Աշակերտները վախենում են փլատակների տակ մնալուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Բերդաշեն համայնքի դպրոցում սովորող 50 աշակերտների կեսից ավելին դպրոց չի հաճախում: Պատճառը վախն է. դպրոցի շենքն ուր որ է կփլուզվի, երեխաներն էլ կմնան փլատակների տակ: Շենքը շահագործման է հանձնվել 1964 թվականին եւ երբեք չի վերանորոգվել: Երկրաշարժից դպրոցի հիմքն ամբողջությամբ խարխլվել է, պատերը շարժվում են, քարերը՝ ընկնում: Ուսուցիչները դժգոհում են. աշակերտները դասի չեն գալիս, բայց մյուս կողմից էլ հասկանում են ծնողների մտահոգությունը. երեխայի կյանքն է վտանգվում:

Դպրոցում վառարանները հոկտեմբերից տեղադրվում են, քանի որ փլուզված պատերից եւ կոտրված պատուհաններից ցուրտն անընդհատ սողոսկում է: Մանկավարժներն ու աշակերտները մեզ հետ զրույցում նշեցին, որ խոնավ ու ցուրտ դպրոց հաճախելուց պարբերաբար առողջական խնդիրներ են ունենում: Ներսում սանհանգույց էլ չկա, երեխաներն օգտվում են դրսում կառուցված փայտաշեն զուգարանից, իսկ փոքրիկների համար ձմռանն այնտեղ հասնելը հերոսություն է:

Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնում ուսուցիչների եւ ծնողների կողմից խնդիրը բազմիցս բարձրացվել է, սակայն պատասխանը, ինչպես միշտ, հուսադրող չէ: Ասում են` բյուջեի սղության պատճառով դպրոցն առաջիկա տարիներին վերանորոգել հնարավոր չէ, պետք է սպասել մինչև 2017թվականը, որպեսզի որևէ ծրագրի շրջանակներում կարողանան վերանորոգումն իրականացնել:
Ի դեպ՝ որոշված չէ անգամ դպրոցի վթարայնության աստիճանը, բայց որ շենքն ամեն օր մաս-մաս փլուզվում է, հստակ տեսանելի է:

Մանկավարժների եւ ծնողների խնդրանքը հիմա մեկն է. գոնե դպրոցը ժամանակավոր տեղափոխել այլ տարածք, օրինակ՝ գյուղապետարան, որտեղ ազատ սենյակներ շատ կան:

Արևիկ Հակոբյան




Լրահոս