ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԵՌՅԱԿԻՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱԺ երեք ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը, շարունակում են իրենց մարզային այցելությունները: Նրանց երկրորդ հանգրվանը կրկին Կոտայքի մարզն էր, այս անգամ մարզկենտրոն Հրազդանը: Եռյակի ներկայացուցիչներին ի սկզբանե հիասթափություն էր սպասվում. հանրահավաքը սակավամարդ էր:
Ակնհայտ է, որ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա փեսա՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի շնորհիվ էր, որ Աբովյանի հանրահավաքն նախօրեին մարդաշատ էր: Իսկ Հրազդանում մարդիկ ե՛ւ քիչ էին, ե՛ւ պակաս ոգեւորված: Առանձնահատկություններից մեկը, թերեւս, այն էր, որ ի տարբերություն իրեն այլընտրանք հռչակած Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը չէր մասնակցում հանրահավաքին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա իր չմասնակցելն այսպես մեկնաբանեց. «Եթե հանրապետականը միացած լիներ եռյակին` կմասնակցեի, բայց հանրապետականը միացած չէ»: Իսկ ինչո՞ւ եք զգուշացրել մարդկանց, որ ոչ մի գնով հանրահավաքի չմասնակցեն՝ «Ժողովուրդ»-ի այս հարցին քաղաքապետ Դանիելյանը ինքնավստահ ասաց, թե Հրազդանի բնակիչներն ազատ են եւ իրենք են որոշելու մասնակցել հանրահավաքին, թե ոչ: Նա հայտարարեց, որ որեւէ մեկին հատուկ ոչինչ չի հրահանգել:
Ի տարբերություն Աբովյանի, Հրազդանում իշխանությունները, կամ եռյակին «չսիրող» այլ ուժեր հանրահավաքի մասնակիցների մեջ «ականներ» էին շարել. ինչ- որ կանայք խոչընդոտում էին հռետորների ելույթները: Նրանք գրեթե բոլոր ելույթների ժամանակ ընդդիմադիրներին կոչ էին անում հեռանալ իրենց քաղաքից. «Չենք միանալու ձեզ, ամոթա, ամոթ»,- բղավում էր կանանցից մեկը: Սակայն դա չխանգարեց պատգամավորներին ոչ միայն ելույթ ունենալ, այլեւ անդրադառնալ հենց այդ կանանց եւ նրանց հրապարակ ուղարկած իշխանավորներին: Օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթի սկզբում նախ կոչ արեց իրեն լսել չցանկացողներին հեռանալ, իսկ այնուհետեւ հավելեց. «Այսօր մարդիկ կան այստեղ, որ եկել են հրահրելու, բայց մի՛ մեղադրեք այդ մարդկանց, իրենք մեղավոր չեն, որ սոցիալական այնպիսի վիճակում են, որ ուզած-չուզած այսօր այստեղ են ու այդ պատվերն են կատարում»: Մարտիրոսյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է նախօրեին, երբ իշխանությունները տեսան Աբովյանի հանրահավաքի բազմամարդ լինելն ու որոշեցին քայլեր ձեռնարկել:
Հանրահավաքը խանգարողներին անդրադարձավ նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Մի խնդրանք ունեմ, փոխանցե՛ք իմ անունից: Նրանք, ովքեր ձեզ ուղարկել են, ասեք՝ թող շալվարները տան, ձեզ հետ բերեք: Ասեմ ձեզ՝ նրանք, ովքեր ուղարկել են, պարազիտներ են, նրանք ձրիակերներ են, նրանք բաշիբոզուկներ են: Իմ անունից փոխանցե՛ք, որ վաղը-մյուս օրը նրանք իրենց կանանց են ուղարկելու ձեր փոխարեն, իրենց քույրերին են ուղարկելու»:
Երեկվա հանրահավաքի ժամանակ եւս հնչեցին ամենատարբեր թեմաներին առնչվող ելույթներ: Կրկին հիշեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բավականին կոպիտ որակումներ տվեց նախօրեին լկտի պահվածքով աչքի ընկած «Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին: Նա հայտարարեց. «Արդյո՞ք գործող Սահմանադրությունն էր մեղավոր, որ երեկ ոսկու շուկայում կենդանու նման մի անասուն, անասնակերպի մեկն ուղղակի քացով իր աշխատողների սեղաններն էր ջարդում: Այդ կենդանակերպը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության` իր աշխատողներին ստրուկի ու ճորտի պես վերաբերվելու համար»: Հիշեցնենք, որ Վաղարշ Աբրահամյանը, տեսնելով, որ իր տարածքը վարձակալած առեւտրականները բողոքում են կառավարության նոր հարկային քաղաքականության դեմ, ջարդել էր առեւտրականների սեղանները:
Հանրահավաքին մասնակցեցին եւ ելույթ ունեցան նույն մարդիկ եւ եռյակի կուսակցապետերը դարձյալ ներկա չէին հանրահավաքին: Նրանք դեռ սպասում են, որ ավելի մարդաշատ հանրահավաք լինի:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Սեպտեմբերի 29-ին՝ երկուշաբթի օրը, մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը: Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս անգամ ԵԽԽՎ հայկական պատվիրակության մասնակիցներին բարդ օրեր են սպասվում, քանի որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը երկու հակահայկական բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ. մեկով նախատեսվում էր կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները` որպես ագրեսոր երկրի, իսկ երկրորդով էլ ադրբեջանցիները, որի տակ ստորագրել էին թուրք եւ եվրոպացի մի շարք պատգամավորներ, առաջարկում էին կրկին բանաձեւ-զեկույց նախապատրաստել Արցախի մասով: Նշել էինք նաեւ, որ առաջին նախագիծն ուղարկվել է մոնիթորինգի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ դա իրավական որեւէ հետեւանք չի կարող ունենալ: Իսկ ԼՂՀ հարցի հետ կապված բանաձեւը ԵԽԽՎ բյուրոն ուղարկել է քաղաքական հանձնաժողով, որպեսզի զեկույց-բանաձեւ նախապատրաստվի:
Տեղեկացնենք, որ երկուշաբթի օրը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը մեկնելու է Ստրասբուրգ՝ նիստին մասնակցելու: Ու բնական է, որ նրանք ԱԺ քառօրյա նիստերին չեն մասնակցելու:
ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Այս ազատումն ուշագրավ է այնքանով, որ սեպտեմբերի 1-ին աշխատանքից ազատվեց նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը: Իսկ օրեր անց՝ այս պաշտոնում նշանակվեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Հավանաբար, Հակոբյանն իր հետ հավատարիմ մարդկանց է տանում ջրային կոմիտե եւ կադրային փոփոխությունները դեռ առջեւում են:
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում գործունեություն ծավալելիս տապալեց այն: Մարզը գրեթե հանձնել էր ԲՀԿ-ին ու ԲՀԿ-ամերձ շրջանակներին, դրա համար էլ Սերժ Սարգսյանը որոշեց Սուրեն Խաչատրյանին վերանշանակել, որպեսզի ահ ու սարսափի մթնոլորտը կրկին գերիշխող լինի ՀՀԿ-ական բդեշխի ձեռամբ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԶԱՎԹԱԾ ՕԲՅԵԿՏՈՒՄ
Մարզահամերգային համալիրի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը երեկ հայտարարել է, թե Անկախության օրվան նվիրված միջոցառումը տոնել են զավթած օբյեկտում եւ ապօրինի շահագործվել է ուրիշի շարժական գույքը. «Անկախության տոնի միջոցառման ժամանակ շահագործվել է Մարզահամերգային համալիրի շարժական գույքը, որը համալիրին չի պատկանում եւ որի շահագործումն օրենքով արգելվում է: Երբ ԴԱՀԿ ծառայությունը վերցրեց շենքը, մենք դիմեցինք բաշխիչ էլեկտրական ցանց, որ հոսանքազրկեն համալիրը, որովհետեւ մենք պարտավոր չենք դրա ծախսը վճարել: Սեպտեմբերի 21-ին ամբողջ լույսերը միացված էին, հետաքրքիր է հարցնել` ում հաշվին: Այսինքն` նորից կա օրենքի խախտում»,-նշել է նա:
ԱՂՈՒՀԱՑՈՎ ԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ
Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տարբեր պետական հիմնարկների ծառայողներ պարտադրված կերպով եկել եւ Երեւան-Կապան ճանապարհի հայտնի զանգերի մոտից դիմավորել են: Ավելին` վերադարձած մարզպետին Գորիսում դիմավորել են աղուհացով: Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, Գորիսի թիվ 6 դպրոցի տնօրեն Արամայիս Փարսյանը հայտարարել է, թե իրենց ոչ ոք ոչինչ չի հրահանգել։ «Ես ներկա եղել եմ, գնացել ենք մեր մարզպետին դիմավորելու: Մեզ ոչ մեկ չի հրահանգել: Մենք ուղղակի ժամն ենք իմացել, գնացել ենք, դիմավորել ենք: Սյունեցիները շատ ուրախ են, որ ինքը վերադարձել է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Սյունիքում երբեք վախի մթնոլորտ չի եղել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ս. Խաչատրյանի վերադարձի դեմ մեծ հանրահավաք էր տեղի ունեցել Գորիս քաղաքում:
ԴԻԱԿԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԵԼ
Նախօրեին մահացած Սերոբ Տեր-Պողոսյանի դին դեռեւս պարզ չէ` ում է հանձնվել, կամ արդեն հանձնվե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին Armlur.am-ին ասել է ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Տեր-Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության պատասխանը եւս առայժմ չի տրվել: Մանկապղծության համար 15 տարով դատապարտվելուց հետո Տեր-Պողոսյանի սեփականությունը տնօրինում էր կինը` Մադլեն Թաշճյանը: Սակայն վերջինս արդեն տեւական ժամանակ է` անհետացել է, եւ ոչ ոք տեղյակ չէ, թե որտեղ է նա գտնվում: Հաշվի առնելով կնոջ բացակայությունը եւ ժառանգներ չունենալու հանգամանքը` հնարավոր է` ամերիկահայ գործարարի դին հանձնվի եղբայրներին՝ Պարույրին եւ Րաֆֆիին:
ԿՀԱՆԴԻՊԻ
Վլադիմիր Պուտինը Աստրախանում Կասպիական ֆորումի շրջանակներում սեպտեմբերի 29-ին առանձին հանդիպումներ կունենա Իրանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Կրեմլի հաղորդմամբ՝ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
ՄԻԱՁԱՅՆ
Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Անհրաժեշտ 226 ձայնի դեպքում «կողմ» է քվեարկել 441 պատգամավոր, ոչ ոք դեմ չի եղել, 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
ԿԱԼԱՆՔ ԵՆ ԴՐԵԼ
Մոսկվայի արբիտրաժային դատարանը Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով կալանք է դրել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վրա, որոնք պատկանում են օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի ընկերությանը: Այս ֆոնին «Սիստեմա»-ի եւ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը շարունակել են կտրուկ անկում գրանցել:
ԿԱՇԱՌՔԸ ՁԵՌՔԻՆ
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները նախօրին կաշառք ստանալու պահին ձերբակալել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանին: Նա Երեւան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց վերջինիցս պահանջել եւ ստացել է 1.700 ԱՄՆ դոլար կաշառք: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: