ՎԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՎ ՓՐԿՎԵ՞Լ ԵՆ
Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Պարզվում է՝ այս գործով անցնող որոշ պաշտոնյաներ չկատարելով գործին հնչեղություն ապահոված մարդկանց պահանջը, կկրեն իրենց պատիժը:
Դատական դեպարտամենտում իրականացված չարաշահումների գործը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2013թ. հունիսի սկզբին: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ դեռեւս այն ժամանակ, երբ ստեղծվեց դատական կարգադրիչների ինստիտուտը, Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը կառավարությունից ստացել էր շուրջ 150 լրացուցիչ հաստիք, սակայն նշանակումներ չէր կատարել` այդ հաստիքներին հասանելիք աշխատավարձի եւ պարգեւավճարների գումարները բաշխելով աշխատող շուրջ 800 կարգադրիչների վրա՝ այդպիսով փորձելով ապահովել կարգադրիչների համար հնարավորինս բարձր աշխատավարձեր: Սակայն ՎԴ ղեկավարության փոփոխությունից կարճ ժամանակ անց համակարգի որոշ ներկայացուցիչներ որոշել են այդ 150 հաստիքներից ստացվող գումարները ոչ թե բաժանել դատական կարգադրիչներին, այլ կիսել իրար մեջ` մի քանի հոգով յուրացնելով ամբողջ գումարը: Այս գործընթացը շարունակվել է ավելի քան երեք տարի, որի ընթացքում յուրացվել է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց 13 հոգու եւ հուլիսի 23-ին ուղարկվեց Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ամբաստանյալի աթոռին հայտնվեցին ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը, տեղակալ Գեղամ Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, Արմեն Ավագյանը, Բագրատ Արիկյանցը, Արեգ Գասպարյանը, Արման Փալիկյանը, Մերուժան Կյուրեղյանը, Յուրա Մուշկիդյանովինը, Եղիազար Սարգսյանը, Սաթենիկ Հովհաննիսյանը եւ Անգին Ղուկասյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործից մաս է անջատվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ, որի նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
Որտեղից սկսվեց ամեն ինչ
Ըստ մեզ հասած տեղեկությունների` դեռեւս այն ժամանակ Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը, ով Հայաստանի գլխավոր դատախազի աթոռին տիրանալու լուրջ հավակնություններ ուներ, ջանք ու եռանդ չի խնայել գործին հնարավորինս մեծ հնչեղություն ապահովելու համար: Նա ջանք չի խնայել այս գործով անցնող ամբաստանյալներից կորզելու այնպիսի ցուցմունքներ, որոնք իրեն են պետք: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, այս գործով անցնող բոլոր նրանք, ովքեր ցուցմունք կտան, թե յուրացումները կատարել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի իմացությամբ նրանց պատիժը կմեղմվի: Իսկ ովքեր կհրաժարվեն Մկրտումյանի դեմ ցուցմունք տալ, կշարունակեն պատժվել: Նրանց նախ պատժել են՝ արգելելով հարազատների հետ հանդիպել, անգամ թույլ չեն տվել տեսնել իրենց անչափահաս երեխաներին: Օրինակ՝ ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանին սկզբում պահել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի ընդհանուր հանցագործների խցում: Եվ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո են Գրիգորյանին տեղափոխել հատուկ խուց:
Իսկ ովքե՞ր են «պլստացել»
Մեզ հասած տեղեկություններով՝ այս գործով անցնող Լոռու մարզի դատարանի կարգադրիչների պետ Մերուժան Կյուրեղյանն, օրինակ, շարունակում է աշխատել իր պաշտոնում: Նա, ըստ երեւույթին, կատարել է համապատասխան մարդկանց պահանջները եւ դրա համար էլ շարունակում է մնալ իր պաշտոնին: Երբ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել, Կյուրեղյանը լսելով հարցը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե նիստի է:
Իսկ ինչ վերաբերում է գործից անջատված մասին, որը քննվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մասով, ապա այստեղով անցնող Արտակ Գեւորգյանը եւս շարունակում է աշխատել որպես Շիրակի մարզի դատարանի կարգադրիչների պետ: Իր պաշտոնին է շարունակում մնալ նաեւ այս գործով անցնող Շիրակի մարզի կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի աշխատակից Թաթուլ Ղուկասյանը: Մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել. վերջիններս նույնպե՞ս կատարել են շահագրգիռ մարդկանց պահանջը, թե՞ զուգադիպություն է, որ բավականին ծանր մեղադրանքով քննվող գործում ներգրավված լինելով շարունակում են պաշտոնավարել: Արտակ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե իր մեղքը չի ապացուցվել դրա համար էլ շարունակում է աշխատել, իսկ ահա Թաթուլ Ղուկասյանը դիվանագիտական պատասխան տվեց. դատարանը կորոշի ամեն ինչ:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ թեեւ աղմկահարույց այս գործով բազմաթիվ «խոշոր ձկներ»-ի անուններ շրջանառվեցին, սակայն ինչպես միշտ՝ մանր ձկներն են հայտնվել ցանցավանդակի մեջ:
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍԱՆԻԿԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էր: Պատճառը Արթուր Սարգսյանի կողմից արված խոշոր հափշտակությունների գործն էր, որը նա իրականացրել էր՝ ներկայանալով որպես ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ:
Ըստ գործի նյութերի՝ Արթուր Սարգսյանը իմանալով, որ իր եւ ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետի անուն-ազգանունը համընկնում են, 2008-ին ներկայացել է Արմեն Միրզախանյանին եւ Հակոբ Գրիգորյանին, որպես կառավարության իրավաբանական վարչության պետ, եւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մետաղագործական ընկերությունների հետ համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով, Ա.Միրզախանյանից ստացել 5 մլն 719 ՀՀ դրամ գումար, իսկ Հ. Գասպարյանից՝ 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Այլ դրվագով էլ Արթուր Սարգսյանն իր «հաճախորդներին» խաբել է, թե իրեն հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, դրա համար էլ «Եվրոպա» ՍՊ ընկերության նախկին գործադիր տնօրեն Արթուր Մանուչարյանը վստահել է նրան եւ տարաժամկետ վճարման պայմանով 8 մլն 400 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել Արթուր Սարգսյանի հետ: Եվ այսպես, շուրջ 9 հոգու նա խաբել է: Համենայնդեպս, այս առիթով հարուցված քրեական գործով կա 9 տուժող:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այս գործի շրջանակներում հայտնվել էր ԱԱԾ քննչական վարչությունում, սակայն որպես վկա անգամ չէր անցնում, քանի որ նախարար էր, վարչապետ քավորի գործերն էլ վատ չէին: Նա ԱԱԾ-ում ընդամենը հայտնել էր, որ Ա.Սարգսյանին չի ճանաչել եւ տեղյակ չի եղել, որ իր անունը տալով ինչ- ինչ գործարքներ են արվել:
Երեկ դատարանում նախկին ֆինանսների նախարարը, արդեն որպես վկա, հարցաքննվելիս կտրականապես հերքել է, որ ճանաչում է ամբաստանյալին եւ տուժողներին: Իսկ ահա տուժողներից երկուսը մշտապես հայտարարել են, թե անձամբ հանդիպել եւ խոսել են Դավիթ Սարգսյանի հետ ու նա լավ տեղյակ է եղել ամբաստանյալի գործունեությունից:
Թե էլ ինչ կպարզվի ամբաստանյալի հարցաքննությունից դեռ հայտնի չէ, սակայն փաստ է, որ նախկին վարչապետի սանիկ, «Արդշինինվեստբանկ»-ի ֆինանսական գծով տնօրեն Դավիթ Սարգսյանն այսօր հայտնվել է դատարանում:
Ի դեպ, նա դատարան էր եկել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի ուղեկցությամբ:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԲԼԹ
«Հիմա ով պահանջի վարչապետի հրաժարականը, նշանակում է՝ նա չի հասկանում, թե Հայաստանում ինչ պետական համակարգ է»:
Ռուբեն Հակոբյան Azatutyun.am
Ահա եւ խոսեց Հայաստանի պետական համակարգից ամենաշատ բան հասկացող գործիչը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Վերջինիս «հասկացողության» մակարդակը պարզապես ապշեցնում է: Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է ընդդիմությունը պահանջի Հովիկ Աբրահամյանի հրաժարականն այն դեպքում, երբ ժամանակին իրենք ջանքեր չխնայեցին, որպեսզի Հովիկ Աբրահամյանը դառնա վարչապետ: Այսինքն՝ ընդդիմադիր քառյակի գործունեության առաջին փուլը նվիրվեց ՀՀԿ-ական վարչապետ ունենալուն: Հիմա ընդդիմադիր արդեն եռյակի գործունեության հաջորդ փուլը նույն ՀՀԿ-ական վարչապետին պահելուն է նվիրվում:
«Առաջարկում եմ քննարկել կարկտապաշտպան ցանցերի ներդրման, խորհրդատվական համակարգերի կատարելագործման համար ֆինանսավորման հնարավորությունները»:
Սերգո Կարապետյան News.am
Գյուղնախարարին որքան հիշում ենք` հակակարկտային կայաններ է տեղադրում, բայց այդպես էլ այդ կարկուտն ամեն տարի շարունակում է վնասել գյուղատնտեսությանը: Այսինքն, դժվար չէ եզրակացնել, որ նախարարի գործունեությունն այս հարցում անպտուղ է, քանի որ հակակարկտային կայանները չեն աշխատում: Իսկ հիմա Սերգո Կարապետյանը հանդիպելով Ավստրիայի զարգացման գործակալության տնօրենի հետ` ոչ միայն հերթական անպտուղ առաջարկությունն է անում` գումար տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, այլ նաեւ խորհրդատվական համակարգի կատարելագործման գումար է ուզում: Հուսանք՝ ոչ Զիմբաբվեից:
«Ամենաշատը տանջվել են Սուրիկ Խաչատրյանն ու Վարդան Ղուկասյանը, հավանական է` առաջինը ես, հետո մնացածները: Ես մինչեւ հիմա քավության նոխազ եմ եղել…»:
Վարդան Ղուկասյան 1in.am
Չգիտեինք, որ կրիմինալի հետ առնչվելն այդքան տանջալից բան է, եւ որ Գյումրիի նախկին քաղաքապետն այդքան տարի տանջվել է: Խեղճ մարդ: Միայն մի հարց է առաջանում՝ եթե ըստ Վարդան Ղուկասյանի, ինքը եւ Սուրիկ Խաչատրյանը ամենատանջված մարդիկ են, ապա ինչո՞ւ են այդքանը գիտակցելով այսքան տարի կամավոր տանջվել, կապ ունեցել ամենակրիմինալ սկանդալների հետ: Գիտակցելո՞վ են արդյոք տանջվել, իրենք իրենց մատնել տառապանքների` միգուցե հետագայում սրբանալու հույսո՞վ: Թե՞ իրականում իրենց հաճելի է եղել «տանջվելը»: Իսկ տանջվելուց հաճույք ստացողներին գիտենք, թե ինչպես են անվանում:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ