ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՎԱՍԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հայաստանում նոր ու բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. իշխանության դեմ է դուրս եկել եւ իշխանության համար պայքարում է մի ուժ, որը պատրաստվում է մարդկային ռեսուրսների «դեմ» մարդկային ռեսուրս «հանել», փողին փողով հակակշռել, իսկ ուժին՝ ուժով:
Աբովյան քաղաքում նախօրեին կայացած եռյակի հանրահավաքին բավականին մեծ թվով մարդիկ էին մասնակցում, եւ այն կազմակերպել էր ոչ միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանն (Շշերի Մելո) էր հանրահավաքին մարդ «բերել»։ Նա իր շշերի գործարանի աշխատակիցներին հրահանգել էր մեկ մարդու պես համախմբվել ու տաքսիներով «իջել» են հանրահավաքի: Բնականաբար, կային նաեւ փողով ներկայացածներ: Իսկ ինչ վերաբերում է ուժին, ապա այն առավել ցցուն կդրսեւորվի, թերեւս, հոկտեմբերի 10-ին, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ բացված ազատամարտիկների երկու միավորումները կմիանան եռյակի «շարժմանը»: Այնպես որ՝ հետաքրքիր իրավիճակ է սպասվում ԲՀԿ-ի եւ նրա շուրջ խմբված ուժերի ու իշխանության կռվում:

 

 
Նախօրեին Արցախի Դաշնակցության կենտրոնական կոմիտեն բավականին երկար նիստ է անցկացրել: «Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանից պարզել, թե ինչ են քննարկել: Պատգամավորը չցանկացավ օրակարգի մասին որեւէ բան ասել՝ մատնանշելով, որ այն, սովորաբար, գաղտնի է պահվում: Մեր հարցին, թե անդրադարձ եղե՞լ է Սերժ Սարգսյանի ելույթին՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին, երբ ասաց թե «Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»», Սարգսյանն ասաց՝ ոչ, քանի որ Դաշնակցության տեսակետը, արձանագրությունների հետ կապված, բոլորի համար էլ պարզ է. նրանք դեմ են: Դիտարկմանը, որ Հայաստանի ՀՅԴ-ն կրկին ցանկանում է ՀՀ իշխանությունների հետ կոալիցիոն հուշագիր ստորագրել, Արցախում ողջունո՞ւմ են այդ մտադրությունը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ղարաբաղի Դաշնակցությունը նման լուր չունի»:

 

 
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Միկա լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել՝ պահանջով՝ սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն: Այս նորությունը խիստ անհանգստացրել է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցներին, ինչպես նաեւ այն ուղեւորներին, ովքեր ունեն հետաձգված չվերթերի ավիատոմսեր: Կարինե Դանիելյան անուն-ազգանունով մի քաղաքացի մեզ հայտնեց. «Ես ուղեւորներից մեկի լիազորված անձն եմ: Իմ բարեկամը գնել է մոտ 9 տոմս, որոնց արժեքը գերազանցում է մեկ մլն դրամը: Դրանք հետաձգված են ու մենք այսօր հայտնվել ենք անելանելի դրության մեջ, որովհետեւ «Արմավիա»-ն արդեն լուծարման գործընթացի մեջ է. ո՞վ պետք է վճարի մեր գումարները»: Այսպիսով, Սերժ Սարգսյանի երբեմնի հավատարիմ Միխայել Բաղդասարովը ամեն դեպքում որոշեց գնալ սնանկացման ճանապարհով:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վերջերս աշխատանքից ազատել է շուրջ 11 աշխատակցի: Պատճառն այն է եղել, որ աշխատակիցները չեն կարողացել ապահովել համայնքային բյուջեի մուտքերը: Տեղեկացանք նաեւ, որ Սադոյանի գործելաոճից վերջերս սկսել են դժգոհել նաեւ Երեւանի քաղաքապետարանում, քանի որ նա ոչ միայն չի կարողանում բյուջեի մուտքերն ավելացնել, այլեւ քաղաքացիների բողոքները Կենտրոն թաղամասից սկսել են շատանալ: Թեեւ չի բացառվում, որ այս դժգոհությունն այլ պատճառ ունի. ինչպես հայտնի է՝ Սադոյանի վրա Տարոն Մարգարյանն իրականում ազդեցություն չունի, քանի որ նա ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է: Ամեն դեպքում, պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Արա Սադոյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանում էր այլ տղամարդ՝ նշելով, որ Սադոյանը խիստ զբաղված է:

 

 
ՈՉ ՊՈՊՈՒԼՅԱՐ

ՀՀ իշխանությունները մեր ժողովրդի ցածր կենսամակարդակի համար կարող են ներկայացնել հազարումի պատճառաբանություն` սկսած երկրի պատերազմական վիճակից, ավարտած` վատ Սահմանադրությամբ: Իր հերթին` ընդդիմությունը եւս առաջ է քաշում բազմաթիվ համապետական, խորքային խնդիրներ` սկսած համակարգային կոռուպցիայից, ավարտած` գործող լավ Սահմանադրության ոտնահարումով: Եվ այս գլոբալ հարցերի շուրջ երկուստեք հակադարձումների արանքում դուրս է մնում շատ ավելի առարկայական եւ հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ծրագրերի ոչ միայն իրականացումը, այլեւ դրա պահանջը:
Երեկ, օրինակ, ՀՀ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հայտարարել է, որ այս տարի Շիրակի մարզում կարտոֆիլ չի աճել, քանի որ գյուղացիների բերքը վառվել է` ոռոգման ջրի բացակայության պատճառով. «Մեր Արարատյան դաշտի հողերն այս տարի անջրդի մնացին ոչ թե որ մենք ջրամբար չունենք, այլ որ՝ մի շարք փոքր հէկ-եր ունենք: Կամ իշխանությունները փակում են փոքր հէկ-երը, կամ մենք գյուղատնտեսություն այլեւս չենք ունենալու»,-ահազանգել է ոլորտի փորձառու մասնագետը: Նա նաեւ կանխատեսել է, որ այս ամենի ադյունքում կարտոֆիլի գինը կթանկանա` հասնելով 200-ից 300 դրամի։
Թե ինչ նշանակություն ունի կարտոֆիլի բերքը ողջ Շիրակի, եւ մասամբ նաեւ այլ մարզերի գյուղացիների համար, թերեւս մանրամասնելու կարիք չկա: Պարզ է նաեւ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով թերսնվող մեր ազգաբնակչության շուրջ 40 տոկոսի համար այս բանջարեղենի էժան գնի կենսական կարեւորությունը, ուստի առանց կասկածի կարելի է պնդել, որ Բերբերյանի բարձրացրած խնդրին ժամանակին պատշաճ ուշադրություն չդարձնելու արդյունքում ՀՀ բնակչության կենսամակարդակն անկում է գրանցելու: Բայց սա չի հուզում ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմությանը: Հակառակ դեպքում` առաջինները կսահմանափակեին իրենց յուրայինների «գայլային» ախորժակը` պահանջելով, որ նրանք գետերից վերցնեն նորմատիվներով սահմանված չափի ջուր: Իսկ ընդդիմությունն էլ քայլեր կձեռնարկեր իշխանությունների վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ` այդ հարցում համագործակցելով նաեւ բնապահպանական-քաղաքացիական ակտիվ շրջանակների հետ:
Առայժմ, սակայն, հէկ-երի` ՀՀ-ի էկոհամակարգի վրա կործանարար ազդեցության մասին ահազանգում են միայն բնապահպաններն ու մամուլը: Իսկ ազգընտիրների օրակարգում այս հարցն այդպես էլ չի հայտնվում:
Այն, որ իշխանությունները չեն ցանկանում փակել հէկ-երից իրենց գրպանը հոսող անաշխատ եկամտի ծորակը, հասկանալի է: Անհասկանալի է, թե ինչու ընդդիմությունը նման «մանր» խնդիրներն արժանի չի համարում իր թանկ ուշադրությանը: Ի վերջո շատ հեշտ է Սերժիկ, Միշիկ, Սաշիկ հեռացիր բղավելով` մարդկանց պահել հրապարակում, սակայն եթե ցանկություն կա ժողովրդի վիճակն իրապես բարելավելու եւ նրա հոգսը դույզն-ինչ թեթեւացնելու, ընդդիմությունը պետք է պայքարի նաեւ նման «ոչ պոպուլյար» խնդիրների լուծման համար:

 




Լրահոս