Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և Գերմանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. .«Հոկտեմբերի 3-ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը` Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը: Այս առիթով հիշատակման է արժանի նաև մեկ այլ պատմական իրադարձություն` Բեռլինի պատի փլուզումը, որի 25-ամյա հոբելյանը նշվելու է այս տարի` նոյեմբերի 9-ին:
Հարգելի բարեկամներ, թե՛ բեռլինյան պատի փլուզումը, և թե՛ Գերմանիայի վերամիավորումն այն պատմական իրադարձություններն են, որոնք նշանավորեցին երկաթյա վարագույրի անկումը` կանխորոշելով եվրոպական մայրցամաքի հետագա զարգացումը և իրենց ազդեցությունը թողնելով համաշխարհային գործընթացների վրա:
Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում նաև` Արևելյան գործընկերության շրջանակներում:
Գոհունակությամբ եմ նշում, որ անկախ Հայաստանի և վերամիավորված Գերմանիայի միջև հարաբերությունները, որոնք շուրջ 22 տարվա պատմություն ունեն, անցած ժամանակահատվածում անշեղորեն զարգացել և ամրապնդվել են` ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Սերտ համագործակցություն է ծավալվել մշակութային, գիտակրթական, հումանիտար, ռազմաքաղաքական բնագավառներում: Մենք հանձնառու ենք է՛լ ավելի խթանելու երկկողմ առևտրատնտեսական կապերը:
Մեր համագործակցության շրջանակներում մեծապես կարևորում եմ Գերմանիայի կառավարության օժանդակությամբ շուրջ երկուսուկես տասնամյակ Հայաստանում իրականացվող տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերը:
Հարգելի ներկաներ,
Հայ-գերմանական հարաբերությունների սերտացման գործում իր ծանրակշիռ դերն ունի նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, պարոն դեսպան, և դեսպանության ողջ անձնակազմին երկկողմ միջպետական հարաբերությունների հետևողական զարգացման և մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Համոզված եմ, որ հայ-գերմանական սերտ փոխգործակցությունը հետագայում ևս կզարգանա փոխըմբռնման և բարեկամության ոգով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Եզրափակելով խոսքս` մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի ազգային տոնի կապակցությամբ և մաղթում բազում հաջողություններ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց»: