«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն այսօր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և դատախազություն՝ Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առնչությամբ:
Այս կապակցությամբ տածարած հաղորդագրությունում նշվում է. «Ս.թ. սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է Մ. Խորենացի փողոցում գործող Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը շրջում շուկայի սրահում և իր օգնականներին հրահանգում, իր խոսքերով, «դուրս շպրտել» այն սեղանները, որոնց առջև այդ պահին առևտրականներ կանգնած չեն։
Նույն տեսանյութի վերջում՝ լրագրողին տված կարճ հարցազրույցում նա չի հերքում, որ իր գործողությունները կապված են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ցույցին մասնակցելու հետ։ Առևտրականները, ենթադրաբար, այդ պահին մասնակցում էին Կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային։
«Հիմա շրջում ենք շուկայում, որ տեսնենք՝ ով չի էկել, որ կարգի հրավիրենք»,-ասում է լրագրողին։
Վաղարշ Աբրահամյանը հաստատում է տարածված այն տեղեկությունը, որ ինքը հրահանգել է իր աշխատակիցներին չմասնակցել բողոքի ակցիային, նա համոզմունք է հայտնում, որ ճիշտ է արել և հայտարարում է, որ «միջոցներ են ձեռնարկում», որ մարդիկ Կառավարության շենքի մոտից հետ գան, իսկ չգալու դեպքում սպառնում է «իրենց տեղերը տալ ուրիշին»։
Լրագրողներին տված մեկ այլ հարցազրույցում ևս Ոսկու շուկայի տնօրենը սպառնալիքներ է հնչեցնում բողոքի դուրս եկած առևտրականների հասցեին։ «Ով որ չի հարգում էդ օրենքը, հանելու եմ դուրս, թող գնան ուրիշ տեղ աշխատեն կամ գնան ֆայլաբազար բանվորություն անեն, հերիք ա, աղայի պես ապրել են մինչև հիմա…»,-ասում է նա։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»։ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է. «Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի»։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն կատարվածը որակում է մարդու հիմնարար իրավունքների՝ ազատ արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտում։
ՀՀ քրեական օրենսգրքի (ՀՀ ՔՕ) 163-րդ հոդվածը սահմանում է. «Օրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Իսկ ՀՀ ՔՕ 143-րդ հոդվածի պատասխանատվություն է նախատեսում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված <….> քաղաքական կամ այլ հայացքներից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին: Գտնում ենք, որ արարքում առկա է նաև հայացքներն արտահայտելու հիման վրա խտրականության տարրը:
Չնայած կատարվածի մասին ԶԼՄ-ների հրապարակումներին և բարձրացած աղմուկին ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 25-ից մինչև օրս քրեական գործ չի հարուցել՝ «Ազատություն» ռադիոկայանին հայտնելով, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացել։
Ուստի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դիմում է ՝ վերը նկարագրված արարքին պատշաճ որակում տալու և իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում քրեական գործ հարուցելու պահանջով։
Արման Դանիելյան
ՔՀԻ նախագահ»: