Դեռ չեմ հասցրել զզվել. դատավորը՝ դատական համակարգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Հայաստանում պատկերացրածից առավել շատ մարդիկ են ցանկանում դառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ: Եվ նույնիսկ նրանք, ովքեր Հայաստանում էլ վատ չեն ապրում, ունեն բարձր պաշտոն, բարեկեցիկ կյանք: Ովքե՞ր եւ ինչո՞ւ են ցանկանում դառնալ «եվրադատավոր»:

Նախ սկսենք ՄԻԵԴ-ում դատավոր դառնալու մրցութային հանձնաժողովի գործունեությունից: ՀՀ արդարադատության նախարարությունը դեռեւս անհասկանալի պատճառներով չապահովեց դիտորդների եւ լրատվամիջոցների մասնակցությունն այդ գործընթացին, եւ դիմումների ընդունման հենց սկզբից էլ ԱՆ հովանու ներքո աշխատող այդ հանձնաժողովը չիրազեկեց իր նիստերի մասին: Անգամ չէին հրապարակում դիմումատուների անունները՝ պատճառաբանելով, թե նրանք են այդպես խնդրել: Եվ այդ խնդրանքը տեւական ժամանակ հաշվի առնող հանձնաժողովը անհասկանալի կերպով հանկարծ որոշեց հրապարակել այդ անունները:

Եվ այսպես, ՄԻԵԴ-ի դատավոր են ցանկանում դառնալ 14 հոգի.

Լոռու մարզի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանը,

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը,

Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ի պրոռեկտորը,
դասախոս Դավիթ Խաչատուրյանը,

ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս Վիգեն Քոչարյանը,

ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը,

«Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ Արմեն Մելքումյանը,

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ի պռոռեկտորը, դասախոս Արայիկ Ղազարյանը,

«Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ Դավիթ Լեւոնի Հակոբյանը,

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը,

փաստաբան Վահե Միշայի Գրիգորյանը,

Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը,

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը,

Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Արայիկի Կարապետյանը,

Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն Արման Սարվարյանը, փաստաբան Արա Ղազարյանը:

Տեղեկացնենք, որ մրցույթի ընթացքում 14-ից պետք է ընտրվեն 3 թեկնածուներ, որոնց անունները ներկայացվելու են ԵԽԽՎ, որտեղ էլ վերջնական ընտրություն կկատարվի, թե ով է դառնալու ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր, որը կպաշտոնավարի 9 տարի:

Նկատեցիք՝ ՄԻԵԴ-ում դատավոր դառնալու հայտ են ներկայացրել նաեւ գործող 3 դատավորներ: «ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը անդրադառնալով այս հանգամանքին, կարծիք հայտնեց, թե չի բացառվում, որ նաեւ դատավորները զզված լինեն ՀՀ դատական համակարգից. «Տպավորությունս այդպիսին է եւ այդքան էլ հաճելի չէ, քանի որ այսօր ոչ մի դատավորի թույլ չեն տալիս, որ իր ներքին համոզմունքով, իր իրավագիտակցությամբ առաջնորդվի եւ արդար դատավճիռներ կամ իրավական ակտեր հրապարակի»:

Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մրցույթի օբյեկտիվ եւ արդար անցկացման հնարավորությանը, Հովիկ Արսենյանը տարակուսեց. «Հայաստանում հնարավո՞ր է արդյոք երբեւիցե որեւէ բանի վստահել եւ այն էլ, օրինակ, իշխանական հակումներ ունեցող կառույցին: Դժբախտաբար վստահ չեմ, որ օբյեկտիվ կլինի ամեն ինչ»:

Եվ այսպես, ինչո՞ւ են գործող դատավորները ցանկանում ՄԻԵԴ գնալ: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց թեկնածուներից Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Լիզա Գրիգորյանի հետ:

-Տիկին Գրիգորյան, ինչո՞ւ որոշեցիք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցել:

– Ցանկանում եմ մարդու իրավունքների հարցերով ավելի գլոբալ զբաղվել, ինչու չէ՝ հետո ձեռք բերած փորձը գամ եւ ներդնեմ Հայաստանում: Այսինքն՝ ե՛ւ կատարելագործվելու, ե՛ւ ձեռք բերած փորձը Հայաստանում ներդնելու, ե՛ւ իմ մասնագիտական կարողությունները զարգացնելու համար եմ ցանկանում մասնակցել:

-Իսկ միգուցե ՀՀ դատական համակարգի՞ց եք զզվել եւ ցանկանում եք անկախ լինել:

-Չէ, դեռ չեմ հասցրել ՀՀ դատական համակարգից զզվել:

Միգուցե ՄԻԵԴ-ում դատավորների աշխատավա՞րձն է Ձեզ ոգեւորել:

-Ճիշտ է, նույնիսկ համեմատել չես կարող այնտեղի աշխատավարձն այստեղի աշխատավարձի հետ, բայց պետք է նայել այսպես, որ այդ պաշտոնը ցմահ չէ, դա էլ է ժամանակավոր:

-Ի՞նչ կասեք Ձեր մրցակիցների մասին, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Դուք էլ գիտեք, թե ցուցակում ինչպիսի բարձր որկավորում ունեցող մարդիկ են: Շատ ուժեղ թեկնածուներ կան, դժվարանում եմ ասել: Մարդիկ կան, որ իրենց գիտելիքներով ինձանից առավել եմ համարում, բայց դա չի խանգարում, որ ես իմ ուժերը փորձեմ եւ աշխատեմ ինձ վրա:

-Ո՞վ է Ձեզ համար ամենալուրջ մրցակիցը:

-Շատ լուրջ մրցակիցներ կան: Օրինակ՝ Արմեն Հարությունյանը, ով մարդու իրավունքների հարցում հսկայական փորձ ունի, Արա Ղազարյանը, Վահե Գրիգորյանը:

-Իսկ վստա՞հ եք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովն արդար մրցույթ կիրականացնի:

-Վստահում եմ, քանի որ շատ կանոնակարգված էր, թե ինչպես պետք է անցնի մրցույթը:
Քնար Մանուկյան




Լրահոս