«Հայաստանում 1 միլիոն բնակիչ աղքատ է»,-Արարատում ընթացող «եռյակի» հանրահավաքի ժամանակ այսպես սկսեց իր խոսքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով ՓՄՁ-ների վիճակը:
«Մենք պետք է միասին լինենք, և կշտկենք այս իրավիճակը: Ես կոչ եմ անում հոկտեմբերի 10-ին գալ մեր հիմնական հանրահավաքին: Դուք գտնո՞ւմ եք, որ մեր երկրին պետք են փոփոխություններ, ուրեմն՝ գնում ենք առաջ»,- ընդգծեց նա:
Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ այսօր մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, իրենց իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ բռնում են արտագաղթի ճանապարհը:
«Շուրջ երկու տարվա կտրվածքով՝ չի եղել մի քառօրյա, որ ԱԺ-ի մոտ հասարակությունն այս կամ այն օրենքի վերաբերյալ իր դժգոհությունը չհայտնի: Մենք այսօր միասնականորեն ամենամեծ խնդրի օրակարգը պետք է ձևավորենք: Դա հնարավոր է անել միայն միասնությամբ»,- ընդգծեց Էնֆիաջյանը:
Ազգային ժողովի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան էլ իր ելույթում հիշեցրեց «սառը ցնցուղների» մասին հայտարարությունը, և նշեց, որ ավելի լավ կլիներ՝ այսօր այդ «սառը ցնցուղները» կիրառվեին, քան թե Արարատի քաղաքապետը թաքնվեր երեխաների հետևում, և ավելի լավ կլիներ՝ քաղաքապետը գնար այդ հրապարակում պարեր:
«Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի կարող երաշխավորել, որ հակառակորդը Երասխ չի հասնի: Ուրեմն գնա՛, մենք կարող ենք մեր քաղաքացիների հետ միասին այդ անվտանգությունը երաշխավորել, որովհետև նրանք կռվեցին պատերազմի ժամանակ: Սա անթույլատրելի է մեր համար, էական չէ, թե ով կգա իշխանության, այլ թե ինչպես կգա: Մեր նպատակը մեկն է՝ թողե՛ք հանգիստ, գնացե՛ք: Մեր երկրում խնդիրների լուծման հնարավոր է հասնել իրականացնելով ամբողջական իշխանափոխություն»,- հայտարարեց Մարտիրոսյանը:
Ընդգծենք, որ հանրահավաքի ժամանակ մի քանի կանայք մշտապես խանգարում են ելույթներն ու ընդդիմադիրներին կոչ անում հեռանալ: