Երբ լուրջ իրադարձություն է տեղի ունենում, հանրայինում չկա. պատգամավորները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. աշխատանքի հաշվետվության ներկայացումը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ Հանրայինը օպերատիվ ու անաչառ չէ:

«Հանրայինը պետք է սպասարկի հանրության բոլոր շերտերի շահերը: Դա ձեր կանոնակարգում է նշված: Սակայն ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ հանրային լուրջ իրադարձություն է տեղի ունենում, սակայն Հանրայինում տեղ չի գտնում: Դուք ասում էիք, որ հասարակության 80 տոկոսը դեմ է Կենսաթոշակայինին, բա ինչի էդ 80 տոկոսի տեսակետը Հանրայինով չներկայացվեց: Ես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից եմ, Հանրայինով եթեր չեմ ունեցել:

Առևտրականները ԱԺ ի դիմաց, Գյումրիում, ամենուր բողոքում են, Հանրայինով չկա: Պետրոսը օպերատիվ հրավիրեց փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցչին: Ստացվում է, որ մարդը օպերատիվ, անաչառ լուրեր է ուզում, Հանրային չի նայելու: Օպերատիվ արձագանքման խնդիրը հանրայինը չի ներկայացնում», – ընդգծեց նա:

Հանրային հեռուստաընկերության աշխատանքին անդրադարձավ նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և կարևոր համարեց ֆինանսական հատվածի թափանցիկ լինելը:

«Ինձ համար նախընտրելի կլիներ, որ ֆինանսական հատվածն ավելի բացված լիներ: Մասնավորապես, կարդում ենք, որ Հանրայինը բյուջե 12 մլն շահույթ է փոխանցել: Մի կողմից՝ ուրախալի է, մյուս կողմից՝ հարցեր են առաջանում:

Կարդում ենք, որ վարկային միջոցներ են ներգրավվել, իսկ այնուհետև պետբյուջեն 850 մլն դրամ է փոխանցել, որով փակվել են նաև վարկային հարցերը:
Ես բարձր եմ գնահատում «Հայլուր»-ի տեխնիկական հնարավորությունները, պրոֆեսիոնալիզմը, սակայն պարզ է, որ տեխնիկապես հնարավոր չէ այդ կարճ րոպեներում ներկայացնել ողջ քաղաքական անցուդարձը:

Դրա համար առաջարկում եմ ստեղծել առանձին հաղորդում, որի ընթացքում ուղիղ խոսք կլինի: Հնարավորություն կտրվի դրանով քաղաքական ուժերին ներկայացնել իրենց ասելիքը, չդժգոհել ժամանակից: Համահայկական տարողության հաղորդումներ ևս ձևավորելու կարիք ունենք, քանի որ սփյուռքից լուրջ լսարան ունենք: Հայ դատը ևս անտեսել պետք չէ: Պետք է փորձագիտական կենտրոնների մասնակցությունը ևս ապահովել գործընթացին», – հավելեց նա:




Լրահոս