Armenian text to speach

ՓԱՍՏԵՐԸ ՉԿԱՆ ՈՒ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ընտրություններին հաշվված օրեր են մնացել, եւ մենք փորձեցինք պարզել, թե այս ընթացքում ինչ բնույթի բողոքներ են ստացել Գյումրու եւ շրջակա գյուղերի ընտրատեղամասերը համակարգող եւ վերահսկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Հանձնաժողովականները չեն հերքում, որ մարզում ընտրակաշառքի բաժանման դեպքեր կան, սակայն նաեւ խոստովանում են, որ իրենք անզոր են պայքարել դրանց դեմ: Պարզվում է՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների՝ ընտրակաշառքի դեմ պայքարելու եւ վերահսկողություն իրականացնելու մեխանիզմը միայն ոստիկանությանը տեղյակ պահելն ու արձանագրություն կազմելն է. այլ լիազորություն օրենքով սահմանված կարգով չունեն:
Փաստի մասին իրավապահներին տեղեկացնելուց հետո արդեն վերջիններս պետք է զբաղվեն դրա ուսումնասիրմամբ եւ բացահայտմամբ: Ուշագրավն այն է, որ այս ընթացքում մարզի ընտրատարածքները գրավոր կամ փաստացի որեւէ բողոք չեն ստացել: Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ բանավոր բողոքներ շատ են ստացել, սակայն դրանց ընթացք տալ չեն կարող այն պատճառով, որ հիմնավոր փաստեր` կոնկրետ անուններ եւ հասցեներ, չեն եղել:
Թիվ 34 ԸԸՀ նախագահն անգամ չհերքեց, որ տարբեր կուսակցությունների օգտին ընտրակաշառք է բաժանվում, միայն նշեց, որ իրենք վերահսկել չեն կարող, քանի որ, ըստ Էդուարդ Բաղրամյանի, դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում: Իսկ ահա թիվ 35 ԸԸՀ նախագահն առայսօր դրությունը համարում է վերահսկելի: «Որեւէ փաստ կամ դիմում չի եղել, ավելին, նախընտրական քարոզչության որեւէ խախտում չի եղել: Մնաց ընդամենը մի քանի օր: Հուսով ենք, որ այդ ընթացքում նման դեպքեր չեն լինելու: Մեր հիմնական լիազորությունը կապված է ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման հետ: Եթե ձեր ասած երեւույթները տեղի ունենան, մենք պետք է ահազանգ ստանանք, որպեսզի մեր լիազորությունների շրջանակներում որոշակի միջոցառումներ ձեռնարկենք: Նման արատավոր երեւույթների դեմ պայքարելու պարտավորություն դրված է բոլոր մարմինների վրա, այդ թվում` քաղաքացիների: Այսինքն, եթե կան նման դեպքեր, անհրաժեշտ է ահազանգել, քանի որ դա հանցագործություն է»,-նշեց Գուրգեն Մալխասյանը:
Հանձնաժողովականներն ահազանգեր չեն ստանում, փոխարենը հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքացիները լրատվամիջոցներին են տեղեկացնում այս կամ այն թաղամասում բաժանվող ընտրակաշառքի մասին:
Միայն թե երբեմն զավեշտի հասնող զանգեր էլ են լինում: Օրինակ՝ քաղաքացիներից մեկը դժգոհում է, որ Գյումրու Անի թաղամասի Տրդատ ճարտարապետ փողոցի շենքերի բնակիչներին ԲՇՏ (բնակշահագործման տնտեսություն) աշխատակցուհի Ռուզաննան 10.000 դրամ է բաժանում, սակայն գործընթացն անարդար է կազմակերպված, քանի որ իրեն գումար չեն տվել. «Ես եկա թաղամաս եւ տեսա, որ բոլորը ընտրակաշառքից էին խոսում: ԲՇՏ աշխատող  Ռուզաննան 2 օր է՝ գումար է բաժանում, շրջում բնակարաններով: Գիտեմ, որ շատերին չի հասել, այսինքն՝ էստեղ երեւի թե ծանոթ-մոտիկ հասկացողությունը կա: Եթե բաժանվում է գումարը, վերցնում են, ինչ-որ տեղ լավ են անում: Ժողովրդի փողն են բաժանում: Ես չեմ վախենում դա բարձրաձայնելուց, չեմ վախենում տիկին Ռուզաննայից: Ինչ կարգի թշնամություն ինձ հետ ձեռք կբերի՝ հետաքրքիր չէ»:
Դիմեցինք նաեւ ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վարուժան Շաշիկյանին` պարզելու համար՝ այս ընթացքում ընտրակաշառքի վերաբերյալ իրենք ահազանգ ստացել են, թե ոչ: «Ո՛չ, մենք պաշտոնական որեւէ գրություն, որեւէ ահազանգ չենք ստացել»,-նշեց ոստիկանության բաժնի պետը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի



Լրահոս