոքը, ըստ որի` Վ. Խաչիկյանը չի կատարել բանկի նկատմամբ մոտ 60 մլն ՀՀ դրամի վարկային պարտավորությունը: Պարզվում է, որ Վազգեն Խաչիկյանը վարկ էր վերցրել՝ Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը գրավադրելով, սակայն երբ կալանավորվել է, նրա բնակարանի վրա կալանք է դրվել: Այսինքն՝ Խաչիկյանը հայտնվելով դատարանում, չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, ինչի հետեւանքով երեկ դատարանում բանկի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով Խաչիկյանի բնակարանի վրայից հանել արգելանքը, որպեսզի բանկը կարողանա վաճառել այն եւ մարել կուտակված պարտքը: Դատարանն էլ որոշեց բավարարել բանկի միջնորդությունը: Ասել է թե՝ մեղադրանքը խստացրեցին, յուրացման գումարը ավելացրեցին հերիք չէ, բնակարանն էլ վերցրեցին Խաչիկյանի ձեռքից:

Ինչո՞ւ են պատժում Խաչիկյանին
Դեռեւս 2012թ. «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Խաչիկյանը գործը վարող քննիչներին ասել էր՝ եթե ինքը որոշի ցուցմունք տալ, ապա պետք է ասի այդ գործում ներգրավված բոլոր անձանց անունները, հակառակ դեպքում՝ կլռի: Ինչպես տեսնում ենք, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Մինչ Խաչիկյանը կհասցներ անուններ տալ, նրան «շնչելու ժամանակ» էլ չեն տալիս: Հետաքրքիր է՝ այսքանից հետո Խաչիկյանը էլի՞ կվախենա անուններ տալ, թե՞ այնուամենայնիվ, բոլորին հետեւից կտանի կալանախուց: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ստանալ Խաչիկյանի եղբորից, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից: Սակայն վերջինս ասաց, թե ոչնչից տեղյակ չէ՝ անջատելով հեռախոսը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ
Կառավարությունը երեկ հավանություն է տվել սահմանամերձ գյուղական համայնքներում տնտեսվարող սուբյեկտներին հարկերից ազատելու մասին օրենքի նախագծին: «Ես համոզված եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն: Եթե այնտեղ նոր բիզնես-ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր», – նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ ֆիննախին հանձնարարվել է Նիկոլ Փաշինյանի` սահմանապահ համայնքների մասին օրենքի նախագծում առկա առաջարկները համադրել:

 

ԴԵՌ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Նա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 20-ին: Armlur.am-ին ՔԿՎ հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ դեռեւս հայտնի չէ կալանավորի գտնվելու վայրը, որոնողական աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ 59-ամյա Սուրեն Գաբրիելյանը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման եւ խարդախության մեջ:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցով իրականացվող ծառայությունների եւ գնումների ուղղությամբ Վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության արդյունքների շուրջ: Նիստին մասնակցել են ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, քաղշիննախարար Նարեկ Սարգսյանը եւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Քաղաքաշինության ոլորտում ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանը ներկայացրել է դպրոցաշինության ծրագրում թույլ տրված խախտումները` նշելով, որ 2006-2012 թվականների ընթացքում ծախսվել է ավելի քան 17 միլիարդ դրամ, սակայն որեւէ օբյեկտի շինարարություն դեռեւս չի ավարտվել:

 

ՄԵՐԺՎԵԼ Է
«Վերնիսաժ»-ում մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորված, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը մերժվել է: Փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ին հայտնել է, որ նախաքննական մարմինը մերժել է վերացնել սպանության փորձի մեղադրանքը՝ պատճառաբանելով, որ այս փուլում որեւէ հիմք չկա մեղադրանքը վերացելու եւ իրենց կողմից տրված որակումը ճիշտ է: Արդյունքում` իրենք որոշել են բողոք ներկայացնել Գլխավոր դատախազին:

 

ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ
Ադրբեջանը վերադարձրել է Ղազախի շրջանում օգոստոսի 26-ին գերեվարված Հայաստանի քաղաքացի Սարգիս Անանյանին: Փոխանցումը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտակայքում:

 

 

ԲԼԹ

«Մեր օրերում, երբ միջմայրցամաքային միասնական տնտեսական տարածքներ են ձեւավորվում, անիմաստ է խոսել տարբեր համակարգերի հակասությունների մասին»:

Սերժ Սարգսյան News.am

Ահա թե որքան է դուր եկել Սերժ Սարգսյանին իր հորինած «եւ-եւ»-ի գաղափարը, որ նա չի դադարում հուսալ՝ մի օր այն կարող է ստացվել: Դրա փոխարեն ավելի լավ կլիներ` Սերժ Սարգսյանը համաշխարհային պատմությունից դասեր քաղեր, որ գերտերությունների միջեւ հակասությունները միշտ եղել են եւ կլինեն: Իսկ յուրաքանչյուր միասնական տնտեսական տարածք նախեւառաջ ներկայացնում է որեւէ գերտերության կամ գերտերությունների շահերը, հետեւաբար չեն կարող չլինել հակասություններ այնպիսի համակարգերի միջեւ, ինչպիսիք են Եվրամիությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը:

 

 
«Ես հասկանում եմ ԲՀԿ-ի ոգեւորությունը` «Ճիշտ եք անում»»:

Վարդան Այվազյան 168.am

ԲՀԿ-ի ոգեւորությունը ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նկատել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ խոսք էր գնացել այն մասին, որ պետք է արգելել արտերկրից ցեմենտի ներմուծումը: Իհարկե, Մելքումյանը ոչ միայն պետք է ոգեւորվեր, այլ որպես դրա վառ ապացույց, պետք է թռչկոտեր, բացականչություններ արձակեր, քանի որ Հայաստանում ամենախոշոր ցեմենտ արտադրողը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ն է («Միկացեմենտ» գործարանը գրեթե չի աշխատում): Բայց անհասկանալի է, թե ինչու էր ոգեւորվել Վարդան Այվազյանը՝ ասելով՝ «ճիշտ եք անում»:

 

 

«Մենք կարող ենք ասել, որ այս 7-8 տարիների ընթացքում երկիրը դոփել է տեղում»:

Վարդան Օսկանյան Armlur.am

ԲՀԿ-ական պատգամավորի մոտ կարծես թե խնդիրներ են առաջանում ժամանակի ընկալման եւ թվաբանության հետ: Օսկանյանը մոռանում է, որ Սերժ Սարգսյանը ընդամենը 6 տարի է, ինչ նախագահ է, այսինքն՝ այն 1-2 տարին, որ էլի դոփել ենք, իր սիրելի Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներն էին, երբ ինքն էլ ռեժիմի մասնիկն էր` արտգործնախարարի կարգավիճակով: Փաստորեն, սա ինքնախոստովանություն է, որ իր օրոք երկիրը տեղում դոփել է: Վարդան Օսկանյանը կամ գերհոգնած է եղել, կամ էլ, միգուցե, Հանթսմանի հիմնադրամի ֆինանսավորումից զրկվելով` տրամադրության անկումներ է ունենում եւ խառնում ամեն ինչ:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս