«Ինչ անում է, հեռուստատեսությունն է անում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, նույն ինքը՝ Լուլուն, մերօրյա հայկական երգարվեստի մասին բացասական կարծիք ունի: Հաղորդավարուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հայկական երգարվեստին Կոմիտասի նման մեկն է պետք, որպեսզի վերոնշյալ ոլորտում վիճակը կարգի գա:

-Մերօրյա հայկական շոու-բիզնեսին ի՞նչ որակում կտաք: Ինքներդ այնպիսի ոլորտում եք, որ պարբերաբար առնչություն եք ունենում թե՛ հայկական, այսպես ասած, «աստղերի», թե՛ առհասարակ երգարվեստի հետ:

-Ի՞նչ որակում պետք է տամ: Ահավոր վիճակ է: Համատարած արաբա-թուրքական մոտիվներով երաժշտություն է: Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, իհարկե, բայց մեծամասնության հետ ասածս ամենաուղիղ կապն ունի: Մեզ Կոմիտասի պես մեկն է հարկավոր, որպեսզի այս իրավիճակը շտկվի, այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ այս պահին մենք գտնվում ենք նախակոմիտասյան ժամանակներում: Միայն Կոմիտասն իր մաքրամաքուր երաժշտությամբ պարզապես նոր եւ հիմնավոր հորիզոն բացեց հայկական երաժշտության համար: Հիմա էլ է այդ վիճակը. մեզ եւս մեկ Կոմիտաս է հարկավոր, կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել՝ Կոմիտասի պես մեկը՝ այս խառնաշփոթն ու անճաշակությունը, ազգուրացությունը շտկելու համար:

-Տեղեկատվական միջոցների և հատկապես հեռուստատեսության դերը մեծ է իրական արվեստի տարածման գործում: Այսօրվա հեռուստատեսությունն իրականացնո՞ւմ է այդ առաքելությունը: Դուք միաժամանակ աշխատում եք «Կենտրոն» հեռուստաընկերությունում եւ ռադիո «Վան»-ում, ունեք հնարավորություն՝ տարածելու որակյալ երգ ու երաժշտություն: Ինչպե՞ս եք օգտագործում Ձեր այդ հնարավորությունը:

-Այսօրվա հեռուստատեսության «շնորհիվ» է մեր երգարվեստում այս վիճակը տիրում: Եթե հեռուստաընկերությունները կարողանան իրենց այդ առաքելությունը պատշաճ կերպով իրականացնել, շատ լավ կլինի: Օգտակար առաքելություն է, բայց ինչպես արդեն նշեցի` մենք բախվում ենք բոլորովին այլ իրականությանը: Ինքս մեր ռադիոկայանով աշխատում եմ այնպես անել, որ միայն որակյալ երաժշտություն հնչի: Այս սկզբունքով ենք առաջնորդվում. եթե չկա նոր որակյալ հայկական երաժշտություն, հինն ենք հնչեցնում եւ վերջ: Նույնն էլ հեռուստատեսության դեպքում է: Շատ ավելի լավ է ոչինչ չտարածել, քան տարածել անորակություն ու եղած անորակությունների շարքը համալրել:

-Նշում եք, որ համատարած անորակություն է տիրում, բայց նաեւ` առանձնացնում եք այն քչերին, ովքեր որակով երգ ու երաժշտություն են ներկայացնում ու տարածում: Ովքե՞ր են այդ քչերը:

-Չեմ կարող բոլորի մասին ասել, որ անորակ ու անճաշակ երգ ու երաժշտություն են տարածում, կան արժանավորները, չեմ ժխտում: Առանձնացնեմ մի քանիսին, չնայած բոլորին չէ, որ նշում եմ: Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը, Էմմին, Անդրեն, «The Beautified Project» խումբը եւ առհասարակ բոլոր ռոք խմբերը: Մեր երգարվեստի նշածս ներկայացուցիչները բավականին որակյալ երաժշտություն են տարածում:

-Շատերը հաճախ կոմերցիոն նկատառումներից ելնելով են անորակ երգ ու երաժշտություն մատուցում : Դա արդարացո՞ւմ է: Այսինքն՝ հանուն փողի կարելի՞ է իրական արվեստը ետին պլանում թողնել:

-Իհարկե ոչ: Բնականաբար չի արդարացվում: Արվեստը կոմպրոմիսներ չի սիրում եւ չի ընդունում: Որեւէ արդարացում չկա այդպիսի նկատառումներով աշխատողների համար: Հանուն փողի արվեստը չի կարող արվեստ կոչվել. այն նման է արհեստի:
-Բոլորովին վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ վաստակավոր արտիստի կոչումների արժանացան երգիչ Անդրեն եւ երգչուհիներ Անուշ եւ Ինգա Արշակյանները: Ձեր նշած արտիստներից երեքը արժանացել են վաստակավորի կոչման: Փաստորեն իրոք արժանի՞ էին:

-Համեմատած նախկինում վաստակավորի կոչումներ ստացածների, պետք է ասեմ, որ նրանք իրոք արժանի էին: Հատկապես ուրախ եմ Անուշ եւ Ինգա Արշակյանների համար: Նրանք արժանի էին եւ վաստակել էին այդ կոչումը ստանալու իրավունքը: Իսկ մնացածի ֆոնի ներքո Անդրեին վաստակավորի կոչում չտալը պարզապես սխալ կլիներ:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս