Կիպրոսի լրատվամիջոցները հրապարակել են Էդգար Դեգայի՝ 6 մլն եվրո արժողությամբ հայտնի կտավը գողանալու մեջ կասկածվող ռուսաստանցու լուսանկարը: Նախօրեին կասկածյալի լուսանկարը հրապարակել էր ոստիկանությունը. տեղեկացնում է vesti.ru-ն:
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ որոնվում է 55-ամյա գործարար Սերգեյ Տյուլենևը: Ռուսաստանցու մասին տեղեկատվությունն ուղարկվել է Ինտերպոլ:
Գողությունից մի քանի օր առաջ Տյուլենևը, երկու կիպրոսցիների հոտ մեկտեղ, այցելել է 70-ամյա մի հարուստի, ով ցանկանում էր վաճառել իր հավաքածուի մի մասը: Հափշտակված կտավը կիպրոսցին չէր պատրաստվում վաճառել:
Գողությունը կատարվել է, երբ կտավի սեփականատերը գնացել է փաստաբանների հետ գործարքը կնքելու: Տեղի լրատվամիջոցները հանցագործությունը «դարի կողոպուտ» են անվանել, քանի որ նման արժողությամբ արվեստի գործ Կիպրոսում դեռ չէին գողացել:
Կիպրոսի իրավապահների կարծիքով՝ գողերը եկել էին կոնկրետ կտավի հետևից, քանի որ հավաքածուի տիրոջ բնակարանում ոչ պակաս արժեքավոր նկարներ կան:
Էդգար Դեգայի գողացված կտավը՝ «Կոշիկը ուղղող պարուհին», նկարվել է 1870-ին: Ինչպես պարզել է ոստիկանությունը, այն ապահովագրված է եղել տիրոջ կողմից, ինչը որոշ կասկածների տեղիք է տվել: Սակայն պարզվել է, որ կիպրոսցին ֆինանսական խնդիրներ է ունեցել՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ: Մինչ այդ նա ամսական 7 հազար եվրո ապահովագավճար է տվել: Նկարը նրան որպես ժառանգություն մնացել է տատիկից և մեծ արժեք է ներկայացրել իբրև ընտանեկան մասունք: