Ամիսներ առաջ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, վճռեց 38-ամյա Արսեն Առաքելյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, և հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ Ռ. Դավթյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվեց ամբողջությամբ։ Արսեն Առաքելյանից, հօգուտ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուբեն Դավթյանի, բռնագանձվելու է 1 մլն 500 հազար դրամ` որպես Լ. Դավթյանի հուղարկավորության, և դրա հետ կապված այլ ծախսերի` վնասի հատուցման գումար։
Արսեն Առաքելյանի նկատմամբ նշանակվել է նյարդահոգեբույժի հսկողություն, թեպետ, ինչպես ավելի վաղ հավաստիացնում էին սպանվածի հարազատները, մասնավորապես հայրը` Ռուբեն Դավթյանը, Արսենն անմեղսունակ չէ, երբևէ չի խմել և ինքնակամ ոստիկանություն չի ներկայացել:
Այսպիսով՝ դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Արսեն Առաքելյանը 2013թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, իր եղբայր Արտակ Առաքելյանի Մուսալեռ գյուղում գտնվող տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջը` Լուսինե Դավթյանին սպանելու համար խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել է:
Իր նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կնոջը սպանած Արսենը ասել է, թե վերջին շրջանում կինն իրեն սկսել էր տարօրինակ պահել. տան հոգսերով չէր զբաղվում, երեխաներին բարձիթողի վիճակի էր մատնել, հողամասը չէր մշակում: Այս ամենն առիթ էր տվել ամուսնուն կասկածել կնոջ հավատարմությանը: Մի քանի անգամ կնոջը տեսել է անծանոթ մեքենայից իջնելիս, պարզաբանում է խնդրել, սակայն` ապարդյուն:
Իսկ այդ չարաբաստիկ օրը, երբ կնոջ հետ մտել են եղբոր բնակարանի ննջասենյակում զրուցելու, իր հետ նաև դանակ է վերցրել: Երբ կնոջը խնդրել է կրկին առաջվանը դառնալ, նվիրվել ընտանիքին, կինն ասել է` եթե շարունակի իրեն կասկածել, նա հաջորդ օրվանից իրեն իսկապես կսկսի դավաճանել: Այս պատասխանը զայրացրել է ամուսնուն, և նա դանակահարել է կնոջը, ապա` վախից փախել: Դանակահարության դրվագը նկատել է նրանց անչափահաս երեխան` 15-ամյա Սյուզին, ով տեսել է մորը արյան մեջ կորած և մահճակալին պառկած վիճակում: Ավելի ուշ երեխան դատարանում ասել է, թե իր մայրն ամենալավ կինն է եղել, և հոր համար խստագույն պատիժ է խնդրել: «Եթե սիրեր, չէր սպանի»,- ասել է մորը կորցրած երեխան:
Իսկ Արսենի եղբայրը` Արտակը, ասել է, թե Արսենն իր հետ միշտ խորհրդակցում էր, պատմում էր կատարվածը: Նա, գնահատելով սպանված կնոջը, ասել է, որ Լուսինեն պարկեշտ և համեստ կին է եղել, սակայն, եղբոր պատմածի համաձայն, Լուսինեի ծնողների միջամտության հետևանքով՝ նրանց ընտանիքում միշտ լարված վիճակ է տիրել:
«Լուսինեն վերջին շրջանում լեզվանի էր դարձել»,- պատմել է Արտակը:
Ավելի ուշ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի հետ զրույցում սպանվածի որդին` 5-ամյա Արմանը, ասել է. «Ես գիտեմ` մամային պապան ա սպանել, մեծանամ` ես էլ իրան եմ սպանելու»: