Կարկուտից տուժած ճամբարակցիներին դեռ օգնություն չեն տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Չի բացառվում, որ առաջիկայում այստեղ բողոքի նոր ալիք հասունանա: Բանն այն է, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետեւանքով տուժած բնակիչներին դեռ չի տրվել համապատասխան օգնությունը:

Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն մարզպետարանը կարծես թե դեռ չի պատրաստվում բնակիչների համար շիֆրեր գնել: Մինչդեռ այս օրերին Ճամբարակում անձրևոտ եղանակ է:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ. «Տեղյակ չենք, թե երբ կտրամադրեն այդ շիֆրերը: Բայց այս օրերին անընդհատ անձրեւ է տեղում, ինչի արդյունքում մարդկանց տները ջրով է լցվում, եւ վնասում տան պատերը: Ամեն դեպքում, բնակիչները գիտեն, որ կառավարությունը գումար է հատկացրել եւ հույսով սպասում են այդ օգնությանը»:

«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից տեղեկանալ, թե երբ են պատրաստվում գնել շիֆրերը, սակայն մարզպետն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:




Լրահոս