Նախընտրական փուլի վերջին հանդիպումը Շիրակի մարզում անցկացրեց ՀԱԿ-ը: Ընտրողների հետ հանդիպում էր կազմակերպվել նախ Թալինում, ապա Մարալիկում եւ Արթիկում: Կոնգրեսականների վերջին կանգառը Գյումրին էր, որտեղ հայտարարեցին, որ մարզի մյուս բնակավայրերում կայացած հանդիպումների բազմամարդությունը խոսում է այն մասին, որ ՀԱԿ պայքարը թեւակոխում է որակական նոր փուլ: Նշենք, որ ՀԱԿ հանդիպումներին առողջական խնդիրների պատճառով չէր մասնակցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Գյումրիում ելույթ ունեցան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ Կոնգրեսի առանցքային մյուս ներկայացուցիչները: Ելույթ ունեցան նաեւ Շիրակի մարզում ՀԱԿ-ից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուներ Մուրադ Գրիգորյանը եւ Շալիկո Զորյանը: Խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ ներկայացուցիչները համարեցին իշխանափոխության առաջին փուլ եւ հնարավորություն՝ պատրաստվելու երկրորդ փուլին` 2013թ-ի նախագահական ընտրություններին: Ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի մյուս բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը խոսեց 30 վայրկյանում հեղափոխություն իրականացնելու մասին՝ շեշտելով, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի մայիսի 6-ից հետո նոր Հայաստանում ապրել, եթե միայն այդպես կամենա:
ՀԱԿ-Ը ՇԻՐԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ