Կառավարությունն այսօր հավանության կարժանացնի «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» նախագիծը, որը Կառավարության նիստին կներկայացնի ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանը:
Համաձայն նախագծի հավելվածի՝ սույն պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերին: Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ՀՀ-ն դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ:
«Եթե մինչև սույն պայմանագրի ուժի մեջ մտնելը ստորագրվի կամ ուժի մեջ մտնի Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործելու հետ կապված հարցերով միջազգային պայմանագիր, Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն միանալու այդ միջազգային պայմանագրին առանձին արձանագրությամբ:
Սույն պայմանագրի` ուժի մեջ մտնելու պահից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև` Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, որոնք գործում են սույն պայմանագրի` ուժի մեջ մտնելու պահին, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում», – նշված է որոշման հավելվածում: