Ասում են՝ երբեք մի ասա երբեք, բայց մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Միշտ էլ փորձել են Դաշնակցության շուրջ պատմություններ հյուսել, մի կողմից մի բան ասել, մեկ այլ կողմից՝ այլ բան, այս բոլորը նոպաների նման միշտ կրկնվում է, մենք հանգիստ-խաղաղ մեր գործին ենք, այս հարցում որևէ պրոբլեմ չկա. միշտ փորձել են ուղղորդել Դաշնակցությանը, բայց ոչինչ չի ստացվել»,- ասաց նա:
Հարցին, թե այդուհանդերձ, հաշվի առնելով հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կասեցման հարցն օրակարգ մտնելը՝ արդյոք իշխանությունից առաջարկ լինելու դեպքում, իրենք կգնա՞ն զիջումների՝ Վարդանյանը պատասխանեց.
«Բազմիցս ասել ենք՝ մեր օրակարգում չկա կոալիցիայի հարց։ Իմիջիայլոց, եթե ֆորմալ չնայենք, այժմ լավ էլ կոալիցիա է գործում, ՀՀԿ-ն իր մեջ առնվազն վեց կուսակցություն ունի, տարբեր կուսակցություններ, և այդ վեց կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու բացարձակ ցանկություն չունենք։ Իհարկե, երբեք մի ասա երբեք, բայց մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա»: