«Վիկիլիքս»-ի հրապարակած այս փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն է: 2009թ. նոյեմբերին գրված վերլուծականի կենտրոնում հայ-թուրքական հարաբերություններում առաջացած սպասողական դրությունն է: Դիվանագետն իր զեկուցագրով հուշում է ԱՄՆ կառավարությանը, թե ինչպիսի ուղենիշներ պետք է որդեգրել Հայաստանի հետ հարաբերություններում:
Հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի կողմից առաջինը վավերացնելու հնարավորությանը՝ նկատելով, սակայն, որ Սերժ Սարգսյանը այդպիսի քայլի ընդունակ չէ, քանզի կարող է չմարսել դրա հետեւանքները: Ամերիկացի դիվանագետի քննության տիրույթում է նաեւ Թուրքիայի՝ Մինսկի խմբի անդամ դառնալու հավանականությունը:
Այսպես՝ նախ եւ առաջ անդրադառնալով Հայաստանի կողմից արձանագրություններն առաջինը վավերացնելու հիմնահարցին՝ Յովանովիչը հայտնում է իր տեղեկությունները Սերժ Սարգսյանի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռ. Սիմոնսի հետ հանդիպման առնչությամբ: Այստեղ, ի պատասխան Սիմոնսի, առաջինը վավերացնելու կոչին Սերժ Սարգսյանն արձագանքել էր. «Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք: Այժմ պիտի սպասենք»:
Հատկանշական է, որ Սարգսյանի սպասողական քաղաքականության կապակցությամբ Յովանովիչը շեշտում է, որ Հայաստանը կարող է առանձին վավերացնել արձանագրությունները եւ այդ քայլով ճնշման տակ դնել Թուրքիային, սակայն Սերժ Սարգսյանը հազիվ թե կարողանա մարսել այդ քայլի հետեւանքները: Յովանովիչը, կիսվելով հայաստանյան մեկնաբանների հետ իր զրույցների տպավորություններով, մեջբերում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը չի կարող «կուլ տալ» իր հպարտությունը, կասկածի տակ դնել իր «արեւելյան տղամարդկայնությունը» ու դրանով իսկ ծնկի իջնել թուրքերի առաջ: Հետաքրքիր է, որ Հայաստանի կողմից փաստաթուղթը չվավերացնելը կապվում է ոչ թե ազգային կամ պետական շահերի հետ, այլ լոկ՝ արեւելյան բնույթի տղայականության:
Անցում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդլայնելու եւ Թուրքիային համանախագահություն շնորհելու թեմային՝ Յովանովիչը կրկին ուշադրություն է հրավիրում մի շարք հայ վերլուծաբանների խոսքերին, ըստ որոնց՝ Թուրքիան կարող է դառնալ Մինսկի խմբի անդամ, եթե շտապի վավերացնել արձանագրությունները: Ավելին՝ ամերիկացիների հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Կիրակոսյանը հայտնել է, թե ՀՀ ԱԳՆ-ն եկել է այն եզրակացության, որ Թուրքիան ցանկանում է տեղ զբաղեցնել Մինսկի խմբում, ինչը կարող է արձանագրությունները վավերացնելու գինը լինել:
Յովանովիչի տպավորությամբ՝ Հայաստանում այնքան էլ դեմ չեն, որ Թուրքիան դառնա ՄԽ անդամ: Նրա կարծիքով, սակայն, սա ընդունելի կլինի, եթե միաժամանակ ուղղվի Ռ. Քոչարյանի՝ տարիներ առաջ կատարած լուրջ սխալը եւ ԼՂ-ը վերադարձվի բանակցային սեղանի շուրջ` որպես հակամարտության լիիրավ կողմ: Հատկանշական է, որ այստեղ արդեն դիվանագիտական մակարդակով է հաստատվում, որ Ռոբերտ Քոչարյանը տիրանալով ՀՀ նախագահի պաշտոնին՝ քաղաքական անմտություն էր ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից հեռացնելով: Քոչարյանի ու նրա մերձավորների շաղակրատումները, թե ԼՂ-ը դուրս չի մնացել բանակցային գործընթացից, ըստ էության, պարզունակ կեղծիք են: Ուշագրավ է, որ Յովանովիչը հիշատակում է նաեւ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի կարծիքը, ով առանձնազրույցում պնդել է, թե ԼՂ-ը չպետք է հեռացվեր բանակցություններից:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտնել է, որ ՄԽ-ի վերադասավորումն ու դրանում Թուրքիայի ընդգրկումը կարող են լավ հնարավորություն ստեղծել հայկական կողմի համար, որպեսզի ԼՂ-ը վերադարձվի բանակցային սեղանի շուրջ: Պարզվում է, որ Քոչարյանի ռեժիմին հաջողությամբ ծառայած Սամվել Նիկոյանը հետին թվով դժգոհ է Քոչարյանի քաղաքականությունից: Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո ո՞ր ՀՀԿ-ականներն են գաղտնաբար կամ հրապարակայնորեն բողոքելու իրենց նախկին «շեֆից»:
Ինչեւէ, Յովանովիչը արձանագրում է. պետք է Թուրքիայի առաջ նախապայման դնել առ այն, որ ոչ թե ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է նպաստի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, այլ ճիշտ հակառակը:
Դեսպանը նկատում է, որ Թուրքիայի ընդգրկումը ՄԽ կազմի մեջ լուրջ գլխացավանք կարող է պատճառել Սերժ Սարգսյանին: Դիվանագետի համոզմամբ՝ Սարգսյանը կկարողանա խուսափել լուրջ դժվարություններից, եթե Թուրքիան դադարեցնի իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Յովանովիչը եզրակացնում է, որ Թուրքիայի ներգրավումը ՄԽ ֆորմատում կարող է նոր ուղիներ ու հնարավորություններ բացել եւ օգնել հայկական կողմին՝ ուղղելու Քոչարյանի սխալը: ԱՄՆ դեսպանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ոչ մի նոր քայլի այլեւս ընդունակ չէ, քանզի նրա քաղաքական կապիտալը սպառված է:
Վերջինիս դիրքերը բարելավելու համար Յովանովիչը առաջարկում է նրան ընդունել Սպիտակ տանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունելով հանդերձ՝ ԱՄՆ իշխանությունը՝ նախագահ Բ. Օբամայի մակարդակով, ի վերջո նրան ընդունեց Սպիտակ տանը: Արդ, կարելի է եզրակացնել, որ Սարգսյանը Վաշինգտոն էր հրավիրվել՝ տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունները բավարարելու նպատակով: Ամփոփելով՝ փաստենք, որ ՄԽ կազմում Թուրքիայի ընդգրկման թեման առաջինը բարձրացրել է հենց Ս. Սարգսյանը՝ խնդրելով Ա. Գյուլին օգնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Նժդեհ Հովսեփյան