ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ՉԻ ՄՐՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը փորձեց ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ պարզել, թե ինչու նա ներկա չէր Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Սակայն Սիլվան նախընտրեց, որ այդ հարցին պատասխանի հայրիկ-պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը: Այնպես որ, մեր հարցազրույցն այս անգամ մի քիչ այլ ֆորմատի մեջ է` միաժամանակ  Սիլվա եւ Հակոբ Հակոբյանների հետ:
-Ես վաղուց չեմ մասնակցում մրցանակաբաշխությանը, վերջին անգամ 2006 թվականին եմ մասնակցել, «Տարվա հայտնություն» եմ ստացել: Հավատացեք՛, ինչ-որ կոնֆլիկտ կամ այլ խնդիր չկա, պարզապես ես ցանկություն չունեմ մասնակցելու ո՛չ որպես նոմինանտ, ո՛չ էլ որպես մասնակից: Ես այն երգչուհիներից եմ, որը միշտ աշխատում է, այս պարագայում մրցանակն ինձ համար կապ չունի: Ինձ  համար մեծ մրցանակ է այն, որ հանդիսատեսը լավ, թե վատ գնահատում է իմ աշխատանքը:  Ես էլ իմ աշխատանքով եմ ամեն ինչ ապացուցում:
-Ամեն դեպքում, անցած տարի Դուք հյուրերի շարքում էիք, մինչդեռ այս տարի նույնիսկ այդ կարգավիճակով չկայիք: Հրավեր չե՞ք ստացել:
-Մեզ հրավիրեցին, բայց ես կարեւոր համերգ ունեի ու չկարողացա համատեղել: Ես միշտ ուրախանում եմ իմ ընկերների-կոլեգաների հաջողություններով: Ովքեր ստացան մրցանակներ, կարծում եմ, բոլորն էլ արժանի են: Էրիկի ու Սոնայի համար էլ ուրախ եմ:
-Ի դեպ, որպես Ձեր եւ մի քանի այլ երգիչների բացակայության պատճառ՝  ներկայացվեց նաեւ այն, որ դուք հիմա նախընտրական քարոզարշավի համերգներին եք մասնակցում ու ձեզ արգելել են ամեն տեղ երեւալ:
-Ես քաղաքականությունից չեմ սիրում խոսել: Ավելի լավ է՝ այս հարցին հայրս պատասխանի:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
-Չկա էդպիսի բան, մեզ ոչ մեկ ոչինչ արգելել չի կարող, դե եթե արգելեին, ուրեմն Էրիկն էլ չպետք է գար մրցանակաբաշխության: Դրանք սովորական խոսակցություններ են:
-Պարո՛ն Հակոբյան, քանի որ Դուք Սիլվայի պրոդյուսերն եք, այս հարցը Ձեզ կուղղեմ: Ի՞նչ սկզբունքով եք ընտրել հենց Հանրապետական կուսակցության առաջարկը:
-Այսօր ամբողջ երաժշտական աշխարհը քարոզարշավի շրջանակներում գնում է համերգների հեռավոր մարզեր: Տեսե՛ք, թե ժողովուրդը ոնց է ուրախանում: Մենք մեր գործն ենք անում, մեր աշխատանքն ենք ներկայացնում: Երբեք ոչ մի երգիչ պրոպագանդա չի անում, նա իր գործն է անում` երգում է ու գնում: Չի կարելի ասել, որ եթե երգում ես այս կամ այն կուսակցության կողմից, ուրեմն դա ես ընտրում: Մենք ընտրում ենք մեր երկրի առաջընթացը, կայունությունը: Ինչեր ասես, որ չեն խոսի:
Վերջերս էլ գրել էին՝ իբր Սիլվան վախեցել է մասնակցել «Նոր ալիք» մրցույթին, քանի որ այնտեղ մասնակցել է Լիլիթ Հովհաննիսյանը: Ախր այդ տեսակ բաներով ընթերցող են գրավում, բայց չեն հասկանում, որ անիրական բաներով շատ առաջ չեն գնա: Մեր մտքով նույնիսկ չի էլ անցել մասնակցել այդ մրցույթին, գնալ Յուրմալա: Շատ շուտ առաջարկ ստացել ենք, բայց կտրականապես մերժել ենք: Մենք Սիլվայի անհատական կարիերայով ենք զբաղվում, նրա իմիջով, համերգներով:
-Ոչ մեկի հետ մրցել չե՞ք ցանկանում:
-Ընդհանրապես ես միշտ ասել եմ՝ երբեւիցե որեւիցե տեղ Սիլվան չի մասնակցի ինչ-որ բանի, որտեղ իրեն պետք է գնահատեն: Դուք տեսնում եք մեր գործերը մեր տեսահոլովակներով, մեր համերգներով, շրջագայություններով, դա է մեր ամբողջ աշխատանքի բուն նպատակն ու էությունը: Աշխատում ենք մտնել միջազգային ասպարեզ: Սիլվան մենակ չէ, նա ունի մեծ թիմ: Նրա հետ աշխատող շատ մարդիկ կան, որոնք ստեղծում են Սիլվայի իմիջը: Թիմով նստում, քննարկում ենք՝ ինչ եւ ինչպես անել:
-Այդ  թիմի մեջ Ձեր ընտանիքի անդամնե՞րն են:
-Ոչ միայն, նաեւ մեր ընկերները, շրջապատը, կա նաեւ իրավաբան, լրագրող, քլիպմեյքեր, PR մենեջեր… Մենք ուզում ենք, որ Սիլվան պրոֆեսիոնալ ձեւով հանդես գա, այնպես, ինչպես դա անում են դրսի երգիչ-երգչուհիները:   
Մեր ընտանիքն այս ամենին շատ մեծ դժվարությամբ է հասել: Գիտե՞ք՝ յուրաքանչյուր երգիչ-երգչուհի ինչ ծանր աշխատանք է տանում: Շատ անգամ վատաբանում են ինչ-որ գործեր, անտեղի մեկնաբանություններ անում, բայց չեն էլ պատկերացնում, թե ինչ դժվարությամբ են նրանք հասել դրան: Ես հասկանում եմ՝ յուրաքանչյուր երգիչի-երգչուհի, ով հասնում է բարձր բեմի, ինքը շատ բան է կորցնում այդ ճանապարհին: Ո՞նց կարող ենք մենք պախարակել նրան:
-Միշտ Սիլվայի կողքին եք, հարցազրույցների, միջոցառումների ժամանակ: Կա՞ մի բան, ինչը նրան արգելում եք:
-Հասարակ մի օրինակ բերեմ: Վերջերս 27-ամյա երգչուհի Էմմի Ուայնհաուսը մահացավ: Եթե իր կողքին իր հայրիկը կանգնած լիներ, երբեք նման բան չէր պատահի: Եթե տվյալ արտիստի շուրջ հավաքված են սրտացավ մարդիկ, որոնք իրեն չեն դիտում որպես փող աշխատող մեքենա, ոչ մի արտիստի հետ վատ բան չի պատահի: Մենք Սիլվային չենք ստեղծել, որ իր միջոցով մեծ գումարներ վաստակենք: Եթե նույնիսկ իմ աղջիկը չլիներ, միեւնույն է, սրտացավ էի լինելու: Այն թիմը, որով շրջապատված է Սիլվան, դիտում է նրան որպես մարդ, ստեղծագործող, արտիստ, մենք միասին ենք ցավում ամեն ինչի համար: Ամեն հաջողություն մեծ երջանկություն է բոլորիս համար: Փողով հո ամեն բան չի՞ որոշվում: Մենք տեսնում ենք ժողովրդի արձագանքը: Ինչ վերաբերում է արգելքներին, ես նրան ոչ մի բան չեմ արգելում: Նա այնքան է հասունացել, որ կյանքում երբեք հիմարություն չի անի, որ մեզ դառնացնի:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս