ՀՀ թիվ 29/36 ընտրատեղամասում գրանցված ընտրախախտումների մասին armlur.am-ին տեղեկություններ հաղորդեց պատգամավորության թեկնածու Վահագն Մարտիրոսյանի (ՀՀՇ, ինքնաառաջադրում) վստահված անձ Ալեքսանդր Ալեքյանը: Վերջինս ասաց, որ մարդկանց նկատելի կերպով ուղղորդում են: Ընտրատեղամասում՝ սրահի աջակողմյան դռան մոտ, նկատելով կուտակումներ՝ Ա. Ալեքյանը մոտեցել է և պարզել, որ ընտրողներին տալիս են թերթիկներ, որոնց վրա ընտրացուցակի կոնկրետ համարի դիմաց հատուկ նշում կա: 29/36 ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից Ա. Ալեքյանին բացատրություն է տրվել, որ դա արվում է “գործը հեշտացնելու նպատակով”: Իսկ վստահված անձը մեկնաբանում է. “Դա պլանային առաջադրանք է՝ տրված Սերժ Սարգսյանի կողմից, համաձայն որի՝ յուրաքանչյուր գյուղապետ պիտի ապահովի 700-ական ձայն իր համայնքում: Համայնքներում տիրում է վախի մթնոլորտ, բնակիչներն ահաբեկված են”:
Ա. Ալեքյանը տեղեկացրեց նաև, որ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները չեն աշխատում: 29/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արարատ Կոստումյանն այդ հարցի շուրջ ասել է, որ “դրանք իրենց չեն արդարացնում”: 29/37 ընտրատեղամասից Վահագն Մարտիրոսյանի վստահված անձ Ալբերտ Ղևոնդյանը նշեց, որ նույն սցենարն է նաև իրենց տեղամասում: