Շուտով Գյումրիում կավարտվի աղետի գոտում տուժած ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցը. Ն. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև հիմա 3240 տուժած ընտանիք էր աղետի գոտում, և 2795-ին ապահովվել էինք բնակարաններով: Հիմա Գյումրիում դեռևս 450 ընտանիքի մոտ կա բնակարանի խնդիր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

«Կառավարությունը որոշել է, որ այդ ընտանիքներին տրամադրելու ենք բնակարանների գնման վկայագրեր: Այս խնդիրը քննարկել ենք վերջին 3-4 ամիսներին և որոշել ենք ոչ թե նորից բնակարաններ կառուցել, որը երկարատև պրոցես է, այլ՝ բնակարաններ տրամադրել այս տարբերակով»,-ընդգծեց Սարգսյանը:

Նախարարը նշեց, որ Գյումրիում ազատ բնակարաններ շատ կան, և եթե ԲԳՎ-ով (բնակարանների գնման վկայագիր) բնակարան տրամադրեն աղետի գոտում տուժած ընտանիքին, ապա դա ավելի արագ և ճիշտ կլինի:

«Սա փորձված եղանակ է, կիրառվել է նախկինում և դրական արդյունքներ է տվել: Կարտացոլվի իրական շուկայական գինը բնակարանների համար: Մենք հանդիպել ենք նաև բնակիչների հետ, իրենք նույնպես համաձայն են այս տարբերակին: 450 ընտանիքի կեսին այս տարվա վերջ կտրամարդենք ԲԳՎ-ներով բնակարանները, իսկ մյուս կեսինˋ 225 ընտանիքներին կտրամադրենք բնակարաններ 2015-ին: Եկող տարի կավարտենք Գյումրիում աղետի գոտում տուժածներին բնակարաններ տրամարդելու հարցը»,- հայտարարեց նախարարը:




Լրահոս