Ամուսնուս սպիներից անդադար թարախ է հոսում. դատապարտյալի կինը հուսահատված դիմում է նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով վերջերս «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ»-ում ինքնավնասում էր արել` գամելով ոտքերը, շարունակում է հանդիպում պահանջել Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

Նրա կինը` Կարինե Հակոբյանը, բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ամուսինս` Արտակ Հակոբյանը, շտապ «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»` բուժում ստանալու: Սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օրվա պատասխանատու հերթապահը` Սմբատ Հակոբյանը, դիտավորությամբ, միտումնավոր կռիվ է սկսում ամուսնուս հետ` նրան դրդելով ինքնավնասման: Ամուսինս գամում է ոտքերը, կտրում ոտքերի և ձեռքերի զարկերակները: Երեկ` հոկտեմբերի 1-ին, կարճատև տեսակցության էի գնացել ամուսնուս մոտ: Առանց չափազանցության պետք է ասեմ, որ նա, բառիս բուն իմաստով, կիսամեռ վիճակում էր: Բժիշկներն էլ, կարծես, պատվեր կատարելով, ոչ մի օգնություն նրան չեն ցուցաբերում: Նույնիսկ դատաբժիշկ չի այցելել Արտակին` սեպտեմբերի 26-ից առ այսօր: Ամուսնուս սպիներից անդադար թարախ է հոսում, և սա, միանշանակ, Սմբատ Հակոբյանի գործողությունների հետևանքն է:

Հարգելի՛ նախագահ, ներողություն եմ խնդրում Ձեզանից, որ իմ ընտանիքում տիրող նման հարցով անհանգստացնում եմ Ձեզ: Սակայն Դուք եք մնացել մեր վերջին հույսը: Խնդրում ենք Ձեզ` հանձնարարել իրավապահ համապատասխան մարմիններին, որպեսզի քննություն իրականացնեն և քրեական գործ հարուցեն ամուսնուս այդ վիճակին հասցնողի նկատմամբ:

Մեր խնդրանքը մերժելու և այս հարցին ընթացք չտալու դեպքում ողջ ընտանիքով կհավաքվենք նախագահական նստավայրի առջև և անժամկետ հացադուլ կհայտարարենք:

«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կին` Կարինե Հակոբյան»:




Լրահոս