«Եթե ասեմ` Հրազդանը թատրոն ունի, խիստ նսեմացրած կլինեմ թատրոն հասկացությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանցի 17-ամյա Շուշանիկ Հարությունյանն ասում է. «Եթե ասեմ, որ Հրազդանը թատրոն ունի, ապա խիստ նսեմացրած կլինեմ թատրոն հասկացությունը: Ցավոք, իմ հայրենի քաղաքի թատրոնը վաղուց հայտնի է իր տգետ ավանդույթներով եւ քայլում է չգիտես թե ուր…Իրականում դա մի շենք է, որի վրա գրված է թատրոն, ու վերջ: Հա, մոռացա շողշողուն կողպեքի մասին, որը ծանր կախված է այդ շինության դռնից: Մի քանի անգամ գնացել եմ այնտեղ ներկայացում դիտելու հույսով, բայց…»:

Ապա ավագ դպրոցի աշակերտուհին պատմում է. «Առաջին անգամ երբ թատրոն գնացի, շատ փոքր էի: Բեմն ամբողջությամբ դատարկ էր՝ առանց դեկորացիայի, ընդամենը 3-4 հեքիաթ խաղացին ու այդ ամբողջ ընթացքում մի հատ սեւ կտոր էին քաշքշում, անիմաստ ինչ-որ շարժումներ անում: Պարտադիր չէ պրոֆեսիոնալ ռեժիսոր, դերասան կամ արվեստաբան լինել, որ հասկանաս` վարագույր շարժելով ներկայացում չի լինում: Ավելացնեմ նաեւ, որ թատրոնը չուներ կին դերասան: Փաստորեն` հունական անտիկ թատրոնի նախատիպին ենք վերադառնում, երբ կնոջն արգելված էր բեմ բարձրանալ»:

Ցավով նշենք, որ այսօր վերը նշված նկարագրությունից ոչինչ չի փոխվել: Հրազդանի թատրոնի երբեմնի հրաշալի անցյալից ոչինչ չի մնացել: Հատկապես նշանավոր էր գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի օրոք կազմավորված դերասանական կազմը, որը Շեքսպիր էր խաղում: Մինչդեռ այսօր հրազդանցիներն արհամարհում են իրենց թատրոնը եւ մշակութային կարիքները բավարարելու համար հասնում են Երեւան՝ ծախսելով կրկնակի ժամանակ եւ գումար:

Մեզ հետ զրույցում նրանք ցավով նշեցին, որ եթե անգամ թատրոնում որեւէ բան բեմադրվում էլ է, ապա կրկնվում է շարունակաբար, իսկ հանդիսատեսները հիմնականում դպրոցների աշակերտներն են, որոնց պարտադրում են տոմսեր գնել:
Նշենք, որ թատրոնը համայնքի ենթակայության տակ է, հսկայական շենքը տարիներ շարունակ ջեռուցվում է փայտե վառարանով, իսկ ձմռանը թատրոնում ներկայացումներ չեն լինում: Հրազդանցիները նախանձով են խոսում Գյումրիում, Վանաձորում եւ մյուս քաղաքներում ապրողների մասին՝ ասելով, որ նրանք գոնե իրենց քաղաքի մշակութային կյանքից խոսելու բան ունեն:

Արեւիկ Հակոբյան
Հրազդան




Լրահոս