Իմունոգենետիկայի և փոխպատվաստման ոլորտի մասնագետները` Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Այս գիտաժողովը մեզ համար նշանակալի իրադարձություն է` հաշվի առնելով, որ Հայաստանում ավելի քան 15 տարի է, գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը»: Այն հաջողությունները, որ ձեռք են բերվել այս կազմակերպության մեր մասնագետների կողմից, հույս են ներշնչում, որ Հայաստանը երբևէ կդառնա տարածաշրջանային կենտրոն»,-բացման խոսքում նշեց նախարարը` գիտաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և արգասաբեր աշխատանք:
Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի (EFI) նախագահ, Ավստրիայից ժամանած Գաթֆրիդ Ֆիշերը կարևորեց նման գիտաժողովների անցկացումը` շեշտելով, որ մեծ է 1970 թվականից գործող ֆեդերացիայի ներդրումը իմունոգենետիկայի ոլորտի կենտրոններին ու մասնագետներին համախմբելու գործում:

Պարբերական ժողովների միջոցով կառույցը ձգտում է համագործակցություն հաստատել, հավատարմագրել եվրոպական ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաները և ստեղծել մասնագիտական, տեղեկատվական և փորձի փոխանակման ցանց:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ իմունոգենետիկայի և փոխպատվաստման ոլորտում Հայաստանը ակնառու հաջողություններ է գրանցել:
«Հենց այդ հաջողություններն են հիմք հանդիսացել Երևանում նման հավաքի կազմակերպման համար, որպեսզի ի մի բերվեն բոլորի ձեռքբերումները, քննարկվեն ծրագրերը»,-ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ոլորտում անցած մեծ ճանապարհը հնարավորություն է տալիս Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն:

Պատասխանելով լրագրողների հարցին` նախարարը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով արդիականացվում է։ 2016 թվականին այստեղ կստեղծվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին բաժանմունքը։

Միջոցառմանը մասնակցեցին իմունոգենետիկայի և փոխպատվաստման բնագավառի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից, ԱՄՆ-ից և տարածաշրջանից: Քննարկվեցին HLA անտիգեների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների/օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները: Մասնակիցները ստացան EACCME (European Accreditation Council for Continuing Medical Education Institution of the UEMS) կողմից հաստատված հավաստագիր:




Լրահոս