Առևտրականները խնդիր չեն ունենա. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության ներկայացուցիչները հավաստիացրել են,  որ այն սցենարները, որ կգործեն առաջիկա ամիսների ընթացքում, որևէ տուգանքի կամ պարտադրանքի խնդիր չեն առաջացնի»,- այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի վերաբերյալ» իր մոտ անցկացված խորհրդակցությանը:

Այն դիտարկմանը, թե կա վարչապետի հրաման, որ անհարկի դեպքերում ստուգումներ չեն արվի, ԱԺ նախագահը նշեց՝ փաստաթուղթը տրամադրված է բոլորին:

«Ֆինանսների նախարարն առաջարկեց խմբակցություններին իրենց ներկայացուցիչներն ունենալ այս գործընթացների քննարկումներին:  Կարող են մասնակից դառնալ, ու ես հավատացնում եմ, որ որևէ մեկը` առևտրի կենտրոններից, խնդիր չի կարող առաջանալ: Ըստ էության, կառավարությունը գնացել է նրան, որ հարկերից ազատել է, և շատ զարմանալի է, երբ հարկերից ազատում ես, մարդիկ բողոքում են, ասում են` չէ, թող հարկեր լինեն: Սա նշանակում է՝ ստվեր կա, դրա համար պետք է փաստաթղթավորվի, բայց դա չի արվի այն մեթոդներով, ինչ մեթոդներով որ փորձում են ներկայացնել հասարակությանը, կամ իրենք են փորձում ներկայացնել մեզ», – նշեց նա:

Այն հարցին, թե կիսում է տեսակետը, որ մանրներին ուղղորդում են խոշորները, Գ. Սահակյանը պատասխանեց. «Տարբեր սցենարներ կան, խոշորները կարող են շատ հանգիստ ձևով մի քանի աշխատող ընդունեն, դարձնեն իրավաբանական անձ, և իրենց ապրանքներն առանց փաստաթղթի վաճառեն, խնդիրը սա է»:




Լրահոս