Թիվ 2-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ֆարմանյանը նախնական տվյալներով հավաքել է 20 000 ձայն` հաղթանակ տանելով ընտրություններում: Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր բոլոր աջակիցներին, համախոհներին ու ընկերներին, որ ընտրական երկար մարաթոնի ողջ ընթացքում կանգնել են իր կողքին և միասին են հաղթել:
“Շնորհակալություն եմ հայտնում մրցակցիս՝ Վ. Կարապետյանին և նրան աջակցող քույր կուսակցություններին՝ արժանի քաղաքական մրցակցության համար: Ցավում եմ, որ Վլադիմիրին չեմ տեսնի նոր խորհրդարանում:
Շնորհակալություն եմ հայտնում ինձ կողմ չքվեարկած բոլոր մասիվցիներին և խոստանում՝ 5 տարի շարունակ՝ 1826 օր աշխատել այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը ժամանակի հեռվից իրենց մայիսվեցյան ընտրությունը համարեն չհիմնավորված: Վերջապես, շնորհակալություն իմ ընտանիքին, որ ամիսներ շարունակ ընբռնումով մոտեցավ իմ գերզբաղվածությանը և ամեն կերպ սատար կանգնեց ինձ: Հ.Գ. Ինչպես և խոստացել էի, կընդունեմ մրցակցիս՝ Վ. Կարապետյանի հրավերը և մայիսի 19-ին կգնամ իրենց տուն՝ միասին դիտելու չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Չելսի-Բավարիա հանդիպումը, թեկուզև ուշացած, բայց բոլորին փոխանցելու պարզագույն մի ուղերձ՝ քաղաքական մրցակցությունը երբեք չպետք է բերի անձնական թշնամության և անհանդուրժողականության”,- նշել է Ֆարմանյանը: