Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ համերգ՝ նվիրված անվանի հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 90-ամյակին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ հանդես եկան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրները՝ Լուկա Մագարիելո (թավջութակ/Իտալիա), Լիա Յակուպովա (ջութակ, Ռուսաստան/Գերմանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր, Հայաստան/Գերմանիա), Ցաո Պենգ (դաշնամուր/Չինաստան)։
Համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Գևորգ Վարդանյանի այրին` Գոհար Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Համերգի բացման խոսքում Գևորգ Վարդանյանի մասին իր հուշերը պատմեց Լոնդոնում բնակվող գրող Ասատուր Գյոզալյանը։ Նա ընդգծեց լեգենդար հետախույզի հայրենասիրությունը, ում համար հայրենիքը սուրբ էր, ով հայրենիքին ծառայելու համար զոհեց ամեն ինչ։
Գոհար Վարդանյանը հուզմունքով նկատեց, որ հպարտանում է, որ Գևորգ Վարդանյանի հիշատակն այսպես փայփայում են Հայաստանում։ «Գևորգ Վարդանյանը շատ էր սիրում երիտասարդությանը և միշտ ասում էր՝ նրանք ունեն ամեն հնարավորը, որպեսզի հասնեն ավելիին։ Եվ նրանք ավելին կանեն, քան մենք՝ մեր երկրի համար։ Նրա համար հայրենիքն առաջին տեղում էր։ Երբ ես գալիս եմ Հայաստան, զգում եմ նրա նկատմամբ մեծ ակնածանքն ու սերը»,- նշեց տիկին Վարդանյանը։ Նա բարձր գնահատեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի անցկացումը, հատկապես այն, որ համերգները նվիրվում են հայ ժողովրդի անվանի զավակների հիշատակին, ինչի մեջ մեծ խորհուրդ է տեսնում։ Խոսելով Արամ Խաչատրյանի մասին՝ տիկին Վարդանյանը նշեց, որ ջերմ հարաբերություններ են ունեցել մաեստրոյի հետ. «Նա շատ էր գալիս մեզ մոտ և շատ էր սիրում իմ պատրաստած ճաշերը։ Այսօր էլ կապեր եմ պահպանում Արամ Խաչատրյանի որդու հետ»։
Ջութակահար Կարեն Շահգալդյանը նշում է, որ Արամ Խաչատրյանը հայ ժողովրդի մշակութային ներուժի ամենավառ ներկայացուցիչներից է, և երախտապարտ է բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք միջազգային նման հզոր փառատոնի գաղափարը կյանքի են կոչում։ «Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են գալիս ամենահեղինակավոր երաժիշտներ և վերադառնալով՝ փառատոնի շնորհիվ մեր երկրից իրենց հետ տանում են փոքրիկ մի մասունք Արամ Խաչատրյանից ու մեր հայրենիքից»,- նկատեց երիտասարդ ջութակահարը։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Լիա Յակուպովան մրցույթին մասնակցել է 2010 թվականին։ Նա ընդգծում է, որ մրցույթը շատ հայտնի է Մոսկվայում, ուստի ժամանակին որոշել էր մասնակցել։ Մրցույթից հետո բազում բեմերում նվագել է հայ կոմպոզիտորի ստեղծագործույթունները։ Իր գործընկերներին խորհուրդ է տալիս մասնակցել Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, քանի որ այստեղ դրակական էմոցիաներ և մեծ փորձառություն ես ձեռք բերում։ Առավել մեծ հաճույքով է մասնակցում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ փառատոնի համերգները հեռարձակվում են առցանց տիրույթում՝ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում՝ www.syoa.tv: