Վանաձորի ընտրական տեղամասերում վաղ առավոտից նկատվում է ակտիվություն: Որոշ ընտրատեղամասերում հերթեր են առաջանում: Տեղամասերի նախագահների խոսքով՝ մինչ այս պահը ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել, սակայն, ինչպես եւ այլ համայնքներում, Վանաձորում դիտորդներն ու վստահված անձինք նույնպես անհանգստացած են կնիքի վաղաժամ ջնջման պատճառով: 30/37 ընտրատեղամասի “Բարգավաճ Հայաստան” կուսակցության վստահված անձ Գագիկ Սարգսյանը հավաստեց, որ ինքը առաջին ընտրողներից է, եւ իր անձնագրի կնիքն արդեն ջնջվել է, որը համարում է ընտրախախտում: “Խումբ-խումբ են մարդիկ գալիս ընտրության, որով ուզում են ցույց տալ, որ հավատարիմ են ու կարողացել են հարցեր լուծել”,-ավելացրեց ԲՀԿ վստահված անձ Գագիկ Սարգսյանը:
“Թիվ 29/3 ընտրատեղամասում միջադեպեր չեն գրանցվել: Ընտրատեղամասում ընտրությունը հանգիստ է ընթանում”,-նշեց ընտրատեղամասի նախագահ Վաղինակ Եղշատյանը: 29/09 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: “Առաջին հերթին մենք ուզում ենք, որ ընտրությունները մեր քաղաքում կազմակերպվեն թափանցիկ, շատ արդարացի եւ անկողմնակալ, ժողովուրդը պետք է իր ճակատագիրը ճիշտ ընտրի: Յուրաքանչյուրը պետք է մեծ պատասխանատվությամբ իր պարտքը կատարի”,-նշեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: