Դոնոր Ռուբոյի մտքի «փայլատակումները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երդվյալ ազատամարտիկների միության (ԵԱՄ) նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը իրենց հիմնադիր համագումարում մի այնպիսի ելույթի տեքստ էր կարդացել, որ լսողը փշաքաղվում էր: Արնածոր եւ արնաշաղախ այդ տեքստը վերստին հիշեցրեց նրա չտարածված, բայց դիպուկ մականունը՝ Դոնոր Ռուբո: Հավանաբար, նա մինչեւ օրս հպարտանում է, որ մամուլում տպագրվել է իր ելույթը, առանց դիպչելու դասականի քերականական սխալներին եւ մտքի «ծաղիկներին»:

Երգիծաբանի համար ֆելետիոնի ավելի լավ նյութ, քան պատգամավոր Գեւորգյանի ելույթներն են, ուղղակի դժվար է գտնել: Հիմնավորելով ԵԱՄ ստեղծելու անհրաժեշտությունը՝ Դոնոր Ռուբոն հայտարարում էր, որ «այսօրվա թշնամին իշխանությունների ծնած հիվանդ հասարակությունն է, որի մեջ մոլեգնում է ժողովրդի ոտնահարված արժանապատվությունը, երկրում տիրող սոցիալական ծանր վիճակը եւ նրանց մեջ արդեն իսկ բուն դրած ապագայի հանդեպ կորցրած հավատի սարսափը»: Մտքի ինչպիսի խորքեր…Էքզտիստենցիալիզմ, սյուրռեալիզմ… ասենք՝ ինչու ոչ՝ դոնորռուբոյիզմ:

Անասելի ուրախությամբ կարդում ես բանական մի միտք՝ «…պատերազմում անմիջական մասնակցություն ունեցած մեր ազատամարտիկների ընտանիքներն այսօր գտնվում են սոցիալական ծանր կացության մեջ, այնինչ նրանք այսօր իրենց իսկ հաղթանակած երկրում պետք է ապրեին հպարտ ու արժանավայել»: Սպասում ես, որ դրան կհետեւեն ինքնախարազանումը եւ խոստովանությունը, քանզի դրանում նաեւ իր մեղքի բաժինը կա: Ի վերջո` Ռուբոն իրականում կապ չի ունեցել պատերազմի հետ, եւ նրա «վրայից դեռ վառոդի հոտն է գալիս» այն պարզ պատճառով, որ նա սովորական մարդասպան է, ինչի համար բանտում երկար տարիներ է անցկացրել: Իսկ պատերազմից հետո էլ կատաղի հարստացել է` բոլորին հայտնի եղանակներով:

Առանձին հետազոտության թեմա կարող է լինել ելույթում հնչեցված արյունաբանության տեսությունը. Դոնոր Ռուբոն գերմանացի դասական փիլիսոփա Ֆիխտեի օրինակով ազգային ինքնության եւ արժանապատվության հիմնադրույթներն է զարգացնում՝ տառասխալներով «… հայրենի հողը արյուն է, հողի տերը արյան տերերն են, Երկրի շունչն է արյունը եւ նրա կենդանությունը, եթե պետությունը չգնահատի այդ ամենաթանկարժեքը, ապա նա վերջնականապես դուրս կգա իր զորության ուղուց»:

Արյունաբանության համատեքստում մեր «երկիրը հետ է ընկել միջազգային արժեքներ դառնալու փորձից», բայց «ամեն պարագայում էլ արյամբ ընդգծված սահման ունեցող հայրենի երկիրը» դեռ կարելի է փրկել, քանի որ կան Դոնորի նման «հավիտենական անկոտրումներ»: Նրա մեկ այլ բնորոշմամբ՝ «երկրի ճակատագրականներով համալրված»՝ Երդվյալ ազատամարտիկները, չլինելով քաղաքական կառույց, «կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր …հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով եւ ծրագրով եւ որով էլ հնարավոր կդարձնեն պաշտպանված, բարեկեցիկ եւ բարգավաճ երկրի կառուցումը»: Զարմացանք ու չզարմացանք, որ «բարգավաճ» բառը ճիշտ էր գրել: Դե, իհարկե, այս մասով դասերը լավ է սովորել:

Նրա ելույթի տեքստը վերծանելուն զուգահեռ՝ մի քանի հետաքրքիր դրվագներ հիշեցինք: «Անկոտրում ճակատագրական» կերտող դոնոր Ռուբոն արցախյան պատերազմի ամենաթեժ տարիներին իր «ամենաթանկարժեք» կյանքը վտանգից զերծ պահելու 100 արդար եղանակների էր տիրապետում: Այսպես՝ նա մի քանի ամիս պառկեց Հանրապետական հիվանդանոցում՝ բուժվելով հույժ մահացու եւ օրհասական ալերգիայի դեմ:

Իսկ ահա 1995 թ. կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռ. Գեւորգյանը երջանկահիշատակ Էդուարդ Եգորյանի մրցակիցն էր եւ աջ ու ձախ դժգոհում էր, թե՝ «էս ով են, արա, պլակատ-մլակատ են բերել դեմս, ես ութը տարի զոն եմ նայել, էս ոնց են պայքարում իմ հետ»:

Նրա «ազգային-ազատագրական-հոգեւոր-կրոնական» կենսագրության պանծալի էջերից մեկը կգրվեր այն տարիներին, երբ Ալբերտ Բազեյանը Երեւանի քաղաքապետն էր: Թե ինչու` հիշեցնենք, կամ տեղեկացնենք անտեղյակներին. Դոնորը Դավիթաշենում իր հովանավորությամբ կառուցված եկեղեցին սեփականաշնորհելու դիմում էր գրել, եւ Բազեյանը մոտակա քարը Դոնորի գլխովն էր տվել՝ նման հանդգնության համար:

Հայկական արյունաբանության մտքի գիգանտ Դոնորը տարիների ընթացքում ինքն իրեն այնքան է նույնացրել իր զոհված եղբայր Սամվել Գեւորգյանի հետ, որ, երեւի, երբեմն ինքն իր նկարի առաջ խունկ է ծխում, ինքն իր «մարտական սխրանքների» մասին հուշեր պատմում: Առանց որեւէ կատակի նշույլի՝ Դոնոր-Ծաղիկը արցախյան պատերազմի հետ ունի ճիշտ նույնքան առնչություն, որքան պատերազմի տարիներին հոգով անարիները, որ թաքնվում ու խուսափում էին զենք վերցնելուց: Պատերազմի մասնակից որեւէ մեկը չի կարող վկայակոչել, թե Ռուբեն Գեւորգյանը կռվել է, մասնակցել որեւէ մարտական գործողության:

Այժմ, սակայն, նա անասելի ոգեւորված է. հավանաբար արժանացել է իր սիրելի «վոինի» կամ նրա տեղապահի ուշադրությանը եւ լիցքավորված անցել գործի:
Եթե Երդվյալ ազատամարտիկների միության «պրոյեկտը» տապալվի (իսկ կտապալվի անկասկած, ինչպես ԵԿՄ-ին զուգահեռ բոլոր արհեստածին կառույցները), Արնածաղիկը մխիթարվելու համար կրկին կանցնի պոեզիային՝ ՀԳՄ պատվավոր անդամի տոմսը կրելու շրջանակներում (որից ունեն մի քանի առանձնակի հարուստ ու առանձնակի գրամոլները եւ, կարծեմ, Աբդուլա Օջալանը):

Մարգարիտ Սարգսյան
Բելգիա




Լրահոս