ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հաջողությամբ համատեղում է աշխատանքային առօրյան ընտանեկան կյանքի հետ:
Միշտ էլ մեկը մյուսին կարող է խանգարել, բայց մարդու ամբողջ վարպետությունը հենց դրա մեջ է. կարողանալ այնպես անել, որ ընտանիքը չտուժի գործի պատճառով եւ հակառակը՝ գործն անտարբերության չմատնվի ընտանեկան հարաբերություններին չափից ավելի տուրք տալու պատճառովե,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:
-Երկար տարիներ աշխատում եք թատրոնում, ինչպես նաեւ նկարահանվում եք «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռուստասերիալներում: Ներկայում էլ խաղում եք «Հարազատ թշնամի» սերիալում: Ինչպե՞ս եք համատեղում այդ տարբեր աշխարհները:
-Իմ հիմնական աշխատավայրը Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն է, իսկ համագործակցությունը «Պան Արմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ սկսվել է ութ տարի առաջ: Իրականում չեմ համատեղում այդ տարբեր աշխարհները, որովհետեւ հնարավոր չէ այդպես անել: Ես երկուսն էլ զուգահեռում եմ, առաջնայինի եւ երկրորդականի տարանջատում չեմ դնում:
-Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալի դիտարկմամբ ո՞րն է այն ակնհայտ տարբերությունը, որը հստակ տարանջատում է սերիալային խաղը թատրոնի խաղից:
-Դրանք ներքին, մասնագիտական տարբերություններ են: Հեռուստասերիալի տեսախցիկն այլ է, կինոխցիկը՝ այլ, իսկ սերիալի խցիկը՝ բոլորովին այլ: Դրանք տարբեր դրսեւորումներ են: Մեկը մյուսի հետ ընդհանուր բաներ շատ ունեն, բայց բավականին շատ են նաեւ տարբերությունները: Դրանք խաղարկային տարբերություններ են:
Թատրոնն ու կինոն կարող եմ ասել, որ ինչ-որ առումով անհամատեղելի են: Թատրոնում գրոտեսկ կա, այնտեղի խաղն էմոցիայով է հագեցած, սերիալում ու կինոյում ավելի շատ է զսպվածությունը: Այս ամենի համատեքստում դերասանի վարպետությունը կայանում է նրանում, որ կարողանա կինոյից չտանել սերիալ, սերիալից՝ թատրոն եւ հակառակը: Չի կարելի տեղափոխել, ամեն ոլորտ ունի իր նրբությունները, իրեն հատուկ խաղարկային ձեւերը, որոնք եթե տեղափոխես իր համար ոչ նպաստավոր միջավայր, կարող է, պարզապես, ակնհայտ անհամատեղելիություն ստեղծվել, որն անպայման կնկատի թե՛ հեռուստադիտողը, թե՛ թատրոնի հանդիսատեսը: Կան դերասաններ, ովքեր մեկը մյուսին են խառնում, բայց իմ կարծիքով՝ դա ճիշտ չէ: Ինքս փորձում եմ յուրաքանչյուր տեղին հարմար ու ճիշտ խաղով հանդես գալ:
-«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի Ձեր խաղընկերների հետ իրական կյանքում էլ եք մտերի՞մ:
-Իրական կյանքը խաղարկային կյանքից հեռու է: Իմ բոլոր խաղընկերների, գործընկերների հետ հարաբերություններս բավականին լավ են: Որեւէ մեկի հետ վատ հարաբերություններ չունեմ, բայց իրական կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է նույնացնել դերասանական կյանքի հետ: Աշխատանքը մնում է աշխատանք: Սերիալային, թատրոնի խաղերի հիմքում ընկած է դերասանությունը: Լավ հարաբերությունները, մտերմությունը կարող ես պահպանել, բայց պարտադիր չէ նույն մտերմությունն իրական կյանքում էլ ունենալ:
Օրինակ՝ ես եւ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի Ռենան՝ նույն ինքը Աիդա Բաբաջանյանը, ավելի երկար ժամանակ է ինչ ճանաչում ենք իրար: Նախորդ՝ «Դժբախտ երջանկություն» սերիալում էլ ենք միասին խաղացել, վատ հարաբերություններ չունեմ իր հետ: Բայց պետք է ասեմ, որ այս ամենը նկատի ունենալով հանդերձ, պետք է անձնական կյանքը չխառնել գործնականի հետ: Աշխատանքը՝ աշխատանք, բայց պարտադիր չէ գործնականը տեղափոխել անձնական հարթակ եւ հակառակը:
–Անդրադառնանք անձնականինին. հասցնո՞ւմ եք այդ աստիճանի զբաղվածության հետ մեկտեղ ժամանակ հատկացնել նաեւ ընտանիքին: Չէ՞ որ հաշվի առնելով Ձեր գրաֆիկը, կարելի է ենթադրել, որ ժամանակ չի մնում ընտանեկան միջավայրում գտնվելու համար:
-Իհարկե հասցնում եմ: Ինձ համար առաջնային տեղում միշտ էլ եղել է ու կլինի անձնականը: Ես շատ եմ սիրում աշխատանքս, բավականին նվիրված եմ գործիս, բայց երբեք թույլ չեմ տա, որ մեկը մյուսին խանգարի: Միշտ էլ կարող է այնպես ստացվել, որ աշխատանքն ու անձնականը միմյանց խանգարեն, բայց պետք է այդ առումով էլ վարպետություն դրսեւորել եւ այնպես անել, որ մեկը մյուսի պատճառով չտուժի: Ասածս իրականություն դարձնելը դժվար է, երբեմն նույնիսկ անհնար է թվում, բայց մեծ ցանկության դեպքում կարելի է այնպես անել, որ ամեն ինչ եւ ամեն ոք իր ուրույն տեղն ունենա մարդու կյանքում: Շատ զբաղված եմ, բայց անձնական կյանքս ու ընտանիքս ինձ համար առաջնային են:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ