Լուժկովի կնոջ ունեցվածքն առգրավվում է պետական կարիքների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի իշխանությունները մտադիր են պետական կարիքների համար անշարժ գույքի երկու օբյեկտ առգրավել: Ինչպես նշվում է մայրաքաղաքի պաշտոնական կայքում, դրանց սեփականատիրոջը կտրվի փոխհատուցում:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, այդ օբյեկտները պատկանում են մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ՝ Ելենա Բատուրինայի սեփականությունը հանդիսացող Reno Immobilienhandels GmbH ընկերությանը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրությամբ այդ երկու ոչ բնակելի շինությունները կառգրավվեն՝ հետագայում մետրոյի «Տերեխովո» կայանի շինարարության նպատակով:

Փաստաթղթում նշվում է, որ սեփականատերը կստանա փոխհատուցում, սակայն դրա չապերը չեն հստակեցվում:

Բատուրինայի մամլո ծառայությունից հայտնել են, որ գործարար կինը համաձայն է հրաժարվել ունեցվածքից՝ պետական կարիքների համար և համապատասխան փոխհատուցման տրամադրման պայմաններում: Սակայն նա կարող է վիճարկել այդ գործողությունը, եթե պարզվի, որ իր անշարժ գույքի առգրավումը կատարվել է ոչ թե պետական կարիքների, այլ քողարկված ձևով՝ երրորդ անձանց կոմերցիոն ծրագրերի իրականացման համար:

Նախկինում հաղորդվել էր, որ Բատուրինան այդ շինությունների օգտագործմամբ նախատեսում էր հանգստի գոտի, կրթական կենտրոն և գոլֆ-հրապարակ ստեղծել:




Լրահոս