ԼՂՀ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ
ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ իրենց առաջնահերթություններից է ԼՂՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը, քանզի 2015 թվականի ապրիլին Արցախում ԱԺ ընտրություններ են: Իսկ ահա դրանից հետո արդեն ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների հարցը:
-Պարոն Սարգսյան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Նախօրեին Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեում նիստ էր, անդրադարձ եղե՞լ է Ս. Սարգսյանի այդ հայտարարությանը:
-Մենք այդ հարցին չենք անդրադարձել, քանի որ օրակարգային այլ հարցեր ունեինք: Բացի այդ, տվյալ հարցի հետ կապված Դաշնակցության կարծիքը ձեզ բոլորիդ հայտնի է եւ այն երբեւիցե չի փոխվել:
-Տեղեկություններ կան, որ Հայաստանում ՀՅԴ-ն կրկին պատրաստվում է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրել, ինչի նախապայմանը եղել է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:
-Ղարաբաղի Դաշնակցությունը նման լուր չունի, մեկը մյուսի հետ կապել, իմ կարծիքով, պետք չէ: Բայց նման հարցերը կարող եք Գերագույն մարմնին ուղղել, քանի որ Ղարաբաղի ՀՅԴ-ն Հայաստանի ՀՅԴ կազմում չէ, ինքն անկախ միավոր է ու երկուսս միասին կապված ենք ՀՅԴ բյուրոյի հետ: Հետեւաբար մենք այդպիսի բան չենք լսել:
-ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն այժմ միակ ոչ իշանական քաղաքական ուժն է, որը դրական է վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԼՂՀ ՀՅԴ-ն այս հարցում:
-ԼՂՀ Դաշնակցությունը սահմանադրական բարեփոխումների համար պայքարողներից մեկն է, պառլամենտական հանրապետությունը տարիներ շարունակ Դաշնակցության պայքարի գաղափարն է եղել: Այստեղի Դաշնակցությունը եւս պատրաստվում է, որպեսզի ԼՂՀ-ում եւս սահմանադրական բարեփոխումներ լինեն, բայց այսօր մենք աշխատում ենք Ընտրական օրենսգրքի վրա: Ընտրական օրենսգրքի հետ կապված շատ հարցեր կան, որոնց շուրջ այսօր մեր կարծիքը չի համընկնում ուրիշ կուսակցությունների կարծիքների հետ, բայց հույս ունենք ու շարունակում ենք քննարկելը: Մենք եւս պահանջում ենք, որ այստեղ լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգ, հիմա գլխավորն այդ կետն է, իսկ մնացած կետերը միասին քննարկում ենք ու գալիս ենք ինչ-որ մի եզրակացության:
-ՀՀ-ում մեծ դժգոհություն կա սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Ի՞նչ տեսակետներ են հնչում այդ առումով ԼՂՀ-ում:
-Արցախն ունի իր յուրահատկությունը եւ այժմ ինչ-որ բան ասելը ճիշտ չէ, դեռեւս պետք է քննարկենք, հետո ընդհանուր եզրակացության գանք: ԼՂՀ-ում 2015 թվականի ապրիլին Ազգային ժողովի ընտրություններ են, դրա համար մեզ համար առաջնայինը Ընտրական օրենսգիրքն է, երեւի ընտրություններից հետո քննարկենք սահմանադրական փոփոխությունները: Հիմա ցանկանում ենք ավելի կատարելագործված օրենսգիրք ունենալ:
-ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը 3 անդամից է բաղկացած, ինչ եք կարծում, արդյոք Ձեզ կհաջողվի՞ Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում ամրագրել ՀՅԴ մոտեցումները:
-Մենք բոլոր հարցերն աշխատում ենք միասին քննարկել ու մեկ եզրակացության գալ, իհարկե կան հարցեր, որ չենք կարողանում անցկացնել, բայց Ղարաբաղում մի քիչ ուրիշ է, այդպես տարանջատված պատեր կուսակցությունների միջեւ չկան: Մեզ մոտ մի քիչ ավելի հեշտ են քննարկումները, բայց, իհարկե, երբեմն էլ լինում են հարցեր, որոնք սկզբունքային են՝ ստացվում է, կամ չի ստացվում: Ի տարբերություն շատ կուսակցությունների, մեր ծրագրերը ֆիքսված են ու մեկ դաշնակցականն էլ կարող է ներկայացնել ամբողջ կառույցի ծրագրերը:
-Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի հանրային տրանսպորտի սակագինը թանկանալու է` 70-ից դառնալով 100 դրամ: Ի՞նչ է պատրաստվում անել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Տեղեկություններ կան, որ ստեփանակերտցիները պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը միանալո՞ւ է այդ ակցիաներին:
-Այո, մեր խմբակցության պատգամավորն այդ ամենի հետ կապված հարցադրում է բարձրացրել ու որոշակի ակցիաների մեր երիտասարդները մասնակցել են: Կան նաեւ այլ ծրագրեր, որոնք մենք հետագայում կքննարկենք: Ուզում ենք տնտեսական հաշվարկ անել, որպեսզի ավելի կոնկրետ կարողանանք հիմնավորել այն, ինչ կա:
ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՈՒ ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բուռն քննարկում էր. ներկայացված էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը, սակայն, ի վերջո, մերժվեց:
Նախագիծը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
«Նախորդ անգամ, երբ մերժվեց, երկուշաբթի, խմբակցությամբ ուզում էինք մտցնել արտահերթ քննարկման: Բայց պարզվեց, որ այդ դիմումը պետք է աշխատակազմ ներկայացրած լինեինք ուրբաթ օրը՝ մինչեւ ժամը հինգը: Այդ խրթին բարդությունը ես նոր եմ յուրացրել, ընդունում եմ իմ մեղքը»,-այս կերպ իր խոսքը սկսեց Գ. Ջհանգիրյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ են որոշել հարցը կրկին օրակարգում ներառել:
Նախագիծը մանրամասնորեն ներկայացնելուց հետո Գ. Ջհանգիրյանը խոսքը փոխանցեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, ով, ի դեպ, Գ. Ջհանգիրյանի ուսանողն է եղել: «Իհարկե, այս նախագիծն այն նախագիծն է, որի քննարկման ժամանակ պետք է խոսենք Մարտի մեկից, իրացված կամ չիրացված իրավունքներից, կալանավորման միջնորդությունների այս կամ այն սկզբունքային թերություններից: Բնական է: Մենք դա ակնկալում էինք»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահը` նշելով, որ նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել, ինչից էլ կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ի կարծիքն այդ հարցի հետ կապված չի փոփոխվել: Արդյունքում` ձայների՝ 4 կողմ եւ 6 դեմ հարաբերակցությամբ նախագիծը մերժվեց: «Կողմ» քվեարկեցին Գագիկ Ջհանգիրյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այնուհետեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկեց փոփոխություններ կատարել ԱԺ նիստերի պարբերականության հետ կապված: Պատգամավորն առաջարկեց քառօրյան դարձնել եռօրյա ու նշեց, որ նախկինում աշխատել են այդ ռեժիմով: «Որպեսզի ավելի ռիթմիկ, պրոֆեսիոնալ լինի աշխատանքը, մենք առաջարկում ենք նիստերը հրավիրել ոչ թե երեք շաբաթը մեկ, այլ երկու շաբաթը մեկ եւ որ երեք օր տեւի: Այդ դեպքում ավելի շատ հնարավորություն կունենանք թե՛ ելույթներ ունենալու, թե՛ հարցեր քննարկելու համար»,-ներկայացրեց խմբակցության ղեկավարը:
Քննարկումից հետո, սակայն, այս նախագիծը հետաձգվեց, որպեսզի այն հետագայում քննարկվի քաղաքական մյուս ուժերի հետ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՇՏՊԱՆԸ
2014թ. մայիսի 14-ին ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն: Նա Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության փաստաբան Արկադի Իսրայելյանն է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտների հետ, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով չցանկացավ հանդիպումից մանրամասներ ներկայացնել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման աշխատանքները: Ի դեպ, առաջնորդվելով Ժնեւյան կոնվենցիայի դրույթներով, ԼՂՀ իշխանությունները միակողմանի կարգով պատրաստակամություն հայտնեցին հանձնել դիվերսիոն գործողությունների ընթացքում փոխհրաձգության ժամանակ սպանված Հ. Հասանովի դին:
ՈՒՄԻՑ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն օրերս դատարանից նամակ է ստացել՝ հարցադրմամբ. չե՞ք պատրաստվում վճարել Պարույր Հայրիկյանի հիվանդանոցի եւ հետագա բուժման ծախսերը: Այս մասին քրեակատարողական հիմնարկից «Ժողովուրդ»-ին հայտնեց Խաչատուր Պողոսյանը. «Իմ կինը՝ Նոնան, ասել է, որ մենք գումար չունենք տալու Պարույր Հայրիկյանին: Ես էլ ասեմ՝ ԴԱՀԿ-ը եթե գա էլ, ես շատ վաղուց դատարանի կողմից սնանկ եմ ճանաչվել եւ ոչինչ չունեմ»: Ըստ դատապարտյալի՝ փաստաթղթում նշված է, որ հոկտեմբերի 8-ին դատարանն այս գործով որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ Հայրիկյանը դատարան է դիմել Էպոսագետ Վարդան Սեդրակյանից, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից՝ պահանջելով իբրեւ վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ:
ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ
Երեկ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները Մերգելյան ինստիտուտի առջեւից երթով շարժվեցին դեպի ՀՀ ԴԱՀԿ-ի շենք: Վարորդները բողոքում են, որ իրենք ժամանակին վճարում են իրենց տուգանքները, սակայն, չգիտես ինչու, ամիսներ անց ԴԱՀԿ-ից նորից ծանուցում են ստանում: Զայրացած վարորդները ԴԱՀԿ շենքի մոտ բարձրաձայն դուրս կանչեցին այն աշխատակցին, ով կազմում է այդ ծանուցումները: Սակայն, ի զարմանս վարորդների, շենքից դուրս եկավ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Նա զայրացած մոտեցավ վարորդներին եւ առաջարկեց նրանցից մի քանիսին բարձրանալ վերեւ ու քննարկել իրենց հուզող հարցերը: Ավելի ուշ, ոչ մի հայտարարի չգալով Միհրան Պողոսյանի հետ, վարորդները որոշեցին իրենց հաջորդ բողոքի երթն անցկացնել հոկտեմբերի 3-ին: