Նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը` լինեն այդ ընտրությունները հերթական, թե արտահերթ: Նշել էինք նաեւ, որ Ծառուկյանն անգամ հանդիպել է «Ազատամարտի նվիրյալներ» եւ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ների կորիզի ներկայացուցիչների հետ ու կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն արել: Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ անգամ հետ չի կանգնի: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք ՀՀԿ-ում մտահոգված չեն ԲՀԿ-ի ակտիվությունից ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ` նախագահ առաջադրվելու մտադրությունից:
-Պարո՛ն Մելիքյան, տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ` տեղեկացնելով առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին: ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում նման հնարավորությանը, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ի վերջո դեմ դուրս կգա ՀՀԿ-ին:
-Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել. բոլոր նրանք, ովքեր նման նպատակներ են հետապնդում, պետք է իմանան` առանց Հանրապետական կուսակցության որոշման որեւիցե մեկը չի կարող դառնալ Հանրապետության նախագահ: Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման եւ պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ:
-Այդուամենայնիվ, կարծես թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանգամայն վստահ է իր ուժերի վրա, առավել եւս, որ այսօրվա քաղաքական դաշտի մեծամասնությունը համախմբված է նրա շուրջ: Չե՞ք կարծում, որ այս դեպքում առանց հանրապետականների որոշման եւ պաշտպանության էլ Գ. Ծառուկյանը կարող է իր համար ցանկալի արդյունքի հասնել:
-Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի, բայց կրկնեմ՝ ով ցանկանում է դառնալ Հանրապետության նախագահ, պետք է իմանա, որ այդ ճանապարհն անցնում է Մելիք -Ադամյան փողոցով:
-Մի՞թե կհերքեք, որ ԲՀԿ-ի` եռյակի շրջանակներում սկսած «փողոցային» պայքարը՝ մարզային այցելություններն ու սպասվելիք հանրահավաքը, իշխանություններին մտահոգում է: Հատկապես, որ այդ ընթացքում նրանք հանդես են գալիս շատ կտրուկ հայտարարություններով :
-Դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են: Այսօր ամեն մեկը իր ցանկալի տեղեկությունն է տարածում, որը որեւէ կապ չի կարող ունենալ իրականության հետ: Հանրապետական կուսակցությունն այդ առումով մտահոգություն չունի:
-ԲՀԿ-ն այն քաղաքական ուժերից մեկն է, որը դեմ է արտահայտվում Սահմանադրական բարեփոխումներին: Չե՞ք կարծում, որ նաեւ այս հարցի հետ կապված ԲՀԿ առաջնորդին կհաջողվի իր շուրջը հավաքել ժողովրդին ու արդյունքի հասնել:
-Ես կարծում եմ, որ Սահմանդրական բարեփոխումները կամ դրանք չիրականացնելը որեւէ մեկին հնարավորություն չի տալիս առանց Հանրապետական կուսակցության դառնալ Հանրապետության նախագահ: Ես նաեւ չեմ հասկանում այն քաղաքական ուժերին, ովքեր դեմ են արտահայտվում մի բանի, որը մինչեւ այսօր չկա: Չկա հայեցակարգը, որին քաղաքական ուժերը կողմ կամ դեմ կարտահայտվեն, ուստի կարծում եմ՝ օդում խոսելն անիմաստ է: Խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի, անլուրջ է:
-Տեսակետ կա, որ հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքը իշխանություններին տագնապի մեջ է գցել, այն աստիճան, որ արդեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նյարդերն են սկսել «տեղի» տալ: Եթե ՀՀԿ-ն այդքան վստահ է իր ուժերին, ո՞րն է նման տագնապի պատճառը:
-Նման բան իրականում գոյություն չունի, իշխանություններն ահաբեկված չեն: Սա հերթական հանրահավաքն է, ու այդտեղ որեւէ արտառոց բան չկա: Քաղաքական Քառյակը (կամ եռյակը, չգիտեմ՝ այդ օրը ինչպես կլինի, քանի որ այդ ուժերն ամեն օր փոփոխվում են) մինչեւ այսօր որեւէ հստակ հայտարարությամբ հանդես չի եկել ու չեմ կարծում, որ այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ինչ-որ ահաբեկության կամ, ձեր ասած, տագնապի մեջ հայտնվել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ