“Բարգավաճ Հայաստանի” նախընտրական շտաբի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ընտրողների անձնագրերում դրվող օքսիդացող կնիքներին, ասաց, որ կատարվեց այն, ինչից իրենք զգուշանում էին։
Նաիրա Զոհրաբյան նաև ասաց, որ քիչ հետո “Բարգավաճ Հայաստանի” նախընտրական շտաբը հանդես կգա հայտարարությամբ, որը վերաբերում է ընտրողների անձնագրերում դրվող կնիքների օքսիդացմանը:
Դրանք, ինչպես armlur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը, օքսիդանում են 3-4 րոպեում, ինչը կրկնակի քվեարկությունների համար լայն հնարավորություններ է ստեղծում:
Նման ահազանգեր ԲՀԿ շտաբը ստացել է համատարած՝ մայրաքաղաքի և ՀՀ բոլոր ընտրատարածքներից:
“Կատարվեց այն, ինչից մենք զգուշանում էինք և ինչի մասին զգուշացրել էինք ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին: Սա գնահատում ենք որպես նախապես ծրագրված սցենար՝ կրկնակի քվեարկությունների համար: Այս ձևով ժողովրդավարություն չեն կառուցում, և սա ընտրակեղծարարներին չի ներվելու”,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ նախընտրական շտաբը տեսանկարահանել է օքսիդացման գործընթացը և այս մասին տեղյակ է պահել ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներին, որոնք քիչ հետո ժամանելու են ԲՀԿ նախընտրական շտաբ, իսկ մինչ այդ այցելելու են Աջափնյակի ընտրատեղամասեր, որպեսզի անձամբ համոզվեն, որ կնիքներն օքսիդանում են։
Օքսիդացման մասին տեղեկացվել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով ասելով, որ տեղյակ է խնդրից առաջարկել է, խանութից բերել սովորական թանաք և խառնել:
Տիգրան Մուկուչյան հայտնել է, թե այս մասին զգուշացված են ընտրական հանձնաժողովները: Սակայն Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ընտրատեղամասերի նախագահները համատարած հրաժարվում են ընդունել և խառնել սովորական թանաքը՝ ասելով, թե ,մենք ի՞նչ իմանանք, սա ինչ թանաք է”: