Արդեն հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան ավելի քան 1 տարի ռազմագերու կարգավիճակում գտնվող Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք:
Վերջինս իրեն դիմավորած հայրենակիցներին հայտնել է, որ ցանկանում է շարունակել ծառայությունը:
Armlur.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրեց, որ երբ գերին ցանկություն է հայտնել երրորդ երկիր տեղափոխվել, իրենք շարունակել են նամակագրական կապ պահել վերջինիս հարազատների հետ և շարունակվել դա այնքան ժամանակ, քանի դեռ նա չէր լքել մյուս կողմը:
«Իշխանությունների հետ բանակցությունները տարվել են այնքան ժամանակ, քանի դեռ գերին չէր լքել այդ երկիրը: Այն բանից հետո, երբ նա դուրս եկավ, մեր լիազորությունները նրա հետ կապված աշխատանքներում դադարել են: Որևէ առչություն մենք չենք ունեցել»,- հայտնեց ԿԽՄԿ աշխատակիցը:
Նշենք, որ Հակոբ Ինջիղուլյանի գտնվելու վայրը պետք է գաղտնի մնար` հնարավոր վտանգից խուսափելու համար:
Այս առիթով Armlur.am-ը զրուցեց հայրենադարձված գերու եղբոր` Հարությունի հետ, ով վստահաբար ասաց. «Հայաստանում Հակոբին որևէ վտանգ չի կարող սպառնալ: Նա ասել է, որ ցանկանում է ծառայել և շարունակել իր պարտքը տալ հայրենիքին: Դրանից բացի՝ Հակոբը հստակ ասել է, որ Ադրբեջանի հետ իր հաշիվներն ունի»,- նշեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` միաժամանակ ավելացնելով, որ Հակոբը, ինչպես բոլորը, պատրաստվում է սովորել, ընտանիք կազմել և ապրել իր հայրենիքում:
Հարությունը հայտնեց նաև, որ մի քանի ժամից իր եղբայրը բժշկի կայցելի` իմանալու համար՝ ինչ առողջական խնդիրներ ունի, իսկ այս պահին նրա հետ ամեն ինչ կարգին է, գանգատներ չունի: