Երաժիշտ ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆԸ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, քանի որ այն «կեղտոտ բան է»: Կուսակցություններին միանալու առաջարկ էլ չի ստացել:
-Ես ոչ մեկի ասածին ո՛չ հավատում եմ, ո՛չ էլ սպասում փոփոխությունների: Բոլորը նույնն են ասում ու այդ ամենն էլ միայն աթոռի համար են անում: Իրենց գրպաններն ավելացնեն, բիզնեսները բարգավաճեն:
-Չկա՞ մի կուսակցություն, ուժ, որին հավատաք, վստահեք:
-Կա, «Դաշնակցություն»-ն է: Ես անձամբ դաշնակցական չեմ, պարզապես նրանց համակրում եմ իրենց արած քայլերի համար: Մնացած կուսակցությունների հանդեպ հավատ չունեմ:
-Ինչո՞ւ, մի անգամ արդեն խաբե՞լ են:
-Ես հաշվի եմ առնում, թե ով ինչ գործ է արել, ընտրությունս էլ մտածված եմ անում, խոստումներին չեմ նայում:
-Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Ձեր կոլեգաները զբաղվում են քաղաքականությամբ եւ ցանկանում մտնել ԱԺ:
-Կարծում եմ, որ շատ-շատերին հենց աթոռն է գրավում, եւ ոչ թե այն, որ ժողովրդի համար ինչ-որ բաներ անեն:
-Ինչպիսի՞ երկիր եք ուզում մեր երեխաների համար:
-Օրենքի երկիր եմ ուզում, որ քիչ, թե շատ հավասարություն լինի: Նա, ով ծանր պայմաններում չի ապրում, զրկանքներ չունի, ֆինանսական խնդիրներ չունի, երբեք չի հասկանա այն մարդկանց վիճակը, որոնք ծանր կացության մեջ են: Ուզում եմ, որ չքավորություն չլինի մեր երկրում: Որ մարդիկ մարդավարի ապրեն, այլ ոչ թե ստիպված հեռանան:
-Տարվա մեծ մասը դրսում եք, շրջագայությունների մեջ, բայց միշտ հետ եք վերադառնում: Միտում չկա՞ մի օր գնալու ու հետ չգալու:
-Հնարավոր է, շատ հնարավոր է: Բայց ես ուզում եմ, որ այստեղ լավ լինի, ու բոլոր օրենքները գործեն: Որ մարդիկ հստակ իմանան իրենց իրավունքները, որ ոչ մեկը չօգտվի իր դիրքից ու պաշտոնից: Երբ ես համեմատում եմ մեր ազգին օտարերկրացիների հետ, տեսնում եմ, թե ինչքան տխուր դեմքերով ենք մենք քայլում փողոցներով: Կարծում եմ՝ դա Դուք էլ եք տեսնում:
-Ինչի՞ հետեւանք է այդ տխրությունը:
-Ֆինանսական վիճակի, մարդկանց ճնշվածության, հոգսերի: Շատերն անելանելի վիճակի պատճառով ստիպված հեռանում են երկրից, փորձում այլ տեղ գոնե մի քիչ բարեկեցիկ ապրել:
-Եթե պաշտոնյա լինեիք, ի՞նչ կանեիք, ի՞նչ կփոխեիք:
-Նախ եւ առաջ ժողովրդի համար մի բան կանեի:
-Իսկ Ձե՞զ համար:
-Ինձ համար մի տուն, մի մեքենա կգնեի ու բիզնես կդնեի: Մնացածը ժողովրդին:
«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ե. ՌՈՒԲԻՆՅԱՆ