ՀԱԿ-ը կփոխի պատկերն ԱԺ-ում. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում պատկերը կփոխվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` կանխատեսելով, որ ներկայիս խորհրդարանական ուժերին կմիանա նաև Հայ ազգային կոնգրեսը: “Կարելի է դիտարկել բազմաթիվ սցենարներ, սակայն ամենահավանական սցենարի համաձայն` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դժվար թե ստանա ապագա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը, իսկ նոր կոալիցիայի ստեղծումը կդառնա օբյեկտիվ անհրաժեշտություն”,- ասաց Մարկարովը: ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի կարծիքով` դեպքերի զարգացման լավագույն սցենարներից մեկի համաձայն` ՀՀԿ-ից բացի, կոալիցիայի ստեղծման համար անհրաժեշտ ձայներ կստանա նաև “Օրինաց երկիր”-ը: Երկու կուսակցությունները կստեղծեն կոալիցիա ու կշարունակեն իրենց գործունեությունը: Մեկ այլ` ոչ պակաս սցենարի համաձայն` “Օրինաց երկրից” բացի, կոալիցիայում կընդգրկվի նաև երրորդ քաղաքական ուժը: Երրորդ սցենարի համաձայն` կստեղծվի մեծ կոալիցիա, որտեղ դերակատարները մուտք կգործեն` թելադրելով իրենց պահանջները, և այստեղ կառաջանա իշխանությունը կիսելու անհրաժեշտություն: “Հարցն այստեղ նրանում է` ո՞ւմ հետ և որքա՞ն է պատրաստ կիսվել ՀՀԿ-ն”,- ասաց քաղաքագետը:
Նա ներկայացրեց նաև ՀՀԿ-ի համար ճգնաժամային մի սցենար, երբ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը միավորվի մեկ այլ կուսակցության հետ` կոալիցիայից դուրս թողնելով ՀՀԿ-ին, և խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվի “ԲՀԿ-ն այլ կուսակցություններ” ձևաչափով:




Լրահոս