Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի աջակցի գյուղական համայնքներին. Հ. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ:

«Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի աջակցի գյուղական համայնքներին՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում: Ելփինն ինձ համար հարազատ գյուղ է, մի քանի անգամ եղել եմ այստեղ, ունեմ բարեկամներ: Համոզված եմ, որ այս շփումները հնարավորություն են տալիս անմիջապես գյուղացուց տեղեկանալ համայնքներում առկա խնդիրների մասին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը զրուցել է համայնքի բնակիչների հետ՝ հետաքրքրվել գյուղատնտեսական աշխատանքներրի ընթացքով, ինչպես նաև նրանց հուզող հարցերով: Ելփինցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին համայնքում տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար և ներկայացրել առկա խնդիրները:

Ելփին համայնքի ավագանու որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:




Լրահոս