ՀԱՅ ԿԻՆՆ Է ՄԵՐ ԱԶԳԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ
Հայ ավանդական մշակույթը կրողների ու տարածողների շարքերը, որքան էլ ցավալի է, հետզհետե սկսում են նոսրանալ: Մեր դարավոր մշակույթի իրական կրողներից եւ տարածողներից է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: «Ժողովուրդ»-ը զրուցել է նրա հետ հայկական տարազների, մշակույթի եւ հայեցիության մասին:
-Տիկին Ագուլեցի, մեր իրականության մեջ Դուք տարբերվում եք Ձեր կոլորիտային կերպարով: Երբվանի՞ց որոշեցիք տարազով հանդես գալ: Կարծում եք` հայ կինը տարազո՞վ պիտի լինի:
-Ժամանակները փոխվում են, մարդկանց մտածողությունն էլ է փոխվում: Տարազն առանձին մշակույթ է, որ կարող ես ընդունել կամ չընդունել: Բայց եկեք չմոռանանք, որ հազարամյակներ շարունակ՝ մինչեւ 19-րդ դարը, այն հագել են ու պահպանել իրենց էթնիկ ինքնուրույնությունը: Ես ժողովրդական մշակույթի տարբեր ճյուղերը սիրում եմ, եւ իմ սրտին մոտ ընդունել եմ տարազը: Տարազ հագել եմ ամուսնությունից հետո: Չնայած կարծում եմ, որ հիմա էլ մեր կանայք կարող են հագնել: Դա հայ կնոջ հեզ կերպարն ավելի է ընդգծում, դարերի մշակույթն ակնհայտ դարձնում:
-Անընդմեջ տարազով եք ներկայանում: Անընդհատ տարազով լինելն անհարմարություն չի՞ ստեղծում:
-Երկրագնդի վրա կան ազգեր, որոնք մինչ օրս պահպանում են իրենց ազգային տարազը: Այդպիսի երկրներից են Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը,Աֆրիկան եւ այլ: Դա իրենց անհատականությունն է, իրենց մշակույթն է: Կարծում եմ՝ եթե հայ աղջիկներն էլ ուզեին՝ կկրեին, դա բնավ չի մեծացնում տարիքը եւ ոչ էլ անհարմարություն է ստեղծում: Սկզբնական շրջանում հնարավոր է մի փոքր անսովոր լինի տարազով առօրյադ անցկացնելը, բայց երբ դրա իրական արժեքն ես հասկանում, մոռանում ես բոլոր տեսակի անհարմարությունները: Դա իրոք շատ գեղեցիկ ու օրիգինալ տեսք է տալիս մարդուն, հատկապես կնոջը, ընդգծում է վերջինիս կանացիությունը, նրբացնում է եւ ավելի գրավիչ դարձնում:
-Առավելապես հագուստի մե՞ջ է ամփոփված հայկական ավանդական հայացքները վեր հանելու Ձեր գաղափարը: Ուրիշ ի՞նչ միջոցների եք դիմում մեր ավանդական մշակույթը պահպանելու, սերունդներին փոխանցելու եւ օտարերկրացիներին ցուցադրելու համար:
-Միայն տարազ կրելով չէ, որ պահպանում եմ մեր ազգի կոլորիտն ու ավանդույթները: Ես ամեն ինչի մեջ եմ հայկականություն եւ հայություն դնում: Շատ կարեւոր է նաեւ ամեն ինչի մեջ սեր ու հոգի ներդնելը: Օրինակ` ճաշատեսակներ պատրաստելու համար միայն հիասքանչ բաղադրատոմս ունենալը քիչ է, պետք է սիրով պատրաստել: Սիրով պատրաստելը մեր ազգի կանանց բնորոշ է: Ես, ավանդական հայացքներ կրելով հանդերձ, դեմ չեմ նորամուծություններին, բայց դրանք պետք է հայկականությանը հակասող չլինեն: Ճիշտ է, ժամանակները փոխվել են, մարդկանց հայացքները դեպի Եվրոպա եւ օտար ափեր են տեղափոխվել, բայց այդ ամենը պետք է մի առանձին տեղում լինի, պետք է սեփական ինքնությունն ամեն պարագայում պահել: Դեմ չեմ, թող տեղյակ լինեն աշխարհի նորամուծություններից, բայց, կրկնում եմ, ազգային նկարագիրը վեր է ամեն ինչից: Մարդ պետք է իրենը ունենա, իր հոգուց բխածը, երակներով հոսողը, ոչ թե կողմնակի եւ ոչ իրականը:
-Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց:
-Երբեմն ասում են, թե հայ կինը ստրկական վիճակում է եղել, բայց այդպես չէ: Նա իշխանուհի է եղել, սիրո եւ գեղեցկության խորհրդանիշ, ինչպես նաեւ մայրապետ իր գերդաստանում: Եվ այդ խոնարհությունը ստրկություն չէ բնավ: Հայ կնոջ գլխավոր զենքը ընտանիքը պահելու կարողության մեջ է: Հայուհիները խելացի են. կարողացել են եւ կկարողանան դիմակայել կյանքի բարդություններին: Խորհուրդս այս է. շարունակել լինել խելացի եւ ընտանիքին նվիրված: Դա է ազգի հիմնասյունը:
-Ինչո՞ւ է մեր հայ աղջիկների այսօրվա կերպարը քիչ համապատասխանում հայ ավանդական աղջկա կերպարին:
-Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, բայց իրականում կա նման բան: Հայ աղջիկների մի մասը, տուրք տալով ժամանակակից երեւույթներին, երբեմն ուրանում են մեր հայկականությունը: Բայց դա շտկելի է, ի վերջո արյան կանչն իրենը կանի:
-Մեր ազգային տարազն այլ երկրներում ներկայացնո՞ւմ եք:
-Ներկայացնում եմ: Մի թարմ օրինակ էլ բերեմ: Շուտով` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, պատրաստվում եմ մեկնել Ամերիկա եւ այնտեղ ներկայացնել մեր ավանդական կոլորիտն ու տարազը, որը սերնդեսերունդ եկել ու մեր օրերին, մեզ է հասել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
«ՀԱՅՖԵՍՏ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
«Հայ դերասանների միություն» ՀԿ-ն՝ ս. թ. հոկտեմբերի 1-8-ը կանցկացնի «Հայֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որը կրում է «Թատերական իրարանցում» խորագիրը:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որին կհետեւի «Լիվինգ փիքչըրս» թատրոնի (Հունգարիա) «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը:
«Հայֆեստ» թատերական փառատոնն այս տարի կհյուրընկալի 18 երկրից ժամանած 200 մասնակցի: Երեւանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, ինչպես նաեւ բացօթյա տարբեր ժանրերի ներկայացումներ: Ուսանողների եւ երիտասարդ ստեղծագործողների համար կանցկացվեն վարպետության դասեր:
Երեւանյան թատրոններից՝ «Հայֆեստ» փառատոնի հիմնական ծրագրերում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական, Համազգային թատրոնները, ինչպես նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» եւ «Միհր» թատրոնները:
Փառատոնի օրերին ուսանողներին հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց աշխատանքները «ԱՐՄՍՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: Ուշադրության կենտրոնում կլինի նաեւ կրթական ծրագիրը, որի շրջանակում առաջին անգամ տեղի կունենա թատերական լուսանկարչության դասընթաց՝ համաշխարհային լուսանկարիչ Մեհդի Աշնայի կողմից:
Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի Կոմիտասյան սրահում տեղի կունենա Կոմիտասի ծննդյան 145- ամյակին նվիրված «Երկու ժամ Վարդապետի աշխարհում» համերգ-ցուցադրությունը:
«Կոմիտաս. Հայտնի եւ անհայտ» խորագիրը կրող ցուցադրության մեջ ներկայացված ավելի քան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Այս ցուցադրությամբ փորձ է արվել ուսումնասիրողներին ուղղորդել դեպի անհայտների բացահայտումը: Առաջին անգամ ցուցադրվում են մի շարք լուսանկարներ, որոնցից ուշադրության են արժանի հատկապես Պողոսյան վարժարանում Կոմիտասի լուսանկարը ուսուցիչների հետ՝ արված 1911թ., Կոմիտասի ազգականների խմբանկարը (պատճեն), Կոմիտասի աշակերտներից երեքի՝ Բարսեղ Կանաչյանի, Վարդան Սարգսյանի եւ Միհրան Թումաճյանի ջանքերով կազմած 400 երգիչներից բաղկացած երգչախմբի լուսանկարը, որն արվել է 1919 թ. Պոլսի համերգից հետո: Քիչ ցուցադրված մասունքներից է նաեւ Կոմիտասի բրոնզաձույլ մահադիմակը:
Կոմիտասի նորովի բացահայտմանն են ուղղված լինելու թավջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանի եւ դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի դասախոսությունները:
ԻՐ ԷՋՆ Է ԲԱՑԵԼ
VEVO-ում հայտնվեց նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանի պաշտոնական ալիքը: Այս առիթով երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրով ձեզ եմ ներկայացնում իմ պաշտոնական էջը հայտնի Vevo ալիքում, որտեղ կարող եք հետեւել իմ բոլոր տեսահոլովակներին»:
Հիշեցնենք, որ VEVO-ն երաժշտական վիդեոկայք է, որը ստեղծվել է խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից:
ԱՆԴՐԵՅ ԴԱՎԻԴՅԱՆԸ «YANS»-ՈՒՄ
ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, հանրահայտ տենոր Սերգեյ Դավիդյանի որդին՝ երաժիշտ Անդրեյ Դավիդյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Ռուսաստանի ձայնը 2» նախագծից, սեպտեմբերի 27-ին ելույթ կունենա երեւանյան «Yans» ակումբում, իսկ 28-ին հանդիսատեսին կողջունի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից: Երաժիշտն ունկնդիրներին կներկայանա հանրահայտ ռոքային կատարումներով:
ԱՄՈՒՍՆՈՒՆ ԱՐԳԵԼԵԼ Է
Հոլիվուդյան աշխարահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին ամուսնուն՝ Բրեդ Փիտին, արգելել է նկարահանվել բաց տեսարաններում։ Իսկ եթե նկարահանվի էլ՝ միայն իր հետ։ Ջոլին եւ Բրեդը մտերմացել են «Միսթր եւ միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ընթացքում, այդ ժամանակ դեռ Բրեդը Ջենիֆեր Էնիսթոնի՝ ոչ պակաս հայտնի մեկ այլ դերասանուհու օրինական ամուսինն էր։ Ամերիկյան մամուլը այս զույգին մշտապես պահում է ուշադրության կենտրոնում եւ ըստ ամերիկացի լրագրողների՝ հիմա էլ Ջոլին է վախենում, որ կհայտնվի մեկը եւ Փիթին իր իսկ օրինակով կխլի իրենից։