ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ` մատնանշելով այն պրոբլեմները, որոնք առաջանալու են: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Բայց մեր իրականության մեջ միշտ հասնում է վերջին օրը, վերջին սահմանը, կա՛մ գիտակցելով, կա՛մ ուղղորդելով` սկսում են դժգոհել, բողոքել»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով` հարկի նվազեցումը 3,5 տոկոսից 1 տոկոս, ակնհայտորեն դրական քայլ է, սակայն դրան զուգահեռ ստեղծվում են լծակներ, որոնք բացասական հետևանքներ են առաջ բերում ՓՄՁ-ների համար: «Դրականի ու բացասականի խառնուրդը միշտ բացասական է տալիս: Մեզ համար էն գլխից պարզ էր, որ եթե փոքր և միջին բիզնեսը մինչև վերջ փաստաթղթավորվի, ապա նրանց մեծ մասը, ես չեմ բացառում, որ 70 տոկոսը, անցնելու են 58 միլիոնի շեմը, ահա՝ ինչու առաջարկում էինք շեմը բարձրացնել մինչև 150 միլիոն դրամ:
Ստուգումների այնպիսի մեխանիզմ, որ դրված է այս օրենքի մեջ, գլխացավանք է առաջացնելու ՓՄՁ-ների համար: Մեր կառավարությունը քանի որ չի ուզում ակնհայտորեն սխալ արած բանը զիջել ու գտնել օպտիմալ լուծում, որի առաջարկները արվել են նաև մեր կողմից, ասում է, թե չի ստուգի: Բա եթե չես ստուգելու, օրենքն ասում է, պիտի ստուգես, որ փաստաթղթավորվի, ու բյուջե մուտքեր գան: Օրենքն ասում է՝ պիտի ստուգես, բայց բանավոր որոշմամբ ասում ես, որ չես ստուգի: Այս միջանկյալ լուծումները կամ «ես ուժեղ եմ, ես չեմ զիջի»-ն ոչ մի լավ բանի չեն բերելու»,- ընդգծեց Վարդանյանը: