«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ որոշ մարզերում, հատկապես Արմավիրի մի շարք համայնքներում, դեղձի մթերման գինն այնքան է նվազել, որ գյուղացին ստիպված է բերքը 50 դրամով վաճառել մթերող ընկերություններին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 2516 տոննա դեղձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1341 տոննայի դիմաց: Բացի այս՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 161 300 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 108.718 տոննայի դիմաց: Նշենք, որ սեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 2772 տոննա դեղձ, նախորդ ողջ տարվա 978 տոննայի դիմաց:
Չնայած գյուղնախարարը մշատապես վստահեցնում է, որ գյուղացիները մթերման հետ կապված խնդիր չեն ունենալու, այնուամենայնիվ, գյուղացիները հերթական անգամ դժգոհում են մթերող ընկերությունների կողմից սահմանված գներից: Կոնկրետ դեղձի գների հետ կապված դժգոհում են Արմավիրի մարզի Լենուղի, Արաքս, Հացիկ, Խանջյան գյուղերի պտղագործները: Նրանց խոսքով՝ իրենք ողջ տարին քրտնաջան աշխատում են, որպեսզի մարեն կուտակած պարտքերը, սակայն գալիս է ժամանակը, եւ կանգնում են փաստի առաջ, քանի որ բերքի մթերման գինը չափազանց ցածր է :
Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանի խոսքով «Սպայկա» ընկերությունը այս համայնքից նույնպես դեղձ է մթերում, եւ ի տարբերություն մյուս մթերող ընկերութունների` ավելի թանկ գնով: Եղել են դեպքեր, որ 150, 200, 230 դրամով են մթերել, եւ բնականաբար՝ ավելի որակով դեղձ պահանջելով: «Իսկ, ահա, «Նոյան» ընկերությունը գյուղացիներից 50 դրամով մթերում է ցրտահարության, կարկուտի հետեւանքով վնասված դեղձը»,- ներկայացրեց գյուղապետը:
Ղազարյանի պնդմամբ՝ նախորդ տարի Լենուղիից դեղձը 40 դրամով է մթերվել, իսկ այս տարի մթերման գինը 10 դրամով ավելացել է: Խաղողը 145 դրամով է մթերվել, իսկ այս տարի 150 դրամ է:
«Ժողովուրդ»-ը «Նոյան» ընկերությունից հետաքրքրվեց, թե գյուղացիներին մթերման համար ինչպես են վճարում՝ կանխիկ, թե ապառիկ: «Մինչ օրս ընթացած մթերումների ժամանակ բոլոր գյուղացիներին վճարվել է տեղում՝ մթերքի հանձնման-ընդունման պահին, բանկային չեկերի միջոցով: Ընկերությունը վճարումները կատարում է ժամանակին եւ մթերման պարտքեր չունի, առավել եւս` դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարվելիք պարտավորություններ»,- պարզաբանեցին ընկերությունից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ