ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ «ԲՈՒՏԻԿՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ երեկ  այցելել է Մաշտոցի պուրակ եւ հրաման տվել` անհապաղ ապամոնտաժել կրպակները, քանի որ դրանք տգեղացնում են Երեւանը: Այսպիսով՝ բնապահպան ակտիվիստները լուրջ հաղթանակ արձանագրեցին:
Ինչպես տեղեկացանք բնասեր ակտիվիստ Արմո Սաֆարյանից, իրենք հատկապես վերջին շրջանում ոչ մի նամակով չեն դիմել Սերժ Սարգսյանին: Եւ տարակուսելի է, որ վերջինս գնացել է պուրակ: «Նախագահի այցի ժամանակ այգում միայն երեք ակտիվիստներով էինք մնացել: Նա մեզ հետ կոնտակտի մեջ չմտավ: Եկավ իր մամուլի ծառայության մարդկանցով, տեսախցիկներով, նայեց շուրջբոլորը ու մի քանի հայտարարություններ արեց»,-ՀՀԿ առաջնորդի ներկայացումն այսպես մանրամասնեց Արմոն` կարծիք հայտնելով, որ դա նախապես կազմակերպված միջոցառում էր:
Դրա համար էլ ակտիվիստները դժգոհ են, որ ապամոնտաժելու հրամանն արձակվեց այս նախընտրական օրերին: «Անցած 85 օրերի մեջ կարելի էր ավելի հարմար օր ընտրել: Մենք դեռ պաշտոնական հայտարարություն կտարածենք, որ ոչ մի կերպ չենք մասնակցում քարոզարշավներին ու ողջունում ենք միայն արդյունքը, որ կրպակները ապամոնտաժվելու են: Խնդրում ենք, որ այս հայտարարությունը չդիտվի որպես նախընտրական ակցիա: Ես՝ որպես նախաձեռնության անդամ, ոչ մի կապ չունեմ կուսակցությունների հետ: Իսկ այսօրվա հայտարարությունը ոչ մի կերպ չի ազդի ինձ վրա, ես վաղուց կողմնորոշված եմ»,-ավելացրեց Արմոն` նկատելով, որ Սերժ Սարգսյանի քայլի տակ շատ ավելի խորը բան է թաքնված:  
Թեեւ երեկ ոչ աշխատանքային օր էր, այնուամենայնիվ, պուրակում էին նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ) եւ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: Վերջինս այն ոստիկանն է, որի նկարը նախօրեին լայն տարածում գտավ, թե իբր բռնություն է գործադրել ակտիվիստի նկատմամբ: «Ինչո՞ւ էիք ծեծում ակտիվիստին». «Ժողովուրդ»-ի այս հարցին ոստիկան Մովսիսյանը պատասխանեց. «Ես բռնի ուժ չեմ կիրառել ոչ ոքի նկատմամբ: Բռնի ուժը պետք է ունենա իր հետեւանքները: Ես նրան պարզապես օգնել եմ, որ վեր կենա, հանկարծ գլուխը չհարվածի որեւէ մի տեղ եւ զերծ մնա ոստիկանի հետ բախումից: Լուսանկարում պատկերված երիտասարդն ունի՞ մարմնական վնասվածք, հարցնում եմ: Եթե ունենար, մինչեւ հիմա կիմանայինք, բարձրաձայնած կլիներ, իսկ նման բան չկա: Նույնիսկ ոստիկանը կանխել է, որպեսզի բախում չլինի: Հավանաբար, փափուկ չեմ բռնել գլուխը»:
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ) հպարտացավ երիտասարդներով.«Ես հպարտ եմ, որ դուք ձեր իրավունքների համար պայքարում եք մինչեւ վերջ: Հպարտ եմ, որ ունեմ նման նախագահ, ով այսօր արդարացի որոշում կայացրեց»:
Փոխոստիկանապետ Մելքոնյանը պուրակի համար 85-օրյա պայքարը համեմատեց կնոջ ծննդաբերության հետ, որի արդյունքում լույս աշխարհ է գալիս երջանկությունը:
Պարոն Մելքոնյանը խոստացավ բնասեր ակտիվիստներին. «Կրպակների ապամոնտաժումից հետո վրան չենք խփի, այլ մեծ սեղան կգցենք»:
Բայց ինչ էլ որ լինի, միեւնույն է, անգամ ֆիզիկական զրկանքների գնով բնապահպան ակտիվիստներն իրենց համառությամբ կարողացան հասնել արդյունքի. կրպակները կապամոնտաժվեն: «Ինչպե՞ս եք տոնելու հաղթանակը»: Անդրեաս Ղուկասյանը պատասխանեց. «Հանգիստ ենք տոնելու, բայց  հաղթանակ տոնելը վաղաժամ է, քանի որ այն դեռ չի իրականացել»: Ղուկասյանը նկատեց. «Մեր երկրի նախագահն ու քաղաքապետը ՀՀԿ անդամներ են, եւ հնարավոր է, որ այս իրադրությունն օգտագործելով՝ փորձում են պոպուլիստական ինչ-որ համբավ ձեռք բերել: Ձմեռվա այն ցուրտ օրերին երիտասարդությունն այնտեղ էր մնում, ինչո՞ւ այն ժամանակ չարձագանքեցին: Ես համարում եմ, որ սա իրադարձությունների ճնշման արդյունքն է, այլ ոչ թե իշխանությունների բարի կամքի դրսեւորում»:   
Ամեն դեպքում նկատենք, որ երեկ Մաշտոցի պուրակում երիտասարդները, հյութով լի բաժակներով, երգելով, պարելով, տոնում էին իրենց հաղթանակը:
Ի դեպ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը երեկ tert.am-ի հետ զրույցում գովել է բնապահպան ակտիվիստներին եւ ասել. «Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդները իրենց առջեւ դրած բոլոր խնդիրներում՝ թե՛ Թռչկանում, թե՛ Թեղուտում եւ թե՛ Մաշտոցի այգու դեպքում, հասնում են հաջողության: Նրանց պայքարը արդյունք է տալիս եւ տալու է, եւ այստեղ է, որ ծնվելու են մեր երազած նոր Հայաստանի նոր հայեցակարգերը»: Նա ակտիվիստներին անվանել է «ընտրասերուցքի դրական սելեկցիա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս