ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Մարդու իրավունքների պաշտպանի համար ընթերցեց Գյումրիի ոստիկանապետի հայտարարությունից մի հատված և հարցադրում արեց, թե ով է ոստիկանապետին նման լիազորություններ տվել:
Հիշեցնենք, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադալյանը նշել էր, թե «եռյակի»՝ հոկտեմբերի 8-ի հանրահավաքին Գյումրիի թատերական հրապարակը բազմամարդ չի լինի: Արամ Մանուկյանը ընդգծեց, թե Շիրակի ոստիկանապետն ասել է, որ թույլ չեն տա՝ իրավիճակը Գյումրիում սրվի:
Արամ Մանուկյանը հարցրեց, թե ով է այսքան լիազորություններ տալիս Հայաստանի ոստիկանապետերին, որ նրանք քաղաքական գործընթացների վերաբերյալ նման հայտարարություններ են անում և փորձում խոչընդոտել հանրահավաքները՝ սպառնալով մարդկանց: «Սա կոնկրետ իրա իրավունքների սահմանն անցնել ա նշանակում: Մարդ չի՞ լինելու, թե՞ ինքը նպաստելու է, որ մարդ չլինի»,- ընդգծեց նա:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ պատգամավորի հայտարարությունը որպես բանավոր դիմում է ընդունում, և հենց այսօր վարույթ կհարուցի Շիրակի ոստիկանապետի հայտարարության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ԱԺ երեք ընդդիմադիր ուժերը մարզային այցելությունների շրջանակներում մեկնելու են Շիրակի մարզի Գյումրի քաղաք իսկ արդեն հոկտեմբերի 10-ին համապետական հանրահավաք անցկացնելու Երևանի Ազատության հրապարակում: