Սեպտեմբերյան մի գեղեցիկ օր Կապանի Շահումյան փողոցում առաջին անգամ տեսա տասնմեկամյա Սերոբին: Հերթական անգամ մոշ հավաքելուց էր գալիս: Սովորականի պես առավոտյան կանուխ, ժամը հինգից մոր հետ անտառներում մոշի էին գնացել, ապա ոտքով իջել քաղաք՝ հավաքածը վաճառելու:
«Հաճախորդը ուր որ է պետք է մոտենա,- ասաց տղայի մայրը:- Դույլը շուկայականից էժան ենք տալիս՝ 1500-ով, դրա համար էլ առեւտուրը երկար չի տեւում»: Մինչ գնորդը կմոտենար, զրուցեցի 41-ամյա Վիկայի հետ: Հոգսաշատ կոնջ դեմքը, սակայն, այլ հասակ էր հուշում: Պարզվեց՝ Սումգայիթից են գաղթել Հայաստան: Ամառվա ամիսներին մոշը եւ անտառներում աճող այլ հատապտուղներն ու սունկը, որոնք հնարավոր է վաճառել, միակ եկամտի աղբյուրն են չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար: Իսկ Վիկայի ամուսինը շուկայում բեռնակիր է աշխատում, ինչից վաստակած գումարը չի բավարարում անգամ գոյատեւելու համար:
Ասում է՝ սկզբում, երբ եկան Հայաստան, շատ դժվար էր, ոչ ոք չէր օգնում: Ապրելակերպի, կահ-կարասիի մասին առավել մանրամասն խոսելու համար տուն այցելելու հրավերը չմերժեցի: Մանուչարյաններն ապրում են Կապանի Շղարշիկ թաղամասի բնության գողտրիկ մի անկյունում: Տան կահավորանքից, հակասանիտարական վիճակից ու պակաս-պռատից կինը պատմեց խոհանոցում, իսկ մոր օգնականը՝ Սերոբը, այդ ընթացքում հետեւում էր, որ վառարանում թխվող հացը չվառվի: Կինը պատմեց, որ 89-ին Սումգայիթից գաղթել են Ռուսաստան, հետո Կապան, ամուսնացել ու մնացել են: Իսկ հիմա ապրում են նպաստով, այգի մշակելով ու պատահածը հավաքելով: Անտառում չկա մի թուփ ու ծաղիկ, որտեղ տղայի ոտքը դիպած չլինի:
Ժպտերես ու ոչինչ չպահանջող. երկու բառով այսպես կարելի էր բնութագրել եղբայրներին՝ տասնմեկամյա Սերոբին ու տասնվեցամյա Ռոմային: Ինչ վերաբերում է գիտելիքին, այս հարցում բախտները բերել է. մեծը Կապանի համար 3 կրթահամալիրում է սովորում, կրտսերը՝ թիվ 5 հիմնական դպորցում: Երկուսն էլ սովորում, ապրում ու գիշերում են կրթօջախներում, շաբաթ-կիրակի օրերին էլ գալիս տուն: Այն հարցին, թե արձակուրդը որտեղ կցանկանային անցկացնել, հնչեց տարբերակներից ամենահարազատը՝ տանը:
Հարցին, թե առաջին հերթին ինչի կարիք ունեն, կինը երկար մտածելուց հետո, այդպես էլ չկողմնորոշվեց: Տղայի մրոտ դեմքից ու ձեռքերից կարելի էր ենթադրել, որ ջրի խնդիր ունեն եւ ոչ միայն: Պարզվեց՝ խողովակ չունեն ու խմելու ջուրն էլ հարեւանից տարաներով են կրում տուն: Այս օջախում այն ոսկու գին ունի, չես կարող շռայլել: Կլոր տարին փայտե վառարանից ծուխ է բարձրանում, իսկ տանիքը կաթում է:
Այդուհանդերձ, Սերոբը Հայաստանը շատ է սիրում եւ հարցին, թե կցանկանա՞ր գնալ այլ տեղ ու ապրել, հնչեց վճռական` ոչ:
Ոսումնական շրջանը սկսվել է եւ Սերոբն այս տարի էլ ընկերներին կպատմի, թե ինչպես է անցակցրել ամառային արձակուրդը` անտառից մոշ հավաքելով:
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան