Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ 2014-ի հիմնական հավակնորդներն են ԱՄՆ-ի ազգային անվտանգության բյուրոյի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այդ մասին հայտնել են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով նորվեգացի փորձագետներին:
Օսլոյի Խաղաղության հետազոտական ինստիտուտի ղեկավար Քրիստին Բերգ Հարպվիկենի կանխատեսումներով՝ երեք հավակնորդներից առաջին տեղում է Հռոմի պապը: Նա նշել է, որ սրբազանն ուշադրություն է հրավիրում աղքատների ճակատագրին և նյութական արժեքների վերաբախշմանը:
Ամերիկյան հատուկ ծառայությունների գործունությունը մերկացնող Սնոուդենը երկրորդ տեղում է: Նրա շանսերն այդքան մեծ չեն, քանի որ, փորձագետի խոսքով, շատերը նրան դավաճան և հանցագործ են համարում:
Եզրափակիչ տեղը զբաղեցնում է 17-ամյա պակիստանցի Յուսուֆզայը, ով իր երկրում պայքարում է կանանց իրավունքների համար: Այդ պատճառով 2012-ին նրա դեմ մահափորձ է կատարվել:
Ընդանրապես, խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թիվն այս տարի հասել է ռեկորդային թվի և ներառում է 278 մարդ և կազմակերպություն: Նոբելյան կոմիտեն դափնեկրի անունը կհայտարարի հոկտեմբերի 10-ին: