«ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ»-Ի ՎԱՂԱՐՇՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ Է
Հայաստանում ձեւավորվել է կիսատ-պռատ բուրժուազիայի մի խավ, որն իրեն օլիգարխ ու օրվա տեր է կարծում, փողկապ է կապում ու երբեմն էլ մասնակցում էլիտար «կորպորատիվների», սակայն, ըստ էության, չի անցել միկիտանսաքոների ու բազազարտեմների մակարդակից եւ մնում է նույն չուխայավոր «փող թռցնողը»՝ առանց երեւակայության ու ներշնչանքի…
Այս խավի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էլ «Ոսկու շուկա»-ի Վաղարշն է՝ Վաղարշ Աբրահամյանը, որը մինչեւ 1990-ականները բոլորին անծանոթ մեկն էր, մինչդեռ անսպասելիորեն տեր կանգնեց «Մարքսի բաղնիքին» ու այն վերածելով ոսկու տոնավաճառի՝ սկսեց աշխարհին նայել իր շքեղաշուք մեքենայի պատուհանից: Եթե գալիք դարերի պատմաբանները փորձեն անդրադառնալ մերօրյա իրադարձություններին եւ հայացք հառնել նաեւ Վաղարշին ու նրա բիզնեսին, ապա, առնվազն, պիտի հիշեն Իլֆի ու Պետրովի վեպն ու հարցնեն, թե ով էր Վաղարշը հեղափոխությունից առաջ:
Բայց այդ հարցն այլեւս ակտուալ չի լինի, որովհետեւ կարեւորն այն է, թե ով դարձավ նա հեղափոխությունից հետո եւ ինչպես բառացիորեն ջրի գնով ձեռք բերեց ահռելի տարածքը, որը մայրաքաղաքի պատմությունն ու կոլորիտը հարստացնող շինություններից մեկն էր: Վաղարշին, իհարկե, շինության պատմական ու մշակութային արժեքը չէր հետաքրքրում, այլ նրանից սպասվող եկամուտը: Ու մեծ, շա՜տ մեծ եկամուտներ ստանալու ակնկալիքով էլ նա սկսեց ամեն մի սանտիմետրի վրա վաճառասեղան տեղադրել՝ համոզված, որ գործազրկության մեր ժամանակներում ամեն ոք կուզենա մի փոքր աշխատատեղ ունենալ ու մեծագույն դժվարությամբ՝ հոգալ իր ընտանիքի մասին:
Հարստանալու մոլուցքով տարված՝ Վաղարշ Աբրահամյանն այստեղ «աննորմալ» գներ էր սահմանել՝ մարդիկ ընդամենը 20 քմ տարածքի համար 100 հազար դրամ վարձ էին տալիս, ինչը, սակայն, քիչ էր համարում Վաղարշն ու անընդհատ կամենում բարձրացնել վարձավճարները՝ առանց որեւէ չափով բարելավելու տոնավաճառի աշխատակիցների աշխատանքային պայմանները: Նրան ամենեւին չէր հուզում այն, որ իր տոնավաճառը նմանվել էր մի մեծ աղբանոցի, որտեղ չկան տարրական պայմաններ` անգամ անհրաժեշտ թվով զուգարաններ եւ օդափոխություն, իսկ ճաշարան կոչվածն էլ այնքան կեղտոտ է, որ շատերը զզվանքով են անցնում դրա կողքով: Անցած տարեվերջին այստեղ Ֆինանսների նախարարությունը ստուգումներ կատարեց եւ Վաղարշ Աբրահամյանին տուգանեց 95 մլն դրամով՝ ոսկու հարգորոշումները խախտելու, հրդեհային եւ հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու եւ այլնի համար: Դրանից հետո, իհարկե, Վաղարշն ամեն ինչ արեց, որպեսզի իր կորցրած 95 մլն դրամը վերականգնի վաճառողների հաշվին՝ բարձրացնելով վարձավճարները:
Վաղարշից զատ, այստեղ տեր ու տիրակալ է նաեւ նրա կինը՝ Նունե Նալբանդյանը, ով հանդիսանում է տոնավաճառի գործադիր տնօրենը: Թե ինչ կապ ունի տնօրեն բառն այդ տիկնոջ հետ՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ մերօրյա «ցեցերը» հայտնվել են այստեղ ու ոսկու վաճառքով զբաղվողների համար դարձել ահուսարսափ, իսկական պատուհաս…
Այս տարիների ընթացքում Վաղարշը հասցրել է 6-7 բնակարան գնել եւ ահռելի հարստություն դիզել: Ու այնքան է դիզել, որ, ասենք, 400 հազար դոլարը նրա համար փող չէ: Այսպես. որոշ ժամանակ առաջ «Ոսկու շուկա»-ի փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը 7 կգ ոսկի էր վերցրել բանկից ու «թռել» Մինվոդի: Երաշխավորն էլ հանդիսացել էր Վաղարշ Աբրահամյանը, ով շատ հանգիստ վճարեց այդ գումարը՝ առանձնապես չնեղվելով, որ մեծ կարողություն է կորցնում. «Քանի որ մենք պատասխանատու ենք դրա համար, այդ գումարը պիտի վճարենք: Ես պատասխանատու եմ նաեւ էն մարդկանց համար, որին գարանտ նամակ եմ տվել: Նրան երաշխավորել եմ, որ պիտի գնա բանկ ու բերի ոսկին: Հիմա չի բերել, ո՞վ պիտի պատասխան տա: Բնականաբար՝ երաշխավորողը: Ես էլ տվել եմ,- հանգիստ տոնով ասաց տնօրենը՝ ավելացնելով.- հիմա հիմնարկը նորմալ, բնականոն հունով աշխատում ա: Ճիշտ ա, ընկճված ենք, նեղված ենք, քանի որ ինքն առել-թռել ա, մենք պիտի պատասխան տանք իրա արածի համար: Գործ կհարուցեն, կբռնեն-չեն բռնի, կբերեն-չեն բերի, դրանք երկրորդական հարցեր են, կարեւորը մեր պատիվն է… 400 հազար դոլարի էղածն ի՞նչ ա, մի ավտոյի փող ա, էլի: Փորձանք ա՝ էղավ-անցավ, հիմա պիտի աշխատենք, մեծ հիմնարկ ա, պիտի մեր տրամադրությունները չփոխանցենք աշխատողներին, թե չէ գումարը խնդիր չի: Մի քանի հատ տուն կծախեմ, տեղը դուրս կգա»: Ահա այսպես: Կարծես մի բաժակ արեւածաղկի սերմի մասին է խոսում:
Ի դեպ, զարմանալի է, որ իրավապահ մարմինները չանհանգստացան Վաղարշի՝ այս չափից ավելի հանգիստ պատասխանից, չմտածեցին, թե ինչո՞ւ է ուրիշների կաշիները քերթող մարդը նման հոժարակամությամբ ու անփութությամբ պատրաստվում վճարել մեկ ուրիշի գողացածի դիմաց…
Իսկ ահա սեպտեմբերի 25-ին կատարվածն արդեն խոսում է այն մասին, որ Վաղարշը ոչ միայն ապրում է ուրիշների հաշվին, այլեւ հասել է ցինիզմի ու լկտիության գագաթնակետին: Դեռ օրեր առաջ «Շրջանառության հարկի» առթիվ խոստանալով աջակցել աշխատակիցներին, նա սեպտեմբերի 25-ին սկսեց կոտրել ցույցի գնացածների վաճառասեղանները, ցաքուցրիվ անել նրանց գույքն ու ոսկեղենը: Նման բան, բնականաբար, չէր կարող լինել, եթե նա չունենար անպատժելիության հստակ երաշխիքներ` տրված բարձրաստիճան ոստիկանների եւ կառավարությունում հայտնված ամենաբարձր մակարդակի տանիքի կողմից: Հատկապես Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, նա առավել քան վստահ է, որ իրավապահ համակարգում իր առջեւ միշտ «կանաչ լույս» են վառելու, դրա համար էլ լկտիաբար հայտարարում է, թե լավ է արել, որ ավերել է ուրիշների ունեցվածքը: Վաղարշը համոզված է, որ ոչ ոք իր դեմ չի բողոքի, իսկ եթե բողոքեն էլ, Վաղարշը գիտի, ինչպես լուծել հարցերը…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԴԵՄ ՉԷ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Oրերս, Աշտարակի քաղաքապետարանում պետք է տեղի ունենար քաղաքի ավագանու հերթական նիստը, սակայն ավագանու անդամներն այն նորից բոյկոտեցին: Պատճառն այն է, որ ավագանու նիստում պետք է քննարկվեր հայտնի գազալցակայանի հարցը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
Հիշեցնենք, որ նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տալիս, որ հողատարածքի աճուրդն իրականանա:
-Պարոն Սահակյան, ավագանու նախորդ նիստին նույնիսկ իշխանական թեւի անդամներն ինքնակամ, լուռ հեռացան՝ հրաժարվելով նիստին մասնակցելուց: Մեր տեղեկություններով՝ նրանք Ձեր հրահանգով են հեռացել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Չկա նման բան: Տեղյակ էլ չեմ:
-Դուք, որպես մարզպետ, չե՞ք փորձում միջամտել: Չէ՞ որ ավագանու նիստերը բոյկոտելով` քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար կլինի:
-Քաղաքապետ Արմեն Անտոնյանը լավ եւ խելացի աշխատում է: Կաթվածահար չի լինի քաղաքապետարանի աշխատանքը: Գուցե որոշ մարդիկ այս պատմության մեջ ինչ-որ անձնական շահե՞ր ունեն:
-Իսկ գազալցակայանի մասով ի՞նչ կասեք:
-Գազալցակայան ասված հասկացություն չկա: Այդ հողատարածքը հարյուր տարի է, չեն օգտագործում:
-Այդ դեպքում ինչո՞ւ են ավագանու անդամները պնդում, որ այդ հողատարածքում գազալցակայան է կառուցվելու:
-Ճիշտն ասած, ես այդքան մանրամասն չեմ հետաքրքրվել, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ այդ հողը ցանկալի կլիներ, որ օտարվեր: Չէ՞ որ ինչքան շատ ներդրողներ լինեն մեր մարզում, այնքան ավելի լավ մեզ համար:
-Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ այդտեղ գազալցակայան են կառուցելու, Դուք դեմ կլինե՞ք, թե՞ ոչ:
-Իսկ Երեւան քաղաքում գազալցակայան չկա՞: Որեւէ մեկը, ով կփորձի թեկուզ գազալցակայան կամ արտադրություն ստեղծել, միեւնույն է՝ պետք է այնպես անի, որ չվնասի բնակչությանը:
-Այսինքն՝ եթե այդ հողատարածքում գազալցակայան կառուցվի, Դուք դեմ չե՞ք լինի:
-Իհարկե, եթե պահպանվեն բոլոր նորմերը, ով ինչ ուզում է թող դնի: Եթե քաղաքի բնակչությանը չի վնասի կամ քաղաքի տեսքը չի աղճատվի, ապա կարող են ցանկացած գործունեություն ծավալել: Միեւնույն է՝ եթե նույնիսկ այդ տարածքում գազալցակայան էլ կառուցվի, ապա դա պետք է արվի համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո:
-Պարոն Սահակյան, այս գազալցակայանի պատմության հետ կապվում է նաեւ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի անունը…
-Անտեղի է: Հավատացնում եմ, որ կապ չունի: Որոշ ժամանակ առաջ էլ իմ անունն էին շոշափում, թե իբր ուզում էի այդտեղ գործարան ստեղծել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱՆՁՐԵՎԱՋՐԵՐԸ ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ
Այն, ինչ կատարվում է Գոշավանքի վանական համալիրում, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանը համարում է բարբարոսություն: 2013թ. հոկտեմբերին սկսվել է հոգեւոր համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը: Ըստ Ա. Հովսեփյանի՝ շինարարական աշխատանքների ժամանակ ջարդել են ծածկի մեջ տեղադրված, եկեղեցու ակուստիկան բարելավող կճուճները, սակայն բանվորներին պատվիրել են այդ փաստը գաղտնի պահել: Աձրեւաջրերը լցվում են ներս, փչացնում 800 տարվա վաղեմություն ունեցող, ներկանյութով գրված արձանագրությունները: Վերջերս Գոշի գյուղապետ Գեւորգ Ամիրխանյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ շուտով պետբյուջեից ֆինանսավորում կլինի, եւ սեպտեմբերի 22-ից կվերսկսվեն նորոգման աշխատանքները: Սակայն ինչպես տեղեկացանք, ցայսօր նորոգումը չի վերսկսվել:
Կառույցը անձրեւներից պաշտպանելու համար Սուրբ Աստվածածին եկեղեցու վրա կապույտ պաստառ է տեղադրվել, սակայն այն քամուց պատառոտված է: Վանական համալիրի մաս կազմող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անկյունները հեռացել են, զանգակատան, գրատան գմբեթից քարեր են ընկնում, գրատան եւ զանգակատան կամարներն էլ իջել են:
Իսկ Գոշավանքի ներսը տոնավաճառ է հիշեցնում: Այնտեղ հոգեւոր գրականություն, սրբապատկերներ, խաչեր եւ այլ իրեր են վաճառվում՝ թանկ գներով: Օրինակ՝ պսակվողների եւ մկտրվողների համար նախատեսված Նոր կտակարանը վաճառվում է 5000 դրամով, փոքրիկների համար նախատեսված Աստվածաշունչը՝ 4500 դրամով: Ա. Հովսեփյանից տեղեկացանք, որ ամեն ամիս դրանց վաճառքից Հայ առաքելական եկեղեցին շուրջ 25 միլիոն դրամ հասույթ է ունենում, որից, սակայն, Գոշավանքի նորոգման համար ներդրում չի կատարվում: Այս ամենից զատ` Գոշավանքի թանգարանը չի գործում, դրա ցուցանմուշները տեղափոխել են Դիլիջան քաղաքում գտնվող շենքերից մեկի նկուղ:
Ա. Հովսեփյանը հայտնեց, որ 1985թ. ինքը մեծ դժվարությամբ է այդ թանգարանը ստեղծել, ցուցանմուշներ հավաքել: Նրա խոսքերով՝ Մշակույթի նախարարությունից թանգարանի աշխատակիցներին հավաստիացրել են, որ այն կվերաբացվի 2014թ. հունիսի 1-ին: Ա. Հովսեփյանի համոզմամբ՝ նախարարության աշխատողները թանգարանի աշխատակիցներին միտումնավոր խաբել են, որի նպատակը եղել է թանգարանի 7 աշխատողներին կրճատելը: Ինչ վերաբերում է Մխիթար Գոշի դամբարանի նորոգմանը, ըստ Հովսեփյանի՝ 3 տարի առաջ Գոշի դամբարանը սկսել են սարքել, 3 տարի է ՝ կիսատ-պռատ է, ծածկը չեն սարքում, չնայած ասում են, որ Մշակույթի նախարարությունը գումարը փոխանցել է: Անձրեւաջրերը ներս են լցվում, պատերը քայքայում:
Տավուշի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին Գոշավանք այցելեց եւ այնտեղ մոմ վառեց: Այդ ժամանակ երկրի ղեկավարին ներկայացվեց վանական համալիրի նորոգման խնդիրը եւ Ս. Սարգսյանի հանձնարարականով վերանորոգումն սկսվեց: Սակայն ինչպես Վիկտոր Չեռնոմիրդինն էր ասում՝ ուզում էին լավ լինի, եղավ ինչպես միշտ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ